ԱՄՆ ազգային հետախուզության նախկին տնօրեն, պաշտոնաթող դերծովակալ Մայքլ Մակքոնելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը արդեն կիբեռնետիկական զենք է կիրառել, ըստ որումՙ բավական արդյունավետ կերպով: Ռոյթեր գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ ԱՄՆ-ը հնարավորություն ունի կիբեռնետիկական տարածությունում «գրոհել, թուլացնել կամ ոչնչացնել» հակառակորդին:
Ընդսմին Մակքոնելը նշել է, որ նման գործողությունները «եղել են արդյունավետ», չմանրամասնելով, թե երբ, ինչ հանգամանքներում, ում դեմ եւ ինչպիսի հետեւանքներով է Ամերիկան օգտագործել իր կիբեռնետիկական զենքը:
Հետախուզության նախկին պետը նաեւ նշել է, որ կիբեռնետիկական տարածությունում զանազան խոցելի տեղերն օգտագործելու, օրինակ, ուրիշների էլեկտրոնային նամակները ընթերցելու առավել մեծ հնարավորություններ ներկայումս ունեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունները:
Մայքլ Մակքոնելը ԱՄՆ ազգային հետախուզության թվով երկրորդ ղեկավարն էր 2007-2009 թթ. Ջորջ Բուշի եւ Բարաք Օբամայի օրոք տվյալ պաշտոնի ստեղծումից հետո: ԱՄՆ կառավարության կառուցվածքում այդ պաշտոնը ստեղծվեց 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ամերիկյան հատուկ ծառայությունների բարեփոխման շնորհիվ: Տվյալ պաշտոնն զբաղեցնող անձնավորությունը համակարգում է ամերիկյան բոլոր 16 հետախուզական գերատեսչությունների աշխատանքը: