«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2012-02-03 | #20, 2012-02-04 | #21, 2012-02-07


«ՀԱՅ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՐՁՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՆԵԼ»

Համոզված է ՀՀ դեսպանը Բելգիայում

20-ամյա անկախ Հայաստանի դիվանագիտական էջերում կարող ենք արձանագրել, որ Բելգիայի Թագավորությունում Հայաստանը ներկայացնող դեսպանների փոփոխություններ գրեթե չեն եղել: Սկիզբը դրվեց միայն 2009 թ.-ին, երբ ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանի երկարատեւ լիազորությունները վերապահվեցին Ավետ Ադոնցին:

Բելգիայի Թագավորությունը Հայաստանի համար առանձնահատուկ եւ նշանակալից զարկերակ է: Այստեղ են տեղակայված Եվրոմիության, Եվրոխորհրդի, ինչպես նաեւ որոշիչ դեր խաղացող այլ եվրատյաններ, որտեղ վճռվում եւ հատվում են եվրոերկրների ներքին եւ արտաքին խնդիրներն ու ճակատագրերը:

«Ազգ»-ը ՀՀ դեսպան Ավետ Ադոնցին հանդիպեց Բրյուսելում: Ամփոփելով ՀՀ դիվանագիտական նեկայացուցչության վերջին երկամյա գործընթացըՙ պարոն Ադոնցը պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին:


- Պրն Ադոնց, Բելգիայում ՀՀ դեսպանության աշխատանքներին զուգընթաց կարելի՞ է ասել, որ շատ ավելի ծավալուն են Եվրոմիությանն առնչվող ծրագրերը: Ներկայումս ի՞նչ գործընթաց է տարվում ԵՄ-ի հետ, որը կարող ենք համարել նկատելի ձեռքբերում Հայաստանի համար:

- Ես ժամանել եմ 2009-ին, եւ անմիջապես ԵՄ-ի հետ մեկնարկվեց ասոցացման համաձայնագրի գործընթացը: Նեկայումս տեղի են ունեցել բանակցությունների 8-9 փուլեր, 27 կետերից 20-ից ավելին արդեն համաձայնեցվել են: Հայաստանի համար Եվրոմիության գործընթացն առաջնային է: Մինչ վերջնական փուլին հասնելը նախ պահանջվում են արտաքին եւ ներքին բարեփոխումներՙ սկսած տնտեսական, վերջացրած գիտական եւ կրթական ոլորտներում: Եվրոինտեգրման գործընթացը ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրոպայի ցանկությունն է, ինչը պահանջում է նախ խոսել այսպես ասած ընդհանուր լեզվով, այն ներառում է ընդհանուր օրենսդրության իրականացում, որն անհնար է առանց տնտեսական ինտեգրման:

- ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրն ի՞նչ փուլում է եւ որքանո՞վ է իրականալի:

- Հուսով եմ, մոտակա երկու անմիսների ընթացքում բանակցությունները կսկսվեն: Թերեւս նախապատրաստական աշխատանքներն արդեն արված են: Իրականացվել են լուրջ բարեփոխումներ: Երկու տարի առաջ Հայաստան ժամանեց Եվրոհանձնաժողովի պատվիրակությունը: Տասնօրյա այցի ընթացքում ուսումնասիրվեց իրավիճակը, նշվեցին 4 ուղղություններ, ուր հստակ աշխատանքներ պետք է տարվեին, որից հետո միայն հնարավոր կլիներ սկսել ազատ առեւտրի գործընթացն իրականացնող բանակցություններն: Այսինքնՙ բանակցություններ սկսելն արդեն իսկ պայմանավորված էր լայնածավալ աշխատանքներով, որոնք ներառում են մաքսային վարչարարական բարեփոխումներից մինչեւ ազատ առեւտրի բանակցությունների կառավարման փուլ: Կարող ենք փաստել, որ նախափուլային աշխատանքների 50 տոկոսն իրականացված է, ինչը բուն գործընթացի մեկնարկման հիմքն է: Եթե, իհարկե, չլինեն երկկողմ ակտիվ շփումներ, այցելություններ տարածաշրջան, ապա նախատեսված որոշումները չեն կարող ընթացք ստանալ: Այսօր մեր քաղաքացիների համար եվրոպական երկրներ այցելելն այնուամենայնիվ հեշտ չէ:

