«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2012-05-04 | #82, 2012-05-08 | #83, 2012-05-09


ԿԱՄՈ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ԻՄ ԱԶԳԸ ՓԱՌԱՀԵՂ ԱՊԱԳԱ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ»

Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի հայ համայնքի առաջնորդ, «Մաստեր» ֆիրմայի գլխավոր տնօրեն Կամո Գասպարյանի հետ իմ զրույցը Մոսկվայում տեղի ունեցավ մեր ժողովրդի համար պանծալի մի իրադարձությանՙ Շուշիի ազատագրման 20-ամյա տարեդարձի նախօրյակին: Գասպարյանը Վլադիմիրի մարզից Արցախ մեկնող պատվիրակության կազմում նույնպես մասնակցելու էր այդ տոնակատարությանը: Շտապում էր ավարտին հասցնել կազմակերպչական վերջին աշխատանքները: Արցախն էր կանչում: Իր գիրկն էր կանչում Լեռնային Ղարաբաղի երբեմնի մայրաքաղաքըՙ արդեն երկու տասնամյակ ազատության շունչը վայելող հայրենի Շուշին: Եվ հենց Շուշիից էլ սկսվեց մեր զրույցը:

- Շուշին իմ ծննդավայրն է, որտեղ լույս աշխարհ եմ եկել 1961 թվականին: Մինչեւ 4-րդ դասարանը սովորել եմ Շուշիի դպրոցում: Հայրենի եզերքի հիշողությունները մինչ օրս անմոռանալի են ինձ համար: Իմ ծնողներից շատ եմ լսել, որ Շուշի բերդաքաղաքը մինչեւ 20-րդ դարի սկիզբը կարեւոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային եւ տնտեսական կյանքում: Ցավոք, այն ավերվել եւ հայաթափվել է 1920-ին, եւ ես, փաստորեն, ապրել եմ գերեվարված Շուշիում: Փառք Աստծո, որ արդարությունը հաղթանակեց, եւ 1992 թվականին իմ սիրելի ծննդավայրը վերջնականապես ազատագրվեց: Ներկայումս Շուշին հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց եւ վերականգնվում է: Հպարտ եմ, որ այդ գործում պարբերաբար կատարում եմ իմ համեստ ներդրումները: Բայց մինչ աշխատանքների մասին խոսելըՙ շարունակեմ համառոտ ներկայացնել հետագա կյանքիս ուղին:

4-րդ դասարանն ավարտելուց հետո մենք տեղափոխվեցինք նույնպես հիասքանչ մի անկյունՙ Սիսիան, որտեղ էլ ավարտեցի դպրոցը, ապա տեխնիկումը: Հետո բարձրագույն կրթություն ստանալու որոնումներն ինձ տարան Ռուսաստանՙ Վլադիմիրի մարզ: Այնտեղ ավարտեցի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետն, ու հետագա ճակատագիրս կապվեց ռուսական այդ մարզի հետ: Այստեղ ապրելու եւ աշխատելու բազմաթիվ հետաքրքրական ուղիներ բացվեցին իմ առջեւ: Ընտանիք կազմեցի (այսօր ունեմ 2 երեխա եւ հիասքանչ թոռնիկներ), սկսեցի զբաղվել գործարարությամբ եւ որպեսզի պահպանեմ ազգային նկարագիրս ու հայրենիքի հետ մշտական կապըՙ համախմբեցի մարզի հայ համայնքին, եւ քիչ անց ինձ, այսպես ասած, կարգեցին Վլադիմիրի մարզի հայկական համայնքի առաջնորդ: Այդ ամենին զուգահեռՙ ուժերիս չափով զբաղվում եմ նաեւ բարեգործությամբ: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ բարեգործական մի շարք ծրագրեր կյանքի կոչելու համար անցյալ տարեվերջին ԼՂՀ նախագահից արժանացել եմ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Իմ կարծիքովՙ մեր ժողովրդին բարեգործներ շատ են հարկավոր: Բերեմ ծնունդով տաշիրցի, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի օրինակը: Եվ եթե մեր ժողովուրդը նրա նման 20 զավակ ունենա, ապա Հայաստանը կվերածվի դրախտավայրի...

