«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2012-04-19 | #72, 2012-04-20 | #73, 2012-04-21


ՎԵՐՋԻՆ ՎԿԱՆԵՐԸ

Առաջիկա կիրակիՙ ապրիլի 22-ին Նյու Յորքի Թայմս սկվերում կայանալիք Հայոց ցեղասպանութան զոհերի հիշատակման 97-րդ տարելիցին կմասնակցեն այդ ոճրագործության առաջին սերնդի մինչ օրս ապրող եզակի ականատես-վկաներ Փերուզ Գալուստյանը , Շառլոտ Քեշեջյանը եւ Արշալույս Դադիրը : Նրանք Նյու Յորքի Հայկական տուն-ծերանոցի բնակիչներ են, իր տեսակի մեջ եզակի մի հաստատություն, ուր ապրում են միայն հայազգի տարեցներ:

102 տարեկան Փերուզ Գալուստյանը ծնվել է Խարբերդում: Հիշում է, թե ինչպես են թուրքերը հավաքել 15 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց, այդ թվում եւ իր մորեղբորը, զույգ-զույգ կապել միմյանց եւ նետել կամրջից Եփրատ գետը: Վեց տարեկանում նա իր մոր հետ ծառայել է թուրք ավազակապետ Իբրահիմ բեյի տանը: Տարիներ հետո նրանց հաջողվել է մեկնել Սիրիա, որտեղից էլ տեղափոխվել են Միացյալ Նահանգներ:

Արշալույս Դադիրը ծնվել է Շապին Գարահիսարում 1913-ին: Թուրքերը սպանել են իր հորը: Հորեղբայրը եղել է հայտնի բժիշկ, ում 1915-ի ապրիլի 24-ին քշել են դեպի կառափնարան բազմաթիվ հայ մտավորականների հետ:

Իր 100-ամյա տարելիցին մոտեցող Շարլոտ Քեչեջյանը հիշում է, թե ինչպես է քայլել մոր հետ անապատի միջովՙ անընդհատ խնդրելով նրանից մի քիչ ջուր:

Մոտ մեկ դար առաջ է հիմնվել Նյու Յորքի Հայկական տունը, որի առաջին բնակիչները Ստամբուլից նավով Ամերիկայի արեւելյան ափ հասած եղեռնապուրծ բազմաթիվ հայ գաղթականները եղան: Այդ տարիներրին Քուինս թաղամասում ապրող մի հայ ընտանիք իր հարկի տակ օթեւան է տվել անտուն մի քանի հայերի: Հետագայում տան անդամների թիվը ավելացել է նոր եկվորներով: Անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու ծերանոց, արդենՙ տարեց, միայնակ հայերի համար: Տանտիրուհուՙ Սիրանույշ Սանոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է օգնության ֆոնդ, ինչի շնորհիվ Ֆլաշինգի թիվ 45 հասցեում կառուցվել է եռահարկ, հարմարավետ մի շենք:

Տասնամյակներ շարունակ այս եզակի հաստատության խորհուրդն ու ձգողականությունը Հայոց ցեղասպանության անամոք հուշեր ունեցող բնակիչներն էին, որոնց պատմությունները հիմք են եղել Հայոց եղեռնին առնչվող բազմաթիվ կինոսցենարների, գրքերի, հոդվածների, պատմական տարաբնույթ ուսոմնասիրությունների համար: Այսօր հրաշքով ապրող եզակիներն են մնացել:

Իսկ վաղը լռություն չի լինելու, վաղը գալու ենք մենքՙ ցեղասպանության սերնդի հաջորդ ժառանգներս, պատմելու եւ վկայելու նրանց մեզ փոխանցածը եւ ավարտելու այն դատը, որի համար նրանք պայքարեցին:

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4