«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2012-04-19 | #72, 2012-04-20 | #73, 2012-04-21


ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆ. «ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԳ ԱՌՆԵԼԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԴՈՓԵԼ ՏԵՂՈՒՄ, ԱՅԼ` ՀԵՏ ԳՆԱԼ»

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի շրջանակներում ապրիլի 16-18-ն անցկացված «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական եւ գործնական հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովի ավարտին «Ազգը» մի քանի հարց ուղղեց մանկավարժական համալսարանին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպկան տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Փիլիսոփայության միջազգային ակադեմայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանին, ով գիտաժողովի փակմանը նշել էր. «Գիտության մեջ չպետք է հանգստություն ունենալ: Գիտաժողովը հաղթահարեց բազմաթիվ դժվարություններ, բայց բացահայտեց երիտասարդ սերնդի գիտնականների»: Իսկ գիտաժողովի բացմանը անվանի գիտնականը համոզմունք էր հայտնել, թե իր ներքին օրենքներով զարգացող գիտության միջոցով այսօր արդիական է երկրի տնտեսության զարգացմանն օգնել նաեւ, մանավանդ` փոխակերպվող հասարակության կարեւոր խնդիրներից է առանց հինը դեն նետելու` ժառանգել այն արժեքները, որոնք մեր ժողովրդին կօգնեն զարգանալ:

Միջազգային գիտության, հայ փիլիսոփայական մտքի եւ մանկավարժական համալսարանի համար նշանակության տեսակետից դիտարկելով գիտաժողովի կազմակերպումը` Գ. Բրուտյանը «Ազգի» հետ զրույցում նշեց.

- Մանկավարժական համալսարանը հետաքրքրական ժամանակշրջան է ապրում` հին սովորույթներից վերացարկվում ենք, գնում ենք դեպի նորերը: Միշտ չէ, որ այս համալսարանը հեղինակություն է ունեցել: Գիտնականը պետք է շատ մտածի իր համալսարանի, իր գիտական շրջապատի հեղինակության մասին: Եվ ես հիմա տեսնում եմ, որ համալսարանի ղեկավարությունը այնպիսի կուրս է վերցրել, որ թոթափի անցյալի փոշին, եւ առաջ գնա: Ի՞նչ ստացվեց` կարծես թե համալսարանն իր համար գիտաժողով էր կազմակերպել, բայց գիտե՞ք քանի-քանի կազմակերպություններ մասնակցեցին` հաղթահարելով երբեմն բավական դժվարություններ եւ իրենց ղեկավարությունների դիմադրությունները: Երկու տասնյակից ավելի կազմակերպություն է մասնակցել գիտաժողովին. ընդունեցին մեր առաջարկը, զեկուցում գրեցին, կարդացին: Իմ կարծիքով` ամենակարեւոր նշանակությունն այն էր, որ ստեղծվեց նոր գիտական դաշտ, որին մասնակցում էին հայկական գիտության տարբեր ներկայացուցիչները. դա շատ կարեւոր հանգամանք է: Մյուս կողմից էլ` համալսարանն օրինակ հանդիսացավ այն առումով, որ ցույց տվեց` միայն այսպե՛ս պետք է կազմակերպել գիտական կոնֆերանսներ, որոնք հետաքրքություն առաջացնեն բոլորի մոտ, անկախ նրանից, թե որտե՞ղ են դասավանդում-սովորում, ու յուրաքանչյուր համալսարան, այդ թվում` արտերկրի, կարող է գոհ մնալ: Արդեն տեղ չհասած` ինքնաթիռներից հաղորդում են այն մարդկանց խիստ դրական կարծիքը, որոնք այստեղ թվում են շատ չոր, ոչ ժպտացող...

