«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2012-03-13 | #45, 2012-03-14 | #46, 2012-03-15


ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՈՎ, ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Երեկ համամասնական կարգով առաջադրումներ էլի չեն եղել, իսկ մեծամասնականով ընտրատարածքային հանձնաժողովներ փաստաթղթեր ներկայացնողների թիվն ավելացել է. Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում առաջադրվել է ՀՀԿ-ական, «Առաջին լրատվական» հեռուստածրագրի տնօրեն Սամվել Ֆարմանյանը , Քանաքեռ-Զեյթունի թիվ 3 ընտրատարածքում փաստաթղթեր են ներկայացրել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանը («Տոնուս» ընկերության սեփականատեր) եւ ՀՀԿ-ական Արտակ Ստեփանյանը («Քեթրին գրուպ» ընկերության սեփականատեր): Թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրվելու փաստաթղթեր է ներկայացրել «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու Գարեգին Նուշիկյանը (նա, փաստորեն, մրցակցելու է Խաչատուր Սուքիասյանի հետ), Արաբկիրի թիվ 4-ումՙ SAS սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը ՀՀԿ-ի աջակցությամբ, Դավիթաշենի թիվ 5-ումՙ ներկայիս թաղապետ Արթուր Գեւորգյանը , Աջափնյակի թիվ 6-ումՙ թաղապետ Ռուբեն Հովսեփյանը ՙ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը, թիվ 9-ում` ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը , Էրեբունու թիվ 13-ում`նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը , թիվ 14-ում ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը , թիվ 16-ում` ԲՀԿ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը , թիվ 18-ում` ՀՅԴ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը եւ անկուսակցական Ռազմիկ Թեւոնյանը, թիվ 20-ում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը :

Համամասնական ցուցակների մասին քաղաքական ուժերը դեռ դժվարանում են հստակ որեւէ բան ասել: Կան զանազան ենթադրություններ ու ոչ պաշտոնական հրապարակումներ:

Վաղը տեղի կունենա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարը, որտեղ գուցե հասկանալի կլինի` «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միասնական ցուցակ լինելո՞ւ է, թե՞ ոչ: ՀԱԿ-ի ցուցակի վերաբերյալ առայժմ ոչ պաշտոնական արտահոսք կա, թե առաջին հորիզոնականներն այս տեսքի են. Լեւոն Տեր-Պետրոսյան , Ստեփան Դեմիրճյան (ՀԺԿ), Արամ Զավենի Սարգսյան («Հանրապետություն»), Արամ Մանուկյան (ՀՀՇ), Լեւոն Զուրաբյան , Լյուդմիլա Սարգսյան (ՍԴՀԿ), Նիկոլ Փաշինյան , Հրանտ Բագրատյան , Գագիկ Ջհանգիրյան , Խաչատուր Սուքիասյան , Մանուշակ Պետրոսյան , Դավիթ Շահնազարյան , Պետրոս Մակեյան (ԺՀԿ), Հովհաննես Հովհաննիսյան (ՀԼԿ) եւ Դավիթ Մաթեւոսյան : Պաշտոնապես, սակայն, ՀԱԿ-ականներն ասում են, թե իրենց ցուցակը դեռ պատրաստ չէ:

Եվ մի նորություն: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմումներ են ներկայացրել ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը , նախարարներ Հրայր Թովմասյանն ու Վաչե Գաբրիելյանը :

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4