«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2012-04-03 | #60, 2012-04-04 | #61, 2012-04-05


ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՈՉ ՄԻ ԱՎԵԼԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ ՏՈՒՓԵՐԻ ՄԵՋ ՉՊԵՏՔ Է ՀԱՅՏՆՎԻ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մամուլը անընդհատ անդրադառնում է նախընտրական գործընթացներին, ամենից շատ այժմ կրքեր են բորբոքվում ցուցակներում առկա բավական թվով Հայաստանից բացակայողներին` այնտեղ ընտրակեղծիքների ռեսուրս տեսնելով: Այս, պաշտոնական քարոզարշավի մեկնարկին նախապատրաստելու հարցերի եւ մինչնախընտրական վայրիվերումների շուրջն «Ազգը» զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ:

«Նախ ասեմ, որ ակտիվ, բայց կայուն ժամանակաշրջան է այս պահին, նույն սցենարներն են կրկնվում քաղաքական ուժերի կողմից, ինչ սովորաբար. մեկ տարի առաջ դեռ սկսում են խոսել, թե միեւնույնն է, ընտրությունները կեղծվելու են, հետո սկսում են այս կամ այն քաղաքական ուժի ցուցակների վերաբերյալ բամբասել, հետո էլ ասում են` եթե ընտրակաշառքներ չլինեին, մենք բավականին լուրջ ձայներ կհավաքեինք: Կան քաղաքական ուժեր, որ էսպես 27-37 մարդու ցուցակ են ներկայացնում ու հասարակությանն ասում են, որ իրենք ամենաբարձր ձայներն են վերցնելու` 37 հոգով 80 տոկոս ձայն են հավաքելու: Բարձր ներկայացվածության մասին կարող են խոսել երկու-երեք, չորս կուսակցություն, մնացածներն այնքան սակավ են ներկայացրել, որ հոխորտալու կարիք էլ չկա», ընդհանրական, առանց առարկայացնելու նշեց Գ. Սահակյանը:

ՀՀԿ-ի նախընտրական ռազմավարությունն ուղղված է նախ լավ ընտրություններ անցկացնելուն, եւ ապա` արդյունքների արձանագրմանը: Բուն քարոզչության հիմնական ձեւը արված աշխատանքների գնահատականների եւ հաշվետվության ներկայացումն է եւ հետագա անելիքն ուղենշելը. «Մենք գնում են ավելի կոռեկտ եւ լուրջ քարոզարշավի. տրամադրություն չունենք եւ ոչ էլ ժամանակ, որ հակադարձենք այս կամ այն քաղաքական ուժին»: Իսկ որ մյուս ուժերը հատկապես ՀՀԿ-ին են ուղղում քննադատության սլաքնե՞րը. «Դա կարող է շփոթից կամ վախից լինել` մեզ համար դա էդքան մեծ հետաքրքրություն չի ներկայացնում: Կարեւորը ստի որակն է` եթե էդպես շատ արժանապատիվ, հագեցված սուտ լինի, բնականաբար կպատասխանենք, բայց` շատ կոռեկտ: Ինչու, որովհետեւ մենք գիտակցում ենք, որ քաղաքական էլիտան երբ խոսում է մեկը մյուսին փնովելով կամ ուղղվածություն ունի Հանրապետականին քարկոծելու, սա իջնում է մինչեւ հասարակություն: Եվ հասարակությունն ավելի է լարվում` սկսվում են բախումներ, որը հիմք է վատ ընտրությունների, այդ պատճառով մենք փորձում ենք ավելի հանդուրժող լինել եւ կրքերը մեղմել»:

ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանի` կոալիցիայի չգոյության գնահատականի մասին. «Իրողությունն այն է, որ Օսկանյանը կուսակցական աշխատանքի փորձ չունի: Առավել եւս ինձ համար էլ է հանելուկ մնում նրա ասածը, որովհետեւ Օսկանյանը, լինելով կառավարության կազմում բավական դիրքեր ունեցող, երբեւիցե մասնակից չի եղել քաղաքական գնահատականների: Կոալիցիոն շրջանակներում կատարված աշխատանքն, այդպիսով, փորձ է արվում նսեմացնել, «Բարգավաճին» փորձ է արվում դնել մի տեղում, որը շատ սխալ եմ համարում. որ արհամարված էր իբր, չմտածելով, որ այդ կոալիցիան ստեղծել է գործադիր մարմին` 4 նախարար «Բարգավաճ Հայաստանից» են: Եթե կոալիցիոն շրջանակում խնդիրներ առաջացել են` շատ կարճ ժամանակում հաղթահարվել են: Բայց նաեւ չեմ էլ մեղադրում` քարոզչական ժամանակաշրջան է, մենք փորձն ունենք, որ ասում են` եթե մենք ավելի մեծ իշխանություն ունենայինք, կտեսնեիքՙ ինչ կդառնար Հայաստանը»: Գ. Սահակյանը նշեց, որ Հանրապետականը յուրաքանչյուր գնահատման դեպքում խոսում է այն բոլորի մասին, ինչ կատարվել է կոալիցիայի կողմից` ե՛ւ առաջընթացը, ե՛ւ թերացումները:

Բայց կոալիցիան փաստորեն ավարտին է մոտենում, ինչը կարող է արձակել կոալիցիոն մյուս ուժերի ձեռքերը քարոզարշավի ընթացքում, նկատեցինք. «Չգիտեմ ձեռքերը կարձակեն, թե մտքերը կարձակեն` իրողությունը նույն սցենարն է. Հանրապետականն ասում է` մենք պատասխանատու ենք ծառացած բոլոր խնդիրների համար, դերակատարներն էլ եղել են «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունները»:

Իսկ արդյոք Հանրապետականի ղեկավարությունը հանդիպո՞ւմ է առայժմ կոալիցիոն մյուս ուժերի ղեկավարների հետ` պայմանավորվելու, որ իրադրությունը քարոզարշավի ընթացքում չսրեն. «Եթե խախտելու խնդիր լինի` դրա ճանապարհն էլ բնականաբար կա, հենց կոալիցիոն հուշագրերը կամ կոալիցիոն արձանագրումները քաղաքական ուժերին հնարավորություն տալիս են միայնակ գործելու, բայց նման խնդիր ընդհանրապես չի քննարկվում, քանի որ չկա այդպիսի խնդիր»:

Երկրից բացակայողների թվերը ընտրակեղծիքների ռեսուրս են, եթե ժամանակին ընդդիմության առաջարկած` քվեարկած մարդկանց ցուցակների հրապարակումը ներառվեր ԸՕ, էս խոսակցությունները գուցե չլինեին:

Գ. Սահակյանը չհամաձայնեց` աշխատել են սահմանադրության շրջանակներում` դա քվեարկության գաղտնիության խախտում կնշանակեր, իսկ ԸՕ-ն հնարավորություն է տալիս լուրջ վերահսկողություն իրականացնելու, այդ խնդիրը կարող է իրականացնել յուրաքանչյուր քաղաքական թիմ: Ընտրությունների օրինականության շրջանակում անցկացումը ՀՀԿ-ում առաջնային է, մոտեցումը` որեւէ ավելորդ բյուլետեն քվեատուփում չպետք է հայտնվի, նոր բաներ պետք չէ հորինել: Ընտրողը քվեարկելու է, անձնագրերում կնիքը դրվելու (որը 24 ժամվա ընթացքում անհետանալու է), այնպես որ չի կարող երկրորդ անգամ ընտրել: Իսկ քվեատուփի մոտ 9 կուսակցությունների ներկայացուցիչներ կարող են կանգնել, ամեն ինչ նկարահանվում է, առավել եւս, որ անջատող վարագույրներ չեն լինելու: Շենքեր մտնող-տրամադրությունները շոշափողների մասին էլ ասաց, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ իր հաշվարկները պիտի ունենա, թե քանի ընտրող է ունենալու:

«Չե՞ք վախենում, որ բոլորը քարոզչությունն ընդդեմ ՀՀԿ-ի ծավալեն» հարցին Գ. Սահակյանը պատասխանեց. «Սցենարները մշտապես էդպես են եղել: Հակաքարոզչություն կլինի, բայց դա միայն մեզ կուժեղացնի: Ի վերջո հակաքարոզչությունն ամենաուժեղի դեմ է լինում, իսկ տրամաբանորեն ժողովուրդն ուզում է պետության ներսում ուժեղների իշխանություն»:

Մեծամասնականով ընտրություններում Գ. Սահակյանն ակնկալում է ՀՀԿ-ի 80-85 տոկոս թեկնածուների հաղթանակ:

Հետընտրական ցնցումնե՞ր. «Եթե մի տարուց ավելի ասում են` ընտրությունները կեղծելու են, իրենց էլ թվում է, որ հզոր են...»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4