Այնպես որ`գիտաժողովը ե՛ւ միջազագային գիտական առումով, ե՛ւ մանկավարժական համալսարանի համար մեծ նշանակություն ունի. իմ կարծիքով Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը իր ղեկավարության շնորհիվ մտել է նոր ճանապարհ, նոր ուղի է հարթում համալսարանի ապագայի համար: Եթե այն ծրագրերը, որ ռեկտորատը որոշել է ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ, իրականացվեն, ապա համալսարանը կազատվի այն վիճակից, որում եղել է անցյալում եւ աստիճանաբար կդառնա միջազգային նշանակություն ունեցող համալսարան: Ինչպես ոչ մի զինվոր չի կարող չերազել գեներալ դառնալու մասին, այնպես էլ մեր ժամանակներում բոլոր համալսարանները երազում են դառնալ աշխարհում լավագույններով:

Ամեն տարի հրապարակվում է աշխարհի լավագույն համալսարանների ցուցակը, միշտ պետք է ձգտել ընկնել այդ ցուցակների մեջ, հայերս այդ հնարավորություններն ունենք, քանի որ գիր-գրականությունը, արվեստը, պոեզիան մենք լիուլի ունենք, գիտությունն էլ նույնպես մեր երկրում եւ մեր ժամանակներում ծաղկել է: Վիկտոր Համբարձումյանի նման փառահեղ, հռչակավոր գիտնական հազվագյուտ է ծնվում, բայց եթե առաջիկա հարյուր-երկու հարյուր տարվա ընթացքում նման մեկն էլ ծնվի, մենք երջանիկ կլինենք: Իսկ առաջ գնալը գիտության մեջ բավականին կոնկրետ է ` մենք բոլորս էլ գիտության մեջ ձգտում ենք առաջ գնալ: Ամեն կերպ պետք է աշխատենք, որ ոչ թե միայն հասնենք, այլ կանգ չառնենք եւ անցնենք, որովհետեւ գիտության մեջ կանգ առնելը նշանակում է ոչ թե դոփել տեղում, այլ` հետ գնալ: Այս բոլորը շատ լավ են հասկանում այստեղ, հատկապես համալսարանի ղեկավարությունը: Ես նոր մարդ եմ այստեղ` նոր ինստիտուտ էր ստեղծված, եւ առաջարկեցին ղեկավարել, ու տեսնում եմ, որ այնպիսի ներուժ կա, այնպիսի երիտասարդություն, եւ դասախոսների մեջ այնպիսի մարդիկ կան, որ կասկած չունեմ`այսպիսի գիտնականներով համալսարանը կարող է հասնել արդյունքի:

- Գիտաժողովի խիստ արդիական թեման նույնիսկ ոչ գիտական հանրույթին հետաքրքրեց, ընդհանուր գծերով կներկայացնե՞ք ուղղվածությունը:

- Գիտաժողովում հրավիրվածների եւ մեր տեղի ուժերի շնորհիվ վերլուծվեցին այն խնդիրները, որոնք դրված են այսօր մեր հասարակության զարգացումն ըմբռնելու եւ ճիշտ ուղիներ փնտրելու-գտնելու եւ հուշելու, այդ տեսակետից մեր գիտությունը զարգացնելու համար: Գիտաժողովը բավականին լավ անցավ, դա նաեւ շնորհիվ այն բանի, որ արտերկրի խոշորագույն գիտնականներ համաձայնեցին եւ սիրով եկան: Դրանցից էր Եվանգելոս Մոութսոպոուլոսը, որը Միջազգային փիլիսոփայական ակադեմիայի համանախագահներից է, Հանս Կոխլերը Ավստրիայից (Ինսբրուքի համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավարը), եւ շատ ուրիշներ`14 խոշոր գիտնականներ էին ժամանել: Եվ դա դեռ ամենը չէ: Մի շարք գիտնականներ չկարողացան գալ, պատճառներից մեկն այն է, որ նրանք շատ վաղ են հաստատում իրենց ծրագրերը, այդ թվում`այլ երկրներ այցելելը, եւ նրանց մոտ այստեղ գալը ծրագրված չի եղել: Բայց ես ուրախ եմ, որ գրեթե բոլորը, ում դիմեցինք, եթե այժմ էլ չեն եկել, որոշեցին, որ հետագայում անպայման կգան, անգամ մոտավորապես հայտնի է, թե ով` ո՞ր ամսին է գալու:Դրանցից է աշխարհահռչակ փիլիսոփա-լեզվաբան, քսաներորդ դարի լեզվաբանության հիմնադիր Չոմսկին (գրում են Խոմսկի, բայց Չոմսկի է իրապես): Չոմսկին մի ամբողջ դար է ստեղծել լեզվաբանության մեջ եւ, շատ լավ հասկանալով փիլիսոփայության կապը այդ գիտության հետ, համալսարաններից մեկում բացել փիլիսոփայության եւ լեզվի ֆակուլտետ եւ ղեկավարում է այդ ֆակուլտետը: Այ, մոտ ապագայում նա խոստացել է անպայման գալ: Եվ մի արք այլ ախարհահռչակ գիտնականներ: Ամեն մեկը ինչ-որ ժամանակում կգա, երբ էլ գան, մենք կոնֆերանս կկազմակերպենք`այս գիտաժողովի բարձր նշաձողը պահելով :