Կամո Գասպարյանն Արցախյան ազատամարտի տարիներին պատերազմական թոհուբոհից երբեք իրեն հեռու չի պահել եւ իր ազատատենչ հայրենակիցներին օգնել է ինչով կարողացել է: Օրինակ, 40 ավտոմեքենա (ՈՒԱԶ) դեղորայք է ուղարկել պատերազմական գոտի, օգնել է նաեւ ֆինանսապես, իսկ զինադադարից հետո աջակցել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ներքին վերականգնողական աշխատանքներին: Նրա խոսքովՙ այդ սուրբ գործին առաջին հերթին մեծ մասնակցություն է ունեցել հանրահայտ գործարար եւ բարերար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանը, ապա նաեւ երկու ընտանիքՙ ծնունդով շուշեցիներ Լալայանները եւ Գասպարյանները:

Նշում է նաեւ, որ մինչ օրս ինքը եւ Վլադիմիրի մարզի հայ համայնքըՙ իր ընկերներն ու հարազատները, օգնում են արցախյան հողի ազատագրության համար զոհված եւ վիրավորված ազատամարտիկների ընտանիքներին: Իսկ նրա անմիջական հովանավորությամբ շուտով լույս կտեսնի Շուշի քաղաքին նվիրված գիրք:

- Ես մշտապես պարտական եմ հայրենիքիս,- ասում է Կամոն,- իսկ այդ ամենից զատՙ անելիքներ էլի կան, որ նույնպես կարեւոր են: Ահավասիկ այսօր մեր գլխավոր խնդիրներից մեկը Վլադիմիրի մարզում կառուցվող հայկական եկեղեցու շինարարությունն ավարտելն է. եկեղեցին գրեթե պատրաստ է, մնացել են ներքին հարդարման աշխատանքները, հուսով ենք, որ եկող տարի այդ աշխատանքներն ավարտին կհասցնենք: Եկեղեցու հարեւանությամբ կառուցվում է մշակութային եւ կրթական կենտրոն, որի կազմում կլինի նաեւ կիրակնօրյա հայկական դպրոց: Այդ դպրոցը կգործի հանուն մեր երեխաների հայեցի դաստիարակության եւ նրանց ապագայի: Դպրոցի դռները բաց կլինեն ոչ միայն հայ երեխաների համար, այնտեղ կհաճախեն նաեւ բոլոր ցանկացողներըՙ անկախ ազգային պատկանելությունից: Եկեղեցին կառուցվում է Վլադիմիրի մարզի մեր հայրենակիցների մասնակցությամբ եւ օժանդակությամբ: Իսկ Վլադիմիրի մարզում ներկայումս գործում է երկու հայկական կիրակնօրյա դպրոց:

Կամո Գասպարյանի հովանավորությամբ հրատարակվում է «Հայաստանի լրատու» ամենամսյա թերթը, որտեղ հայ երեխաները տպագրում են իրենց գրական ստեղծագործությունները: Արդեն 8 տարի Վլադիմիրում գործում է նաեւ «Արարատ» անսամբլը, որը նույնպես հովանավորվում է Գասպարյանի կողմից: Ուրախությամբ տեղեկացա նաեւ, որ նա մասնակցություն է ունեցել անցյալ տարի Դիլիջանում հանդիսավորությամբ բացված «Միմինո» հուշարձանի ստեղծման աշխատանքներին:

- Հուշարձանի պատրաստման աշխատանքները հովանավորել ենք ես եւ իմ ընկերներըՙ շուրջ տասը մարդ: Նրանց մեջ կան նաեւ ռուսներ: Իսկ հուշարձանի գաղափարը մեր ռուս ընկերոջն է, նա պատգամավոր է: Մեկնել էր Դիլիջանՙ հանգստանալու, եւ այնտեղ վերհիշել էր «Միմինո» ֆիլմում Ֆրունզիկ Մկրտչյանի բնորոշումը Դիլիջանի հռչակավոր ջրի մասին: Ռուսաստան վերադառնալուց հետո մեզ ասաց. «Տղանե՛ր, եկեք Դիլիջանում հուշարձան տեղադրենք ի պատիվ «Միմինո» ֆիլմի: Հուշարձանի բացման արարողությունը Դիլիջանում տեղի ունեցավ անցյալ տարվա հուլիս 4-ին: Այդ գեղեցիկ ստեղծագործության հեղինակը քանդակագործ Արմեն Վարդանյանն է: Ֆրունզիկ Մկրտչյանի, Վախթանգ Կիկաբիձեի եւ Եվգենի Լեոնովի բրոնզե արձանները ասես խորհրդանշում են երեք հարեւան երկրներիՙ Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի բարեկամությունը:

Մենք այս նույն ընկերախմբով որոշել ենք ֆինանսապես աջակցել նաեւ Երուսաղեմի հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքներին: Իսկ քանի որ արդեն Շուշիի ազատագրման 20-ամյակի տոնակատարությունների նախաշեմին ենքՙ մեր նույն ընկերախումբը 100 ընտանիքիՙ զոհված, բազմազավակ, անօթեւան, Հայրենական մեծ պատերազմի մասնակից եւ այլն, հատկացնելու է բարեգործական նյութական օգնություն:

Հաշվի առնելով, որ ԼՂՀ-ում, հիմնականում Ստեփանակերտում, բնակվում է շուրջ 500 ռուս ընտանիք, մենք մի նախագիծ ենք պատրաստել, որը պետք է համաձայնեցնենք ԼՂՀ նախագահի հետՙ ռուսական եկեղեցու կառուցում Ստեփանակերտում: Կարծում եմ, եթե ամեն բան բարեհաջող ընթանա, ապա շինարարությունը կավարտենք մոտ երկու տարում:

Նաեւ նախագիծ ունենք ԼՂՀ բնակավայրերի ջրամատակարարման եւ ավտոճանապարհների վերանորոգման վերաբերյալ: Եվ քանի որ ես ծնունդով Շուշիից եմ, ապա ցանկանում եմ բարձրացնել թոշակառուների թոշակները, առանձնացնել ամենամսյա գումար վիրավորների համար, իսկ երեխաների համար բացել մանկական թատրոն եւ Շուշիի պատմության թանգարան:

Մեզ հետ Շուշիի է մեկնելու նաեւ Վլադիմիրի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոռեկտորը: Որոշել ենք 25-30 երիտասարդների, ովքեր ցանկանում են բարձրագույնի 2-րդ դիպլոմ ձեռք բերել, հրավիրել Վլադիմիրի մարզ, որպեսզի անվճար հիմունքներով ուսանեն պոլիտեխնիկական ինստիտուտի որեւէ ֆակուլտետում:

Ռեկտորի հետ մենք արդեն համաձայնություն ենք ձեռք բերել, պայմանագրերը պատրաստ են:

Կամո Գասպարյանից տեղեկացա, որ վերջին տարիներին Վլադիմիրի մարզից մի քանի անգամ պատվիրակություն է մեկնել Արցախ: Վերջին անգամ, դարձյալ Շուշիի ազատագրման տոնակատարությունների նախօրյակին, նրանց ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

- Պատվիրակությունը գլխավորում էր Վլադիմիրի մարզի Կոլչուգինոյի շրջանի վարչակազմի ղեկավար, ակադեմիկոս Վիկտոր Կատուշեւը, պատվիրակության կազմում էին Վլադիմիրի պետական համալսարանի պրոռեկտոր, տարածաշրջանային միջբուհական կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Վլադիմիր Կեչինը, «Ադամանդ» միավորման նախագահ Հրաչյա Ավագյանը եւ ես: Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարների, ինչպես եւ Վլադիմիրի մարզի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում կապերի հաստատմանը վերաբերող տարբեր հարցեր: ԼՂՀ ղեկավարը գոհունակություն է հայտնել Ստեփանակերտ եւ Կոլչուգինո քաղաքների, ինչպես նաեւ Արցախի եւ Վլադիմիրի պետական համալսարանների միջեւ կնքված համագործակցության պայմանագրերի կապակցությամբ, դա համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման գրավական: Եվ ներկայումս էլ մեր համագործակցությունը ԼՂՀ իշխանությունների հետ շարունակվում ու գնալով ընդլայնվում են: Պիտի ասեմ, որ մեր հայ համայնքին բարի աչքով են նայում եւ մեծապես աջակցում են ՌԴ Վլադիմիրի մարզի ղեկավարները, ես շատ լավ հարաբերություններ եմ հաստատել նրանց հետ, մտերմական կապեր ունեմ նահանգապետի հետ, բոլորը հիացած են հայերիս աշխատասիրությամբ եւ հայ համայնքի համերաշխությամբ: Իսկ ընդհանրապես, ես հպարտ եմ հայ լինելուս համար, հպարտ եմ մեր դարավոր մշակույթի, պատմության, պայծառ կենսագրության ու անցյալի համար ու լիահույս եմ նաեւ, որ իմ ազգը փառահեղ ապագա է ունենալու: Ուզում եմ խոսքս ավարտել վերստին Շուշի անունը շուրթերիս եւ հիշել Շուշիի վերակառուցման համար հայտարարված դրամահավաք-հանգանակության առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաբերած մի միտքը. «Ես ձեզ կոչ եմ անում շռայլորեն մասնակցել հանգանակությանը, ինչպես դարեր շարունակ վայել է եղել մեր բարեգործներին ու մեկենասներին: Մենք ինչ էլ որ տանք, ավելին չենք տալու, քան այն արյունը, որ տվեցին Շուշին մեզ վերադարձրած ազատամարտիկները»:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4