«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2011-12-21 | #232, 2011-12-22 | #233, 2011-12-23


ՈՉ ԹԵ ԳՈՎԱԶԴԻ, ԱՅԼՙ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Անի Ավետիսյանը, որը սովորում է Գյումրիի պետական տնտեսագիտական համալսարանում, մեկն է 15 ուսանողներից, որոնք երեկ ստացան նոութբուք համակարգիչներ: Աննան ասում է` մինչ նվերը ստանալը համակարգիչ չի ունեցել, իսկ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխամասային գրասենյակում անցկացված վիճակահանությունից հետո նա դարձավ այն ուսանողներից մեկը, որը համակարգչի հետ ստացավ նաեւ «ՄՏՍ կոնեկտ» մոդեմ, որով 6 ամիս անվճար կարող է օգտվել ինտերնետից:

Երեւանի ու մարզերի տարբեր համալսարանների 50 ուսանողներ եկել էին «Վիվասել-ՄՏՍ»-ի գրասենյակ: Ընկերությունը հրավիրել էր նրանց տեղեկացնելու` «Վիվասել-ՄՏՍ»-ը վճարելու է նրանց ուսման վարձերը:

«Կրթական հիմնադրամ» ծրագրի շրջանակներում մինչեւ ուսման ավարտը ընկերությունն ամբողջությամբ կվճարի Հայաստանի 20 բուհի 200 ուսանողի ուսման վարձը: Ծրագրում ընդգրկված են ծնողազուրկ, հաշմանդամ ծնողներ ունեցող եւ սոցիալապես անապահով ընտանիքներում բնակվող առաջին ու երկրորդ կուրսի ուսանողները: 150 հոգին ընտրվել են անցյալ տարի, 50-ը` այս տարի:

«Ոչ թե մրցակցության կամ ընկերությունը գովազդելու, այլ այն բանի համար, որ սիրում ենք մեր ուսանողներին», Ռալֆ Յիրիկյանն այսպես է բացատրում իրենց օժանդակության գաղափարը: Եվ դիմելով ուսանողներին` ավելացնում. «Մեզ համար կարեւորը դուք եք, ոչ թե համալսարանը: Հենց դրա համար էլ ուզում ենք ազատել ձեզ վարձի մտահոգությունից»:

«Վիվասել-ՄՏՍ»-ն աջակցում է տարբեր ոլորտների ծրագրերի, այդ թվում եւ կրթական: Հնարավո՞ր է` հետագայում մյուս ոլորտների շարքում առաջնայինն ու ընկերության նախապատվությունը դառնա կրթականը:

Պատասխանելով «Ազգի» հարցին` Ռալֆ Յիրիկյանը նշում է. «2011-ին կրթական ոլորտն արդեն իսկ դարձել է կարեւոր ուղղություն ընկերության համար: Եվ հաջորդ տարի ականատես ենք լինելու նոր ծրագրերի, որոնք իրականացվելու են կրթական ոլորտում»:

Ներկա 50 ուսանողի անունների մեջ անցկացվեց նաեւ վիճակահանություն, եւ 15 հոգի ստացան մեկական համակարգիչ եւ մոդեմներ: Իսկ վերջում պարոն Յիրիկյանն ուսանողներին հիշեցրեց իրենց նախապայմանը` ուսանողները պետք է լավ սովորեն ու հաջող ավարտեն ուսումնական տարին: Եթե վատ սովորեն, «Վիվասել-ՄՏՍ»ը կդադարեցնի աջակցությունը եւ ծրագրում կընդգրկի ուրիշ ուսանողի:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4