- Ի՞նչ նոր միտումներ մատուցվեցին գիտական առումով...

- Արդեն իսկ փոխակերպվող հասարակության հարցը հրատապ է եւ հնչում է շատ երկրներում: Գիտաժողովում փորձ արվեց տարբեր կողմերից բացահայտել այս խնդիրը եւ ճիշտ առաջարկներ անել, թե ի՞նչ ձեւով պետք է զարգանա փոխակերպվող հասարակությունը, որի շրջանակում մենք ապրում ենք: Երկրորդը, որ շատ կարեւոր է` հաճախ խոսվում է փոխակերպվող հասարակության մասին միայն սոցիալ-քաղաքական նկատառումներից ելնելով, սոցիալ-քաղաքական էությունը բացահայտելով` տվյալ դեպքում այս համաժողովում գիտության որոշՙ չափազանց կարեւոր հարցեր բխում էին փոխակերպվող հասարակության պահանջներից:

Այստեղ գիտական տեսակետից շատ հետաքրքրրական հարցադրումներ եղան եւ պատահական չէ, անցնող կամուրջ կա այստեղ` օրինակ մասնաճյուղերից մեկը կոչվում էր Փոխակերպական տրամաբանության մասնաճյուղ, այդ մասնաճյուղը նվիրված էր այն գիտական հարցերին, որ առաջադրված են Հայաստանում: Եվ Մետափիլիսոփայության փոխակերպական տրամաբանության փաստարկման տեսության հատուկ ինստիտուտ էլ ստեղծված է, ու բոլոր այս երեք առանձնահատկություններով աչքի է ընկնում մեր` հայկական գիտությունը: Շատ երկրներում անպայման խոսում են փաստարկման տեսության երեւանյան դպրոցի մասին, շատերը համարում են իրենց այդ դպրոցից ծնված նոր դպրոցների հեղինակներ: Այս դպրոցը ժամանակին ուներ եւ ունի մասնաճյուղեր այլ երկրներում, այնպես որ սա չափազանց հայկական փիլիսոփայության նշանավոր հատկություններից մեկն է: Եթե խոսենք` ի՞նչ հաջողություն ունի Հայաստանը փիլիսոփայության բնագավառում, պետք է նշենք այդ` փաստարկման տեսությունը:

Ավելի կարեւոր է, իմ կարծիքով, փոխակերպական տրամաբանության ստեղծումը. եթե փաստարկման տեսությունն այլ երկրներում է ստեղծվել, իսկ մենք դարձել ենք կենտրոներից մեկը, ապա փոխակերպական տրամաբանությունն այստեղ զրոյից է ստեղծվել` անունն էլ, տեսություններն էլ: Իսկ հիմա երկու հսկայական հատոր է հրատարակված այդ տեսակետից եւ բազմաթիվ լեզուներով թարգմանված է` տարբեր հատվածներով եւ տարբեր հոդվածներով: Որ այս ինստիտուտը ստեղծված է` մի կողմից դառնում է օրինակ արտերկրի շատ գիտնականների համար, մյուս կողմից էլ նոր թափ է ստանում` հարցեր, խնդիրներ կան այդ բնագավառում, որոնք լուծված չեն եւ անպայման կլուծվեն: Դրանց լրացնում է նաեւ մետափիլիսոփայությունը, որը խիստ վիճարկելի պրոբլեմներ ունի, այս հարցով զբաղվող գրեթե յուրաքանչյուր մարդ իր տեսակետն ունի: Եւ մեր դպրոցը նույնպես մետափիլիսոփայության խնդիրներով շատ է զբաղվել, եւ հաշվի են առնում այս դպրոցի կարծիքը: Կան եւ էլի ուղիներ` փիլիսոփայությունն անսահման է, սահման չունի: Բայց ես նշեցի միայն այն դրույթները, այն ուղղությունները, որոնց համար ստեղծվել է միջազգային դարձած այս գիտահետազոտական ինստիտուտը: Եւ այդ բոլորի մասին խոսվեց մեր գիտաժողովում:

