«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2011-12-21 | #232, 2011-12-22 | #233, 2011-12-23


2012-ԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԿԿԱՏԱՐՎԵՆ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ

Խնայելով հայ գործարարների ժամանակն ու միջոցները

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման նպատակով Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) համատեղ ջանքերով անցնող տարվա ընթացքում հարկային բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանում որոշակի քայլեր իրականացվեցին:

Մինչ այդ, 2010-ի ապրիլ-հունիսին IFC -ի «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների եւ կանոնակարգման դաշտի պարզեցման» ծրագրի շրջանակներում իրականացվեց հարկային համապատասխանության արժեքի հետազոտությունը Հայաստանում, որի նպատակն էր պարզել, թե հայաստանյան տնտեսվարողը որքան ժամանակ եւ գումար է ծախսում հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվառում վարելու նպատակով:

Ըստ հետազոտության արդյունքների, առավել խնդրահարույց էր իրավիճակը հարկային ստուգումների ոլորտում: Մասնավորապես, 2009-ին ընկերությունների 44 տոկոսը եւ անհատ ձեռնարկատերերի 34 տոկոսը ենթարկվել էին տարբեր տեսակի հարկային ստուգումների: Այս գործընթացի բարելավման նպատակով արված հիմնական առաջարկությունն էր ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգին անցումը, ինչն իր հերթին կբարելավեր գործարար միջավայրը Հայաստանում:

Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, տնտեսվարողները ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման դասակարգվեցին 3 ռիսկային խմբերումՙ բարձր, միջին եւ ցածր: Ստուգում իրականացնող մարմինը բարձր ռիսկայնության խմբում կարող է ընդգրկել տնտեսվարող սուբյեկտների մինչեւ 20 տոկոսը, միջին խմբում` 30 տոկոսը, իսկ ցածր ռիսկայնության խմբում` 50 տոկոսը: Միաժամանակ, բարձր ռիսկային խմբում ընդգրկված հարկ վճարողները պետք է կազմեն տվյալ տարում ստուգման ենթակա հարկ վճարողների 70 տոկոսը:

Օրենքում կատարված փոփոխություններովՙ ստուգում իրականացնող պետական մարմինները պետք է հաստատեն ստուգումների տարեկան ծրագիրը մինչեւ ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը եւ տեղադրեն իրենց պաշտոնական ինտերնետային կայքում: Ստուգումների տարեկան ծրագրում փոփոխություններ կարող են կատարվել միայն Հայաստանի վարչապետի համաձայնությամբ: Մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ստուգում իրականացնող մարմնի ինտերնետային կայքում պարտադիր տեղադրվում է վերջինիս կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների եւ ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվություն, ներառելով տեղեկատվություն տնտեսվարողների մոտ անցկացված ստուգումների քանակի ու հիմքերի մասին:

Օրենքով սահմանվել է նաեւ, որ միեւնույն պետական մարմնի կողմից միեւնույն տնտեսվարող սուբյեկտում ստուգումները` կախված ռիսկայնության աստիճանից, կարող են իրականացվելՙ բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին մեկ անգամ, միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին մեկ անգամ, ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին մեկ անգամ:

Արդեն ըստ ռիսկայնության գնահատվել եւ հրապարակվել են այն հարկ վճարողները, որտեղ նախատեսվում է ստուգում անցկացնել 2012-ին: Նույն որոշմամբ ամրագրվել են նաեւ այն սկզբունքները, որոնք կիրառվելու են ռիսկային չափանիշների ընտրության ժամանակ: Այսինքն, յուրաքանչյուր խումբ հարկ վճարողների ռիսկայնության աստիճանի գնահատման նպատակով չափանիշները կտարբերակվեն եւ կկիրառվեն տվյալ խմբին բնորոշ չափանիշներ: Այսպիսով, ռիսկի վրա հիմնված հարկային ստուգումների պարագայում կխնայվեն հայ գործարարների ժամանակն ու միջոցները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4