«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2012-03-20 | #50, 2012-03-21 | #51, 2012-03-22


ՉԿԱ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼԱՊԵՍ...

Ամերիկացի դիվանագետի` Մինսկի խմբի 20-ամյա գործունեության յուրօրինակ ընդհանրացումները

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Կողմերը գուցե ավելի մոտ են համաձայնությանը, քան իրենք են կարծում», իր ընկալմամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի կարեւոր պահերից մեկն այսպես է «Ազատություն» ռադիոկայանի վաշինգտոնյան թղթակցին ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն` համանախագահության իր բավականին համեստ ստաժով, իր արտառոց դատողությունը բացատրելով այնպես, թե վստահության պակասի պատճառով կողմերի համար դժվար է դա տեսնել:

ԵԱՀԿ-ի կողմից ղարաբաղյան գործընթացում միջնորդական առաքելության 20-ամյակի ֆոնին ապագա 20 տարիների հեռանկարով ղարաբաղյան խնդրի կարգավորումն ինչպիսին տեսնելու հարցին Բրադկեն վերը նշված «սյուրռեալիստական» դատողությանը ավելացրել է. «Ստատուս քվոն անընդունելի է, եւ այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ապագա 20 տարում մենք պարտավոր ենք լուծել հակամարտությունը, մենք պետք է առաջընթաց ունենանք կարգավորման գործում, մենք չենք կարող 20 տարուց էլ հետ նայել ու նույն իրավիճակը տեսնել, ինչ այսօր»:

«Կողմերը պետք է գործընթացը տեսնեն որպես «Խաղաղություն չի լինի, քանի դեռ ե՛ւ նա, ե՛ւ ես ինչ-որ բան չենք ստացել»: Դա հեշտ չէ, դա այն մտածելակերպը չէ, որ մինչ օրս տեսնում ենք», հայտարարել է Բրադկենՙ ակնհայտորեն մոռանալով այս խոսքերը հասցեագրել Ադրբեջանին, քանի որ հենց վերջինս է վերը նշված փոխզիջումային տարբերակից խուսափողն ու մերժողը: Միեւնույն ժամանակ, Բրադկեն ներկա փուլի հիմնական մարտահրավեր է համարում հիմնարար սկզբունքներով արտահայտված «քայլերի փոխկապակցվածությունը»:

Մինսկի խմբի 20-ամյա գործունեության հաջողություններից Բրադկեն առանձնացրել է 3 կարեւոր հանգամանք: Առաջինն, ըստ դիվանագետի, Մինսկի խմբի` որպես կայունության գործոն հանդես գալն է, որ օգնել է նաեւ խուսափել նոր պատերազմի բռնկումից: Երկրորդը, ինչ Մինսկի խումբը հաջողել է անել, ըստ Բրադկեի, հաղորդակցության միջոց ծառայելն է «կողմերի միջեւ ու կողմերի հետ»: Երրորդ կարեւոր գործն էլ «բանակցությունների համար ընդհանուր հիմքի մշակումն է»:

«Կողմերը համանախագահների հետ չեն գալու խաղաղության... Կողմերը պետք է կայացնեն բավականին դժվար որոշումներ», Մինսկի խմբի «սովորած դասերից» առանձնացրել է Ռոբերտ Բրադկեն: Իսկ թե արդյո՞ք Մինսկի խումբը պետք է նոր մոտեցում որդեգրի կամ էլ կկորցնի իր լեգիտիմությունը, Բրադկեն խնդրի այլ արմատներ է նշել. «Տարբերությունները կողմերի միջեւ շատ մեծ են, եւ, անկեղծ ասած, չկա վստահություն, իսկ ձեւաչափի փոփոխությունը այս խնդիրներից ոչ մեկը չի լուծի, խնդիրները կմնան»:

Ամերիկացի համանախագահը հիշեցրել է, որ կողմերը վստահեցրել են ներկա ձեւաչափի` իրենց համար ընդունելի լինելու հանգամանքը:

Միացյալ Նահանգների կողմից 2001-ի Քի Վեսթի գագաթաժողովի նման ինչ-որ նոր նախաձեռնության հնարավորության մասով Բրադկեն կանխատեսումներ չի արել, շեշտելով, որ կազմակերպվող հանդիպումների բնույթը կախված է առաջընթացից: Զգալի հույսեր ու ակնկալիքներ առաջացրած 2011-ի կազանյան հանդիպման առնչությամբ էլ ամերիկացի դիվանագետը բավարարվել է ձեւակերպմամբ, թե Կազանից հետո «Մենք խոր շունչ ենք քաշում ու առաջ շարժվելու նոր ուղիներ փնտրում»:

Բրադկեն անդրադարձել է շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման խնդրին, ներկայացնելով, որ կողմերին տարբերակներ են ներկայացվել, եւ այս շաբաթավերջին Վիեննայում երեք համանախագահների հանդիպմանը, արդեն նաեւ ԵԱՀԿ-ի ռազմական փորձագետների հետ կքննարկվի այդ մեխանիզմների ստեղծման հարցը:

Մարդկային շփումների կարեւորության առնչությամբ էլ Ռոբերտ Բրադկեն, մոռանալով ղարաբաղյան հակամարտության հետեւանքների հիմնական կրող Արցախի բնակչությանը, հիշեցրել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում կողք կողքի չապրած սերունդներ են մեծացել արդեն: «Մարդկային շփումները չեն աշխատում, երբ դրանք օգտագործվում են քաղաքական նպատակներով կամ քաղաքականացվում են»:

Ըստ Բրադկեի տարածաշրջանային վերջին այցելությանը շփման գիծը հատելով երկու կողմերի տեղական-համայնքային իշխանությունների հետ իրենք քննարկել են ջրի, գյուղատնտեսության, էլեկտրականության ընդհանրական խնդիրներ, որոնք կարող են մարդկային շփումների հարթակ դառնալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4