«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2012-03-21 | #51, 2012-03-22 | #52, 2012-03-23


Ո՞ՒՄ ԵՆ ԱՍՈՒՄ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Խաղաղության հասնելու ուղղությամբ առաջընթաց կա», ղարաբաղյան հակամարտության մասին 1992-ի կոնֆերանսից 20 տարի անց հայտարարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն:

Արտգործնախարարների երեկ տարածված համատեղ հայտարարությամբ նշվում է, որ համանախագահող երկրների երեք նախագահների ԼԱքվիլայի (2009), Մուսկոկայի (2010) եւ Դովիլի (2011) հայտարարություններով ընդգծվել են համապարփակ խաղաղության կարգավորման շրջանակի տարրերը: Իսկ 2012-ի հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունն էլ երկու կողմերի պատրաստակամույունն է արտահայտում` «արագացնելու հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնության հասնելու գործընթացը»:

Քլինթոնը, Լավրովն ու Ժյուպեն «առաջնորդներին» կոչ են արել «հնարավորինս շուտ» ավարտել շրջանակային համաձայնագրի ու հետագա վերջնական կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքը` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման ու ժողովուրդների հավասար իրավունքների սկզբունքների վրա, ինչպես նաեւ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, որոնք «ողջ տարածաշրջանին հնարավորություն կտան ստատուս քվոյից անցնել առավել անվտանգ ու բարգավաճ ապագայի»:

Արտգործնախարարները նաեւ հիշեցրել են դովիլյան հայտարարությունը, ընդգծելով, որ «միայն բանակցված կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության եւ համերաշխության, իսկ հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու ամեն փորձ ավելի շատ տառապանք կբերի տարածաշրջանին, որ անկայուն ու անապահով է չափազանց երկար ժամանակ»:

«Տարածաշրջանի ժողովուրդներն առավել տառապել են պատերազմի հետեւանքներից, իսկ կարգավորման հասնելու հետաձգումը միայն կերկարաձգի նրանց զրկանքները», շեշտել են արտգործնախարարները, հավելմամբ, որ հայերի ու ադրբեջանցիների նոր սերունդ է արդեն մեծացել, որ կողք կողքի ապրելու ու միմյանց հետ կապված հիշողություններ չունի:

Համանախագահող երկրների ներկայացուցիչները կրկին կոչ են հղել, կրկին առանց կոնկրետ հասցեատիրոջ, մինչդեռ, ինչպես ասում են, դա արդեն ուղղակի պահանջված է. «Այս արհեստական բաժանումների երկարաձգումը կխորացնի պատերազմի վերքերը: Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում կողմերի լիդերներինՙ իրենց ազգաբնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4