«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2011-12-22 | #233, 2011-12-23 | #234, 2011-12-24


ՄԱՀԱՑԵԼ Է ՆՈՐԱՅՐ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

Ծանր հիվանդությունից հետո, երեկ 76 տարեկանում մահացել է նախկինում ճանաչված ըմբիշ, ըմբշամարտից հայաստանցի աշխարհի առաջին չեմպիոն եւ գավաթակիր Նորայր Թագվորի Մուշեղյանը:

Նա իր գիտակցական ողջ կյանքում կապված է եղել սպորտի, մասնավորապես սիրած մարզաձեւիՙ ըմբշամարտի հետ: Նորայր Մուշեղյանը բազում հաղթանակներ է տարել միջազգային մի շարք մրցաշարերումՙ արժանանալով մեդալների, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը: 1961-ին նրա պատվին հիմնադրվեց ըմբշամարտի մասնագիտացված հանրապետական մարզադպրոցը, որը երկար տարիներ հաջողությամբ ղեկավարեց նախկինում անվանի ըմբիշը: Տարիների ընթացքում մարզադպրոցում հազարավոր պատանիներ են յուրացրել ըմբշամարտի գաղտնիքները, իսկ նրանցից լավագույնները միջազգային ճանաչման են հասել իրենց հաջող մրցելույթներով ու նվաճումներով:

Հայկական սպորտում ունեցած մեծ ավանդի համար Նորայր Մուշեղյանին շնորհվել են վաստակավոր մարզչի, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումներ: Ժամանակին նա եղել է ԽՍՀՄ-ի եւ Աֆղանստանի հավաքականների ավագ մարզիչը: Արժանացել է ԽՍՀՄ «Աշխատանքային կարմիր դրոշի», «Ժողովուրդների բարեկամության» շքանշանների եւ բազմաթիվ այլ պարգեւների:

Նորայր Մուշեղյանը նաեւ հայրենասիրական գործունեություն է ծավալելՙ 1987-ին հիմնելով «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միությունը: Զորավարի ծննդյան տարեդարձներին, գրեթե ամեն տարի, Նորայր Մուշեղյանը «Ազգ»-ի էջերում հանդես էր գալիս հոդվածներով, հայթայթում ազգային հերոսի լուսանկարներ:

Նորայր Մուշեղյանի մահվան առթիվ ցավակցական ուղերձ է հղել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որում մասնավորապես նշված է. «Սրտի ցավով տեղեկացա Նորայր Մուշեղյանի մահվան մասին: Բայց միեւնույն է, նա ինձ համար անմահ է, քանզի նրա անունը ոսկե տառերով է գրված հայրենական սպորտի պատմագրքում: Նրա մարզադպրոցով անցած հազարավոր տղաներն ու մեծանուն չեմպիոնները ստացել են ինչպես մարզական, այնպես էլ հայրենասիրության դասեր:

Խորապես ցավակցում եմ Նորայր Մուշեղյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին: Նրանց հետ մեկտեղ կիսում եմ այդ անդառնալի վիշտն ու կորստի ցավը»:

«Ազգի» մարզական բաժինը եւս ցավակցում է հանգուցյալի հարազատներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4