Հինգ մասնաճյուղ է աշխատել, որոնցից երեքը փիլիսոփայական հարցերին էին նվիրված, երկուսը հոգեբանությանը. բանն այն է, որ եթե մեր փիլիսոփայական անվանդույթները գալիս են շատ հնուց, համաշխարհային մասշտաբով մենք նշեցինք Դավիթ Անհաղթի 1500-ամյակը, դա առիթ տվեց, որ բացահայտեինք նոր դրույթներ Անհաղթի գործերում, դրույթներ, որոնց հետ ծանոթ չէին աշխարհի շատ փիլիսոփաներ, եւ զարմացած էին, որ Դավիթ Անհաղթը կարող էր լուծել այնպիսի պրոբլեմներ, որոնք մինչեւ հիմա շատերն են երազում լուծել, բայց չեն կարողանում հասնել այդ մակարդակին: Իսկ հիմա մենք ե՛ւ մասշտաբներն ենք ընդարձակում, ե՛ւ նորություններն ենք բացահայտում:

- Երիտասարդ գիտանականները դառնո՞ւմ են լավ ժառանգության եւ այս նոր նախաձեռնությունների կրողը:

- Երիտասարդներին ես մեծ նշանակություն եմ տալիս անձամբ, եւ շատ-շատերն են լավ ստեղծագործում: Երբեմն այնպիսի բաներ են կատարվում, որ մարդու մտքով էլ չի անցնում: Ինձ մոտ հինգերորդ կուրսում մի քանի տարի առաջ 21 տարեկան Աննա Ամիրխանյանը պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն, մի բան որ չի եղել ոչ արեւմուտքում, ոչ ուրիշ տեղ, դա բացառիկ երեւույթ էր: Հիմա մենք հրատարակում ենք նաեւ միջազգային ամսագիր` Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ամսագիրը` «Նորություններ եւ հայացքներ», սա համաշխարհային նշանակություն ունեցող հրատարակություն է,այստեղ միայն միջազգային ակադեմիայի անդամների գործերն են հրապարակվում: Բայց ես, այնուամենայնիվ, հանգեցի այն եզրակացության, որ այնտեղ պետք է լինի նոր, երիտասարդ գիտնականների բաժանմունք, որովհետեւ հաճախ ես տեսնում եմ, որ երիտասարդներն այնքան առաջ են անցել, որ մեծի եւ փոքրի տարբերություն չի զգացվում:

- Այսինքն` սերնդափոխության խնդիրը բնականոն ընթացք ունի:

- Գիտեք ինչ` ԱՄՆ-ում ռադիոյի աշխատակից մեկը ինձ հարց տվեց` «Դուք երիտասարդ կադրեր ունե՞ք», ասացի` «Շատ ունեմ, ընդհանրապես իմ դեւիզն է` մի գիրք էլ պակաս գրեմ, բայց հրատարակեմ իմ ուսանողների աշխատանքները, ե՛ւ այստեղ, ե՛ւ ակադեմիայում հրատարակչություն ունենք եւ հրատարակում ենք երիտասարդների աշխատանքները»: Հարցրին` իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ հենց այսօրվանից նրանք փոխարինեն Ձեզ», ասացի` «Ոչ, չեն կարող, քանի որ ես չեմ ուզում դեռ գնալ»: Վերջին իմ ասպիրանտը ասպիրանտուրան մեկ տարում ավարտեց, պաշտպանեց փայլուն դիսերտացիա:

Հարցազրույցը վարեցՙ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4