«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2012-05-04 | #82, 2012-05-08 | #83, 2012-05-09


ԵՐԲ ԱՍՏՎԱԾ Է ՊԱՏԺՈՒՄ

Շուշին վերագտնում է իր դիմանկարը

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Այսօր Արցախում տոն է: Նշվում է Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը: Այդ առթիվ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում անցկացվում է զորահանդես: Հանդիսություններ եղան Շուշիում: ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, կառավարության անդամները, խորհրդարանականներն ու բարձրաստիճան զինվորականները, Արցախ ժամանած հյուրերը հարգեցին Շուշիի ազատագրման մարտերում զոհվածների հիշատակը: Նրանք ծաղիկներ դրեցին տանկ-հուշարձանի զրահին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ում կիսանդրին կանգնեցված է Շուշիի կենտրոնական հրապարակում: Այնուհետեւ Շուշիում կազմակերպվեց իսկական ժողովրդական տոնախմբություն:

Արցախում տոնում են հինավուրց հայկական բերդաքաղաքի ազատագրման հոբելյանը: Իրոք, Շուշիի ռազմագործողությունը ղարաբաղյան պատերազմում բացառիկ է:

Դրանով ազդարարվել է, որ արցախահայությունը, թիկունքում ունենալով ողջ հայ ժողովրդի օժանդակությունը, իր նպատակադրվածության մեջ անսասան է: Շուշին բարոյահոգեբանական կործանումն էր ադրբեջանական կողմի սանձարձակ մեծախոսության: Այդ հաղթանակն Արցախի համար ավելին է, քան զուտ ռազմական հաջողությունը: Շուշիի ազատագրումը նշանակում է Արցախի պատմամշակութային մաքրագործում, որքան էլ որ այս բառն իր «տեղում չլինի»:

Խոսքն էթնիկական զտման մասին չէ, այլ այն առասպելի պսակազերծման, որ տասնամյակներ ի վեր պետական նախաձեռնությամբ ստեղծվել էր Ադրբեջանում: Այո, Բաքուն ջանադրաբար Շուշին դարձրել էր ազգայնականության հենակետ: Ամեն ինչ արվել էր, որ Շուշին ներկայացվի իբրեւ «ադրբեջանական մշակույթի օրրան»: 1920 թ. մարտի 23-ին սպանդի ենթարկելով Շուշիի հայ մեծամասնությանը, այնուհետեւ խորհրդային ժամանակաշրջանում Արցախում ստեղծելով Շուշիի արհեստածին վարչական շրջանը, Ադրբեջանի իշխանությունները բացահայտ լկտիությամբ այդ քաղաքը դարձրել էին «պատմամշակութային թանգարան»` նրա դիմանկարից քերելով նախնական-հայկական բոլոր գծերը:

Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է նույն քաղաքականությունը: Իշխանությունների ստեղծած` «ԼՂ ադրբեջանական համայնք» հասարակական միավորման նախագահ Բայրամ Սաֆարովն ասում է, որ «պատրաստ է մարտի նետվել, որպեսզի ազատագրի» Շուշին: Բոլոր լրատվամիջոցները գրում են, թե «ժամանակն է Շուշին մաքրելու օտար շնչից»: Խոսքը խնդրի կարգավորման մասին չէ, այլ` Շուշին «հայ թշնամիներից մաքրելու»: Այս ֆաշիստական գաղափարները, սակայն, Բաքվում փաթեթավորում են «հինավուրց ադրբեջանական Շուշի» քաղաքի մասին առասպելով: Բանը հասնում է բացարձակ կեղծարարության:

Այսպես, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Շուշին «չէր կարող հանճարներ չծնել, նրանց շարքում` Բյուլ-բյուլը, Ռաշիդ Բեյբութովը, Նիյազին, Ուզեիր Հաջիբեկովը: Այս տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նիյազին ծնվել է Թիֆլիսում 1912 թ.: Նույն քաղաքում 1915 թ. է ծնվել Ռաշիդ Բեյբութովը: Ուզեիր Հաջիբեկովի ծննդավայրը Աղջաբեդի գյուղն է, իսկ Բյուլ-բյուլը ծնվել է Խանբաղի կոչված` ներկայիս Ստեփանակերտի արվարձանում, որ այն ժամանակ` 1897 թ., փոստակայան էր:

Շուշիի մասին հրապարակումներից մեկի ադրբեջանցի հեղինակը գրում է, որ «քաղաքը դեռ այդքան երկար ժամանակ «զավթված» (չակերտները մերն են-Վ. Ա.) չի մնացել»: Վերացարկվելով ձեւակերպման ենթատեքստից եւ բնութագրումներից, կարելի է ասել, որ նա արձանագրում է մի մեծագույն իրողություն: Այն, որ քսանամյա հոբելյան նշող Շուշին այլեւս ոչ հեռավոր անցյալին չի վերադառնալու: Քանի որ քաղաքը վերագտնում է իր բուն ազգային` հայկական դիմագիծը:

Մեկ այլ ադրբեջանցի հեղինակ, թվարկելով «Շուշիի ծնունդ» ադրբեջանցի մշակութային գործիչներին, հռետորական հարց է տալիս. «Իսկ անցած 20 տարիներին քանի՞ հանճար է ծնել Շուշին»: Հանճարի մասին պատկերացումները տարբեր են. ամեն սազ նվագողի Բաքվում «հանճար» են ասում: Այդուհանդերձ, եթե ադրբեջանցի լրագրողը ներկա գտնվեր մայիսի 8-ին Շուշիում կազմակերպված տոնախմբությանը, ապա կհամոզվեր, որ քաղաքն անցած երկու տասնամյակների ընթացքում արդեն իսկ մի հանճարեղ սերունդ ծնել եւ դաստիարակել է: Դա արժանապատիվ կյանքով ապրելու պատրաստ եւ իր հայրենիքի ազատությունն ամեն ինչից վեր դասող մի իրոք հերոսական սերունդ է:

Իսկ ադրբեջանցիներին Աստված է պատժել: Նախկին շուշեցիներին` հատկապես: Քանի որ նրանք անառիկ թվացող բերդապարիսպների բարձունքից ռմբակոծում էին Ստեփանակերտը, շրջակա հայկական գյուղերը եւ հրճվում: Չէ՞ որ ասված է` ուրիշին մի ցանկացիր այն, ինչ չես ցանկանում քեզ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4