«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2012-05-03 | #81, 2012-05-04 | #82, 2012-05-08


ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այս ընտրությունները մի շարք առանձնահատկություններ գրանցեցին:

Առաջին առանձնահատկությունն այն է, որ համարյա ոչ մի ձայն չի կորչում եւ փոշիանում այս անգամ, քանի որ խորհրդարանից դուրս մնացող ուժերի հավաքած տոկոսը հազիվ 2 է: Իսկ մնացածը կարծես քարտեզով դրված-գծած լինի:

Երկրորդն այն է, որ պարզվեց, որքան էլ տարօրինակ է, ընտրողը, ընտրական տարիքի ժողովրդի մեծ մասն այնքան էլ դժգոհ չէ իր կյանքից, փաստորեն ու այն չի ուզում փոխել, այլապես իր քվեների մոտ 75 տոկոս չէր տա 10 տարի իշխանության ղեկի մոտ եղած կուսակցություններին (ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն միասին 75 տոկոսից ավելի քվե ունեն): Ահա եւ ընտրողների մեծ մասը 5 տարի այլեւս իրավունք չի ունենալու նվնվալու կամ բողոքելու, թե մեր կյանքի որակը վատն է, որ սոցիալական իրավիճակն անտանելի է եւ այլն: Նրա ընտրությունը բոլորովին այլ բան է նշանակում, ուրեմն: Անկախ այն բանից, որ այլընտրանք չի տեսել, կամ այլ ուժերի հետ մեծ հաշվով հույս չի կապել: Այսինքն` մեր կյանքն ու ընտրողի ընտրությունն իրար չեն բռնում:

Նորից ու կրկին ակնհայտ դարձավ անընդհատ եւ ընտրությունից ընտրություն հայ իրականության մեջ ավելի ակնառու դարձող այն իրողությունը, որ որ հայ ընտրողը քաղաքական ընտրություն չի անում, այլ առաջնորդվում է բոլորովին ուրիշ իրողություններով: Այնպես որ բազմաբարդ այն ծրագրերը, որ քարոզչության ընթացքում մեր կուսակցությունները եւ նրանց ներկայացուցիչները լցնում էին ընտրողի ականջը, բոլորովին իզուր էին:

Առավել իրատեսական, առավել գործուն կարգախոսներ են աշխատում այդպիսով, ավելի պարզ խոստումներն են ազդում, ու գաղափարական հեռանկարները մեր ժողովրդի գերակշիռ մասին անտարբեր են թողնում, որքան էլ ցավալի է դա ընդունելը: Ավելի գործուն եւ ազդեցիկ է խմբային շահը, օրվա կարիքը եւ այլն, եւ սա հայ ընտրողի դժբախտությունը կարելի է համարել:

Վերհիշելով ընտրական օրվա պատկերը` կարելի է նաեւ գծել ընտրությունների կոնկրետ առանձնահատկություններ:

Ընտրական օրվա առավոտյան ընտրատեղամասերում հերթ էր, պատկերացրեք` մի կես ժամ հերթ էիր կանգնում ընտրելու համար: Չգիտենք` կա արդյո՞ք այստեղ օրինաչափություն, ու որոշակի կազմ էր առավոտ վաղ ընտրելու կանչվել` որոշակի նպատակներով (ակնարկներ կան, որ ընտրակնիքի անհետանալուց տեղյակ են եղել ընտրատեղամասերում, ու դա կրկնակի քվեարկության դուռ է բացել), սակայն փաստը մնում է փաստ, որ մինչեւ ցերեկվա ժամը 1-ը ընտրատեղամասերոմ հերթեր էին: Անմիջապես էլ հայտնի դարձավ ընտրակնիքների անհետանալը անձնագրերից րոպեների եւ ժամերի ընթացքում: Ճիշտ է, ժամանակի ընթացքում ԿԸՀ-ն հրահանգեց սկզբում թափահարել ընտրաթանաքը, հետո այն փոխարինեցին սովորական թանաքով: Ու ի դերեւ ելան ժամանակին եվրոպացի փորձագետների մտահոգությունները` ընտրության մասնակցության գաղտնիությունը պահպանելու համար անհետացող թանաքով կնիք ամրագրել ընտրական օրենսգրքում. իմ անձնագրում դրված է չանհետացող թանաքով կնիք, որը յուրաքանչյուր անձնագիր ուզողին պատմելու է ընտրություններին իմ մասնակցելու մասին: Գաղտնիություն` չիք: Մինչդեռ միասնական շտաբի դիմումը Սահմանադրական դատարան մայիս 5-ին մերժվեց` ընտրացուցակների հրապարակումը ընտրության գաղտնիության խախտում է: Ընտրության օրվա առավոտից սոցիալական ցանցերը լցվեցին ընտրախախտումների վերաբերյալ տարբեր հաղորդումներով` գունավոր գրիչներով են քվեարկում, կուտակումներ են, եւ այլն, եւ այլն, ապա եւ միմյանց դեմ սեւ քարոզչության ունիկալ նմուշներ նետվեցին ցանց, իսկ ավելի ուշ, ընտրություններից անմիջապես հետո, այդ նմուշները ցանց նետած փիարշչիկներին կարելի էր տեսնել հեռուստաէկրաններին: Այս անգամ ցուցադրվող ֆիլմերն էլ այլ էին. եթե նախորդ ընտրությունների օրը կարելի էր «Զանգեզուր» ֆիլմը տեսնել, քանի որ այնտեղ Դաշնակցության դեմ մեղադրանքներ կային, այս անգամ «Սայաթ-Նովան» էր ցուցադրվում` «Ախ, թե մի խորվաթ տեղ կու պատահիմ քիզ` ես գիդիմ ու դու», հավանաբար կոալիցիոն գործընկերն էր անուղղակի բան հասկացնում մի այլ կոալիցիոն գործընկերոջ:

Ամենացնցողը բայց միմյանցից հաջորդող ալիքների վրա «Արմնյուզի» եւ «Կենտրոնի» հաղորդումների` տրամագծորեն տարբեր ուղղվածության մեկնաբանություններն էին, ու երբ բանը հասավ Էկզիտ-փոլին` «Արմնյուզով» ցույց էին տալիս Գելափ-ինտերնեշնլի հարցումը (ՀՀԿ-ն` 44,44, ԲՀԿ-ն 28,8 տոկոս ստանալու մասին), «Կենտրոնով» էլ հանդիպակաց էքզիտ-փոլ էին ցուցադրում, որտեղ ԲՀԿ-ն 38 տոկոս էր ստանում, ՀՀԿ-ն 25, ԲՀԿ-ին մերձ ընդդիմադիրներն էլ ավելի բարձր տոկոս էին ստանում, քան տալիս էր Գելափ-ը:

Ավանի 1/10 ընտրատեղամասի հերթերից հետո այցելեցի 7-րդ ընտրատարածքի Օտյան փողոցի տեղամաս, որտեղ ընտրությունների օրինականությանն էր հետեւում «Հայկական ժամանակի» Լուսինե Բարսեղյանը , ու նա ասում էր, որ շատ մարդիկ են լրացուցիչ ցուցակով ընտրել: Դրսում էլ ես ականատես եղա սեւ մեքենայի մեջ ինչ-որ ցուցակներ առաժ-նստած տղամարդկանց, որոնք նշումներ էին անում ցուցակներում, երեւի նշում էին` «իրենցականներից» ո՞վ եկավ, ով` ոչ:

Կոմիտասի փողոցի մի քանի տեղամասում էլ շրջեցի` արտաքուստ ամեն ինչ հանգիստ էր, սակայն բոլորը նշում էին տաքսիներով եւ երթուղայիններով ընտրողներին բերելու մասին, խոսում ընտրակաշառքների ու նրանց չափերի մասին (սրանք միայն խոսակցություններ էին` աչքով տեսնել չեղավ), ցույց տալիս շենքերի կուսակցական պատասխանատուների, որոնք գալիս-սպասում էին, մինչեւ իրենց շենքի ընտրողները գան-ընտրեն, որից հետո էլ միայն իր գործն արած համարում ու հեռանում: Ընտրությունների հայկական տարբերակն ուրիշ է, լրիվ անհասկանալի եվրոպացիների համար: Մենք ենք, ու մեր ընտրությունները:

Էլի մանրամասներ կպատմենք` դեռ երկար հետընտրական փուլ է լինելու` այս գլխից էլ պարզ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4