«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2012-03-27 | #55, 2012-03-28 | #56, 2012-03-29


ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ԿԱՆ ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ

Ամենից շատ «Բարգավաճ Հայաստան», ամենից քիչ` «Միավորված հայեր» կուսակցություններում

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ազգային ժողովում գործարար պատգամավորների առատության մասին մշտապես խոսվել է, նշվել, որ այդ հարցը պետք է կարգավորվի, որ գործարարները կամ պետք է զբաղվեն իրենց բիզնեսով, կամ օրենսդրական գործունեությամբ: Ավելինՙ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարները հայտարարեցին, որ գործարարներն այս ընտրություններին իրենց կուսակցական ցուցակում ընդգրկված չեն լինելու: Սակայն, ինչպես ցույց տվեց իրականությունը, ինչպես իշխող կուսակացության, այնպես էլ իշխանական կոալիցիայի եւ ընդդիմադիր կուսակցությունների ցանկերում ավել կամ պակաս չափով ընդգրկված են գործարարներ: Անգամ կոմունիստական կուսակցության ցուցակում գործարարներ կան:

Նախ հստակեցնենք, թե ի՞նչ ասել է գործարար: Մեզանում գործարար ասելով հասկանում են ոչ միայն բիզնեսի սեփականատերերին, այլեւ գործադիր տնօրեններին, փոխտնօրեններին, կառավարիչներին:

Բացի նշվածներից, «գործարար» հասկացության մեջ ներառելով նաեւ ընկերությունների հիմնադիրներին, խորհրդի անդամներին, բաժնետերերին, անհատ ձեռնարկատերերին, ստացանք 113 գործարարներ, որոնք ընդգրկված են խորհրդարանական ընտրություններին մասնակցող 8 կուսակցությունների եւ մեկ դաշինքի ցուցակներում: Իսկ ընդհանուր առմամբ, այդ ցուցակներում ընդգրկված են 1028 պատգամավորություն թեկնածու: Այսինքն, գործարար թեկնածուները բոլոր թեկնածուների ավելի քան 10 տոկոսն են կազմում:

Ներկայացնենք հերթականությամբ:

«Բարգավաճ Հայաստան կուսակցության» 165 հոգուց ցանկում 39 գործարարներ են ընդգրկված` ներառյալ կուսակցության ղեկավարը: Ամենաշատ գործարարներ ընդգրկված են այս կուսակցության ցանկում:

Հաջորդը «Ժառանգությունն» է`«Ազատ դեմոկրատների» հետ միասին: Այս ցանկում 73-ից գործարար են 4-ը:

Հայ ազգային կոնգրեսի 122 պատգամավորության թեկնածուներից 9 են ընդգրկված որեւէ բիզնեսում:

Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակում 88 թեկնածուներից գործարար են 7-ը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունում 3 գործարարներ կան` 45 պատգամավորության թեկնածուներից:

Ինչպես արդեն նշեցինք, անգամ Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակում կան գործարարներ: Մասնավոր սեփականությունը մերժող կուսակցության 75 թեկնածուներից 2-ը գործարարներ են:

Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության 253 պատգամավորության թեկնածուներից 23-ը, այնուամենայնիվ, գործարարներ են:

«Միավորված հայեր» կոչվող իրավաբանների կուսակցությունը ԱԺ ընտրություններին իր համամասնական ցուցակում ներկայացրել է 29 թեկնածուների, որոնցից միայն մեկն է գործարար:

Եվ վերջին` «Օրինաց երկիր» կուսակցության 178-հոգիանոց ցուցակում ընդգրկված են գործարարությամբ զբաղվող 25 թեկնածու:

Այսպիսով, կարելի է փաստել, որ գործարարներն, այնուամենայնիվ, չեն ցանկանում հրաժարվել ԱԺ պատգամավոր դառնալուց, առաջադրվելով ոչ միայն մեծամասնական ընտրակարգով, այլեւ ընդգրկվելով կուսակցությունների համամասնական ցուցակներում: Մյուս կողմից, կուսակցությունները եւս չեն ցանկանում հրաժարվել գործարարներին իրենց շարքերը ներգրավելուց եւ պատգամավորական աթոռ առաջարկելուց, քանի որ դա փոխշահավետ տարբերակ է ե՛ւ նրանց, ե՛ւ գործարարների համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4