«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2012-03-20 | #50, 2012-03-21 | #51, 2012-03-22


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԿՈՎԿԱՍԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

Բելգիայի գործարար լայն շրջանակներում Հայաստանը ճանաչված էր միայն աշխարհագրական դիրքով, իսկ առեւտրատնտեսական ոլորտում հետաքրքրությունները մինչեւ վերջին տարիները թերեւս գործնական չեն եղել: Եվրոմիության ինտեգրման գործընթացն ինքնին նոր հեռանկաների, նաեւ նոր ծանոթությունների հիմք դարձավ: Այսօր հայ- բելգիական տնտեսական հարաբերություններում որոշակի գործնական տեղաշարժեր են նկատվում, որում զգալի դեր է խաղում սփյուռքահայերի մասնակցությունը:

Բրյուսելում «Ազգը» հանդիպեց Կոնկորդիա Ուելս Ֆարգո ցանցի հաշվի կառավարիչ եւ ապահովագրական միջնորդ Վալերի Սաֆարյանին , որը նաեւ հայ- բելգիական Առեւտրի պալատի նախագահն է:

Վ. Սաֆարյանի պապը եղել է Պարսկաստանի դեսպանը Բելգիայում: Փաստորեն լինելով երրորդ սերունդը Բելգիայումՙ մինչեւ 2003 թ. մեր հայրենակիցը առանձնահատուկ հետաքրքրություն չի տածել Հայաստանի նկատմամբ, քանի որ ծանոթության շրջանակները եւս սահմանափակ են եղել:

Առաջին իսկ այցը Հայաստան, գործնական հետաքրքրություններ եւ հեռանկարներ առաջացնելու հիմք հանդիսացան: Ըստ իր բնորոշման, սկզբունքորեն լինելով առավել գործնական, քան էմոցիոնալ, խոսքից գործին անցնելը երկար չտեւեց: Երեք տարի անցՙ 2006-ին, Բելգիայում պաշտոնապես գրանցվեց BACC (Belgian-Armenian Chambre of Commerce) կազմակերպությունը, որի նպատակն է Հայաստանը տնտեսական համագործակցության առումով ճանաչելի դարձնել եվրոպական շուկաներում, ինչպես նաեւ խթանել Հայաստանի տնտեսական աճն ու ներդրումները;

Ընկերությունը քաղաքական նախասիրություններ չունի եւ պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր գործարարի, Սփյուռքի եւ Հայաստանի կազմակերպությունների, ասոցիացիաների, համայնքների հետՙ անկախ քաղաքական հակվածությունից: Ըստ պրն Սաֆարյանիՙ Հայաստանը չպետք է դիտարկել որպես միայն ապրանքավաճառքի նոր շուկա եւ այդքանով սահմանափակվել, այլ փորձել ճանաչելի դարձնել որպես տնտեսական գործընկերոջ, ինչպես նաեւ հարեւան երկրներիՙ Վրաստանի, Ռուսաստանի շուկաներ ներխուժելու հիմնակետ: Եթե մինչ օրս հայ- բելգիական գործնական հարաբերությունները սահմանափակ են եղել, ապա այսուհետեւ հնարավորություններն առավել ընդլայնելու մեկնարկ է ձեռնարկված, համոզմունք հայտնեց Վ. Սաֆարյանը, ընդգծելով, որ այսօր միայն Հայաստանը չէ, որ միջազգային շուկաներ փնտրելու կամ օտարերկրյա ներդնողների անհրաժեշտություն ունի: Բելգիայի ֆրանսիական (վալոնական) մարզերը եւս ֆլամանական գոտիների համեմատ գտնվում են տնտեսապես ոչ բարվոք վիճակում: Այս առումով մշակված է ARMENWAL (Արմենո-վալոն) ծրագիրը, որով նախաձեռվում է մինչեւ 2030-2040 թ.-ը հայկական մասնակցությամբ Բելգիայի վալոնական հատվածը դարձնել առավել մրցակցային ֆլամանականի համեմատ:

Ներկայումս բելգիական կողմի հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ թերեւս առավել նկատելի են արտադրությունների ներդնման, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի եւ շինարարությունների վերանորոգման բնագավառներում:

ՀՀ ատոմակայանի վերանորոգման ծրագրերին զուգընթաց, օտարերկրյա ներդնողների հակվածությունը մեծ է հողմահարների վերանորոգման ուղղությամբ: Հայաստանը գտնվում է լեռնային եւ մշտապես քամիների առկայության գոտում, այս առումով կան լայնածավալ աշխատանքներ իրականացնելու երկկողմ շահագրգռվածություն, ինչը կարող է նպաստել Հայաստանի միջոցով հարեւան երկրների շուկաներ դուրս գալուն, հույս հայտնեց Վ. Սաֆարյանը:

Տնտեսական զարգացման ծրագիր է ներկայացված նաեւ Բելգիայի ֆլամանական հատվածի հետ: Ներկայումս Հայաստանում գործում են ադամանդի չորս կազմակերպություններՙ բելգիական կապիտալի մասնակցությամբ, որոնք առավել ընդլայնելու ուղղությամբ հեռանկարներ են մշակվում:

Տպավորված լինելով հայերի կրթական բարձր մակարդակով եւ օտար լեզուների իմացությամբ, պրն Սաֆարյանը համոզմունք հայտնեց աջակցելու մեր հայրենակիցներին բելգիական հաստատություններում ապագա կադրեր պատրաստելու ուղղությամբ:

Անրադառնալով հայ-բելգիական քաղաքական հարաբերություններին, տեղեկացանք, որ նա օգնում է նաեւ ՀՀ դեսպանությանը, քանի որ Բելգիայի քաղաքացի լինելու եւ քաղաքական ազդեցիկ գործիչների հետ սերտ հարաբերություններ ունենալու հանգամանքը կարեւոր դեր է խաղում Հայաստանը միջազգային ատյաններում ներկայացնելու առումով:

«Նախընտրում եմ Հայաստանում ոչ թե օգնության, այլ բացառապես բիզնես ծրագրեր իրագործել: Շատ եմ սիրում Հայաստանը եւ կարծում եմՙ պետք է արժեւորել, քանի որ բավականին հիմքեր կան: Սա այն երկիրն է, որ ամուր եւ հավատարիմ է իր արմատներին: Բելգիացիները Հայաստանից բավականին մեծ տպավորություններով են վերադառնում»: Ընդգծեց Վ. Սաֆարյանըՙ նկատելով նաեւ, որ Երեւանը շատ է փոխվել, Բրյուսելի նման աղմկոտ է: Մարդիկ մշտապես շտապողական վիճակում են: «Նախկինում ավելի հաճելի էր: Հիմա երկու օր Երեւանում մնալուց հետո գերադասում եմ լինել շրջաններում, ուր կարող եմ հանդիպել իսկական հայի», անկեղծորեն խոստովանեց մեր հայրենակիցը, չմոռանալով նշել, որ սիրում է հայկական եւ վրացական խոհանոցը, բայց նախընտրում է ռուսական օղին, վրացական գինին եւ հայկական գարեջուրը:

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4