- Եթե չեմ սխալվում, քննարկումների փաթեթում նախատեսված է նաեւ վիզաների ազատականացման ծրագիր:

- Վիզաների ազատականացման մասին դեռ չենք խոսում, միայն մտածում ենք: Առայժմ բանակցությունները տարվում եմ վիզաների դյուրացման ուղղությամբ: Իսկ ազատականացումը կլինի հաջորդ փուլում: Նախորդ տարվա դեկտեմբերին ավարտվեցին պաշտոնական ձեւակերպումները: ԵՄ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ այս ուղղությամբ բանակցությունները կսկսվեն փետրվարին: ԵՄ-ը տարածաշջանում փորձ ունի, քանի որ Վրաստանի հետ այս գործընթացն արդեն ավարտվել է: Մենք կարող ենք գործընթացն ավելի արագացնել, բայց ԵՄ-ի եւ Եվրոխորհրդարանի կողմից մինչեւ վավերացման ձեւակերպումը պահանջվում է որոշակի ժամանակահատված:

- Ինչո՞ւ, որեւէ երկմտություն, մտավախություն կա՞:

- Ոչ, մտավախություն չկա, քանի որ այն պահանջները, որոնք նախատեսված էին այլ երկրների հետ, մենք արդեն իրականացրել ենք: Հայաստանը մի քանի քայլ առաջ է օրակարգից: Մտավախությունս բյուրոկրատական խնդիրներն են, քանի որ որոշումներն ու համաձայնությունները մինչեւ կայացվում ու վավերացվում են վերին ատյանների կողմիցՙ բավականին ժամանակ է պահանջում: Ամռանը Եվրոխորհրդարանը հանգստանում է, դա նշանակում էՙ եթե վավերացման գործընթացը սկսվի սեպտեմբերին եւ անցնի համապատասխան հանձնաժողովներով, լավագույն դեպքում տարեվերջին միայն կարող ենք ավարտին հասցնել: Վերջին երկու տարում քաղաքական, տնտեսական, մշակութային ինչպես նաեւ վիզաների դյուրացման ուղղությամբ լայնածավալ առաջընթաց է եղել: Այդ մասին են վկայում նաեւ Եվրոմիության հանձնաժողովների զեկույցները:

- Պրն Ադոնց, իսկ ինչպե՞ս կդիտարկեիք հայ-բելգիական հարաբերությունները:

- Բելգիայի հետ Հայաստանը համարվում է ավանդական բարեկամ երկիր: Հավանաբար շնորհիվ հայ համայնքի: Այստեղ հայերը ճանաչվել են 20-րդ դարի սկզբին, իսկ ավելի ուշՙ 40-50 ականներին եւ հատկապես հայկական եկեղեցու կառուցումից հետո, հայերը մեծ ճանաչում ձեռքբերեցին, եւ մեր օրակարգում նախատեսված են Հայաստան-Բելգիա քաղաքական եւ տնտեսական ծրագրեր: Հստակ կարող ենք ասել, որ Եվրոմիության երկրներից Բելգիան Հայաստանի համար համարվում է առեւտրատնտեսական թիվ 1 գործընկերը:

- Բայց եւ այնպես, հստակ կարող ենք փաստել, որ առեւտրատնտեսական գործունեությունը խիստ սահմանափակ է:

- Այո, այն ձեւավորված է ընդամենը մեկ ապրանքատեսակով: Բելգիայի Անտվերպեն քաղաքից, որը հայտնի է որպես ադամանդի առեւտրի կենտրոն, հումքը ուղարկվում է Հայաստան: Ներկայումս Հայաստանում կան գործող չորս արտադրամասեր բելգիական կապիտալի մասնակցությամբ: Մեր նպատակն է հնարավորինս աջակցել եւ գործընթացն առավել ընդլայնել: Անշուշտ, չենք ուզում սահմանափակվել միայն ադամանդի առեւտրով: Նախորդ ամռանը մոտ 50 գործարարների այց կազմակերպվեց Հայաստան: Այսօր արդեն արդյունքներն ակնհայտ են, 3-4 ուղղություններ կան, որ մոտակա ամիսներին կգործեն: Դրանք առնչվում են արդյունաբերության, դեղագործության եւ առողջապահության ոլորտներին: Տնտեսական հարաբերությունների աշխուժացումը հանգեցնում է նոր ինտենսիվ փոխայցելություների: Երբեք չենք փորձում սպասողական դերում լինելՙ մեր կողմից եւս նախաձեռնում ենք գործարար խմբերի այցեր Հայաստան եւ Ղարաբաղ: Հիմքումՙ Հայաստանն առավել ճանաչելի դարձնել Եվրոբիզնեսի շրջանակներում:

- 2007-ին հայ-թուրքական քաղաքական մեծ բախումներ եղան Բելգիայում: Այսօր էլ վերստին վտանգն առկա է: Ինչպիսի՞ն է դեսպանատան արձագանքը:

- Լարվածություն միշտ եղել է: Հատկապես ցեղասպանության ճանաչման շուրջ տեղի ունեցող բանակցություններն առավել բարձրացնում են լարվածության մակարդակը: Թուրքիան չի ընդունում, որ սահմանները չեն բացվի եւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի իր պատճառով: Հետեւաբար փորձում են հակահայկական ֆոն ստեղծել: Վերջիվերջո վստահ եմ, որ լարվածությունը պետք է վերանա, քանի որ հակասում է եվրոօրենքներին: Չի կարող այստեղՙ Բելգիայում լարվածությունը բարձր չափերի հասնել :

- Վերջին մեկ տարում բավականին հայեր են արտաքսվել Բելգիայից: Ըստ շատերի որակմանՙ կատարվում է «հայաորսություն», որում մեղադրում են Հայաստանի իշխանություններին:

- Սկզբունքորեն համամիտ չեմ «հայաորսություն» ձեւակերպմանը: ՀՀ կառավարությունը որեւէ կապ, որեւէ դեր եւ մասնակցություն չունի բելգիական կառավարության միգրացիոն ռեժիմի խստացման հետ:

Եվրոպական երկրներից Բելգիան միակն էր, որ դեռ պահպանել էր միգրացիոն լիբերալ ռեժիմը, բայց արդեն մեկ տարի ռեժիմի խստացման ուղղությամբ որոշում է կայացվել: Բելգիայից արտաքսելը չի վերաբերում միայն հայերին, այլ բոլոր ոչ եվրոպական միության անդամ երկրների քաղաքացիներին, ովքեր գտնվում են անօրինական կարգավիճակում:

Պաշտոնապես կարող եմ հայտարարել, որ ՀՀ դեսպանության կամ հայաստանյան որեւէ պաշտոնյա այդ խնդիրը երբեւէ չի քննարկել: Օրակարգից իսպառ բացակայում է հայերին արտաքսելու հարցը: Այլ բան է, երբ բելգիական իշխանությունները որոշում են կայացնում չընդունել մեր քաղաքացիներին, մերժում են Բելգիայում ապրելու իրավունքից, ապա խնդրում են Հայաստանի իշխանություններին, որ հետ ընդունեն իրենց քաղաքացիներին:

- Վիզաների դյուրացման դեպքում, դեպի Եվրոպա արտագաղթի մտավախություն չկա՞:

- Միգրացիոն ռեժիմի բանակցությունները ենթադրում են երկու հարթությունՙ վիզաների դյուրացում եւ ռեադմիսիա: Եթե որեւէ երկրի քաղաքացի ժամանում է Բելգիա եւ փորձում անօրինական ճանապարհով մնալ, եւ եթե Բելգիական իշխանությունները մերժում եւ հետ ուղարկելու որոշում են կայացնում, ապա տվյալ երկիրը պարտավորվում է հետ ընդունել իր քաղաքացիներին: Իսկ ռեադմիսիան այն փաստաթուղթն է, որը կարգավորում է միգրացիոն գործընթացը եւ նվազեցնում անօրինական միգրացիան:

Որքան հեշտացվի ելք ու մուտքի գործընթացը, այնքան մեր քաղաքացիները չեն փորձի ամեն գնով կացության կարգավիճակ փնտրել օտար երկրներում :

- Որքան շատ լինեն հայկական միությունները, այնքան մեր ձայնն առավել ազդեցիկ կլինի միջազգային ատյաններում, այս համոզմունքն են հայտնել որոշ քաղաքական եւ հասարակական գործիչներ: Ո՞րն է ձեր տեսակետը:

- Ես համամիտ չեմ, ավելի հակված եմ փոքր Բելգիայում ունենալ քիչ քանակի, բայց որակյալ կազմակերպություններ:

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4