«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2012-01-20 | #10, 2012-01-21 | #11, 2012-01-24


ԱԼԻԵՎԸ ՓԱՍՏԱՑԻ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՍՏՈՐԱԳՐԵԼ, ԻՍԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵ՞Լ...

Սոչիի հանդիպման հայտարարությունը

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել «նպաստելու մտավորականության, գիտական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետագա երկխոսության հաստատմանը»: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, երեկ ՌԴ նախագահ Մեդվեդեւի հրավերով Սոչիում տեղի ունեցած նախագահական Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ 11-րդ հանդիպման հայտարարությունը, նշելով վերը բերված պատրաստակամության մասին, նաեւ տեղեկացնում է, որ այդ երկխոսությունն անհրաժեշտ է ԼՂ կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից կողմերի հումանիտար շփումների զարգացումն ապահովելու համար:

Երեք երկրների նախագահները նաեւ «ի գիտություն ընդունեցին համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչիՙ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը» եւ հանձնարարել են շարունակել այդ աշխատանքը: Մինչ եռակողմ հանդիպումն էլ պաշտոնական Մոսկվայի տարածած հաղորդագրությամբ հույս էր հայտնվել, թե կարճ ժամանակում հնարավոր կլինի ավարտել միջադեպերի հետաքննության մեխանիզմների առնչությամբ տարվող աշխատանքները:

Ըստ հայտարարության, երեք նախագահներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքի մեծ ծավալը` 2008-ի նոյեմբերի 2-ի հանդիպումից, երբ ընդունվեց մոսկովյան հռչակագիրը: «Ինտենսիվ բանակցութունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջը», վերջին շրջանի բոլոր «զրո արդյունքի» մասին արվող դատողություններին մեկ տողով հայտարարության մեջ արձագանքել են նախագահները, նաեւ պատրաստակամություն հայտնելով «արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջը պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը»:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունը, հույս հայտնելով, որ «Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը»:

Մինչ հանդիպումը, ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, Ռուսաստանի նախագահի նստավայրից հաղորդագրությամբ հիշեցում էր արվել այն մտահոգությունների մասին, որ կապված են «հրադադարի ռեժիմի հաճախակի խախտման, զինվորականների եւ խաղաղ բնակիչների զոհերի, նաեւ երկու կողմերի ռազմատենչ հռետորաբանության» հետ: Այս առումով էլ Ռուսաստանը համառորեն փորձում է կողմերին համոզել, որ վստահության ամրապնդումն անհրաժեշտություն է:

Հերթական անգամ Ադրբեջանի նախագահը ստորագրել է մի փաստաթուղթ, որ պարտավորություններ է առաջացնում, սակայն թե որքանո՞վ է Ալիեւ կրտսերը հետեւողական իր խոսքերի, անգամ ստորագրությունների առումով` ժամանակը միշտ նույնն է ապացուցում. այս մարդու պարագայում ասելը, ստորագրելը եւ անելը իրարից մղոնաչափ հեռու բաներ են...

Մյուս կողմից, գոնե Ռուսաստանին հատուկ շնորհակալությամբ ՌԴ նախագահ Մեդվեդեւը կհանձնի իր լիազորությունները, իսկ թե Ֆրանսիան իսկապես կդառնա նախաձեռնող համանախագահողը` առանձնակի հուսադրող չէ, քանի որ Ալիեւի տեսակն այդ փոխատեղումից հաստատ չի փոխվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4