«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2012-01-31 | #17, 2012-02-01 | #18, 2012-02-02


ՔԱՆԻ՞ ՏԱՐԵԿԱՆ Է ՄԵՐ ԱԶԳԸ

Ապրելով այլազգիների միջավայրում, նյույորքյան փողոցում ականատես լինելով չինական, պարսկական, հնդկական, հրեական նոր տարիների շքերթինՙ մտովի հարց եմ տալիս. «Ինչո՞ւ մենքՙ հայերս, չենք նշում մեր հայկական նոր տարին եւ չգիտենք թե քանի տարեկան է մեր ազգը»:

Այսօր հայ մասնագետները կարո՞ղ են ասել, թե այս տարի քանի՞ տարեկան դարձավ մեր ազգը: Հայ ազգի ծագման թվագրությունը ինչպե՞ս պետք է հաշվել, ի՞նչը պետք է ընդունել որպես նախասկիզբՙ Արարատ լեռան գոյությո՞ւնը, Հայկի եւ Բելի ավանդապատո՞ւմը, թե՞ Հայկազունիների ժամանաշրջանը...

Հրեաներն, օրինակ, ունեն որոշակի տարեթիվ: Այս տարվա սեպտեմբերին նշելով Ռոշաշանանՙ հրեական նոր տարին, նրանք կտոնեն աշխարհում իրենց գոյության 5773-ամյակը: Իրանում Նովրուզըՙ պարսկական նոր տարին, ավանդաբար կայանում է գարնանըՙ այս տարի կտոնվի 2571-րդ անգամ: Չինացիներն ահա հունվարի 23-ինՙ ըստ Արեւելյան Կենդանակերպի, նշեցին իրենց Վիշապի տարին: Բանգլադեշցի իմ աշխատանքային ընկերուհին իրենց ազգային նոր տարվա տոնակատարմանն է մասնակցում ապրիլի 15-ին:

Իսկ մենքՙ հայե՞րս: Չէ՞ որ մենք ամենեւին էլ 2012 տարվա վաղեմության ազգ չենք... Աշխարհի հնագույն ազգերի թվում մենք նույնպես ունեցել ենք տարեմուտի ազգային ավանդույթը, կոչել այնՙ ՆԱՎԱՍԱՐԴ, տոնել այն գարնանը, հետոՙ օգոստոսի 11-ին: Հեթանոս հայերն ի տարբերություն հրեաների ու պարսիկների, առաջնորդվել են արեգակնային օրացույցով: Նավասարդի տոնակատարմանը ժողովուրդը ցուցադրել է իր նոր ձեռքբերումները, կազմակերպել մրցումներ, պատրաստել տոնական կերակրատեսակներ:

Հայոց պատմության խորհրդային ժամանակաշրջանը եւ դրան նախորդած հազարամյակների պատմական անցքերն ու պետականության կորուստը իսպառ դուրս են մղել թերեւս հայոց կենցաղից Նավասարդի տոնակատարման ավանդությունը: Ահա քսան տարի է ապրում ենք այլՙ նորանկախ պետության պայմաններում, ինչո՞ւ ուրեմն չենք վերականգնում հայոց նոր տարվաՙ Նավասարդի գեղեցիկ ավանդույթը, ինչո՞ւ այս հարցը չի ներկայացվում Ազգային Ժողով:

Եթե մենք տեր չլինենք մեր ժողովրդի ավանդությանը, ապա մեր հարեւանները մեր հաշվին պատմություն սարքելու գործում, հավատացեք, չեն զլանա:

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4