«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2012-03-22 | #52, 2012-03-23 | #53, 2012-03-24


ԼՐԱԳՐՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

Ի զուր էր իրարանցումը լրագրողական շրջանակներում. պատգամավորության թեկնածուների համամասնական թե մեծամասնական ցուցակներում լրագրողների ներկայությունը նվազագույն էՙ հազիվ 14 կամ 15 անուն, ընդհանուրՙ շուրջ 900 թեկնածուների մեջ, այն էլՙ ընտրվելու եւ չընտրվելու 50-50 հավանականությամբ: Հետեւաբար, իսկապես ավելորդ էր մեր որոշ գործընկերների վայնասունը լրագրողների «խորհրդարան ներխուժելու» մասին: Ներխուժման մասին խոսք անգամ չի կարող լինել այսքան չնչին համեմատությամբ: Ապագա խորհրդարանում 6-7 լրագրողի ներկայությունը շատ ավելի նվազ է, քան, օրինակ, ՀՀ Գերագույն խորհրդում, եւ այս փաստը, ընդհակառակը, պետք է մեզՙ լրագրողներիս մտահոգի:

Ամբողջ աշխարհում լրագրողները իրավամբ համարվում են ոչ միայն ինֆորմացված, այլեւ հասարակությանը եւ նրա կարիքներին առավել մոտ կանգնած մարդիկ: Հետեւաբար եվրոպական, եւ ոչ միայն, երկրներում, մեծ թիվ են կազմում մասնագիտությամբ կամ կրթությամբ լրագրողները ազգային խորհրդարաններում, դիվանագիտական եւ պետական այլ ասպարեզներում:

Մասնագիտական այս առանձնահատկությունը խորթ չէ նաեւ հայ իրականության համար: 19-րդ եւ 20-րդ դարերում, այնուհետեւ էլ, մեր ժողովրդի ղեկավարների մեծ մասը եղել են գրող-հրապարակախոսներ: Այլ հարցՙ դա արդյունավե՞տ էր, թե՞ ոչ: Բայց, խոստովանենք, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների բացակայության պայմաններում էլ ո՜վ, եթե ոչ հրապարակախոսներն ու գրողները պիտի փորձեին առաջնորդել իրենց ժողովրդին:

Հրապարակախոս ասացի եւ վերստին աչք գցեցի առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած մեր լրագրողների ցուցակին: Դժբախտաբար, նրանց շարքերում հազիվ երկուսն են հրապարակախոս-լրագրողներ: Մեծ մասը լրագրող-թղթակիցներ ենՙ առօրյա ընթացիկ նորություններին հետամուտ, իսկ մի մասն էլՙ մերձլրագրողական շրջանակի ներկայացուցիչներՙ մամլո քարտուղարներ կամ տեղեկատվության պատասխանատուներ: Այլ խոսքովՙ քիչ են հասարակական պատասխանատվություն, հանրային առաջնորդություն, հարցերին ու խնդիրներին մտավորականի ազատ դիրքորոշմամբ մոտեցող լրագրողները: Եվ ընդհանրապես, պետք է խոստովանել, նման մարդկանց թիվը այժմ շատ քիչ է մեր ժողովրդի մեջՙ ազգային-քաղաքական մթնոլորտի, կուսակցական անհանդուրժողականության, նյութական եւ կամ այլ պատճառների հետեւանքով:

Համենայն դեպս, մեկնելով այն սկզբունքից, որ թեկուզ մեկ լրագրողի մուտքը Ազգային ժողով նախընտրելի է, քան նյութական ու կենցաղային պահանջների թելադրանքով «տանիք» փնտրող տասը պատգամավորինը, հաջողություն եմ ցանկանում նախընտրական պայքար մտած իմ գործընկերներին եւ որպես գործնական ապացույց ասածիսՙ նրանց առաջարկում եմ օգտվել մեր թերթի գովազդային ծառայություններից, անվճար:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4