«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2012-05-15 | #87, 2012-05-16 | #88, 2012-05-17


ՀԱՆՈՒՆ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

Երեք ամիս շարունակ ընդգրկված լինելով Մաշտոցի զբոսայգում ծավալված ապօրինի կառուցապատումների դեմ շարժման մեջ եւ ներկա լինելով այնտեղ կազմակերպված միջոցառումներինՙ տեղեկացա մեր իրականության վերաբերյալ մի շարք նորանոր խնդիրների: Դրանցից ամենից շատ ինձ հուզեց ցմահ բանտարկյալների խնդիրը (բոլորը կհամաձայնեն, որ մեր փոքրիկ հանրապետության համար 104 ցմահ դատապարտյալ ունենալը չափազանց մեծ թիվ է): Այդ հարցին ծանոթանալու առիթը եղավ Մաշտոցի զբոսայգում կազմակերպված Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» վերնագրով գրքի շնորհանդեսը, որի վաճառքից ստացված գումարը հեղինակի ցանկությամբ եւ նրա անունից հարազատները փոխանցում են քաղցկեղով հիվանդ երկու երեխաների հաշվեհամարներին:

Գիրքն արագ կլանեցի նույն օրը, ավելի ճիշտՙ գիշերը: Առանց չափազանցությանՙ այդ գրքի ընթերցանությունից հետո մինչեւ այս պահը կորցրել եմ հանգիստս: Անսպառ երեւակայություն, անչար բնություն տեսա, անկեղծություն, հերոսները` պարզ, շիտակ: Նրա հերոսներից մեկը երեւանյան ծառն էր գրկել ու համբուրում դեռ մի քանի կանաչ մնացած տերեւները... այդպես կարող է գրչի ծայրից դուրս թռչել միայն խորը վերապրումը:

Պատմությունից գիտենք, այո, որ չորս պատի մեջ արգելափակումը շատերին է գրող դարձրել: Սակայն այլ է, երբ գիտակցում ես, որ տվյալ պարագայում գործ ունես քո ժամանակակցի, գրեթե քո սերնդակցի հետ, որն ապրում է քեզ հետ նույն քաղաքում, ունի գրական հակումներ, սակայն դու ազատության մեջ ես, իսկ նա ասես ողջ-ողջ թաղված է Նուբարաշենի բանտում արդեն 16 տարի եւ այնտեղից պարբերաբար հիշեցնել է տալիս իր մասինՙ շարունակ պնդելով իր անմեղությունը: Աննախադեպ մի երեւույթ. թերի բարձրագույն կրթությամբ մի ցմահ դատապարտյալ ոչ միայն կարողացել է գրել միանգամայն ընթերցվող մի գիրք, այն էլՙ երկլեզու (հայերեն եւ ռուսերեն)ՙ հասարակությանն իրազեկելով նրան գրեթե անհայտ մնացած մի խնդրի մասին, այլեւ որ անգամ ճաղերի հետեւից իր այդ քայլով նա փորձում է նպաստել իր հայրենակից երկու երեխայի առողջացման գործին: Անմիջապես սկսեցի փնտրել համացանցում Մհեր Ենոքյան անունը. չեք պատկերացնի, թե որքան տեղեկատվություն թափվեց ինձ վրա: Նայում էի բոլոր տեսանյութերը, կարդում բոլոր հոդվածները: Ծանոթացա ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ, զրուցեցինք, իմացա, որ նրանք նույնպես սկսել են Մհերից` արձագանքելով նրա` մամուլում տպագրված «Ես մարդ չեմ սպանել» հոդվածին:

Չեմ ցանկանում խոսել Հայաստանում ցմահ դատապարտվածների խնդիրներից առհասարակ (խումբն արդեն իսկ ուսումնասիրություններ, կլոր սեղաններ ու իրազեկման արշավներ է կատարում այս ուղղությամբ), ուզում եմ խոսել մարդու մասին, Մհերի մասին, ում հետ շուտով նամակագրություն հաստատեցի, նրան ուղարկեցի իմ ու այլ հեղինակների գրքերից, իմ պատրաստած հեռուստահաղորդումների սկավառակներ ու երաժշտական խտասալիկներ: Մենք խոսում ենք ամենատարբեր թեմաներից: Երբեմն հարցնում է հայոց լեզվի այս կամ այն նրբությունների մասին: Գրում է, որ 16 տարի փորձում է ողնաշարը ձիգ պահել, չճկվել, չկոտրվել, գրում է, որ միշտ սպորտով է զբաղվում` անգամ փակի տակ սարսափելի 90-ականներին, երբ յոթ տարի արեւի երես անգամ չէր տեսել: Հասկացա, որ նա իմ տեսակից, նույն արժեքները կրող, առողջ մտքով ու հոգով անձ է` պահպանած դեմք-դիմագիծ, հասկացա, թե որքան դժվար է այդ ամենն անել փակի տակ, երբ շուրջդ քո տեսակից, քո աշխարհից այնքան քիչ մարդ կա: Ու եթե չիմանայի, որ շուտով կգլորվի 17-րդ տարին, որ փակ ռեժիմում է, կկարծեի, որ մեկ օր առաջ են նրան մեկուսացրել հասարակությունից, կամ ինձ նամակներ գրողը, ասենք, արտերկրում է: Քսան տարեկանում հայտնվելով բանտումՙ նա այդպես էլ ոչ մի օր չի ենթարկվել բանտային ներքին օրենքներին: Անգամ սովորական ծխելը նա չի ընդունել, այլեւս չասած բանտային այլ ավանդույթների մասին: Նա անընդհատ ստեղծագործական աշխատանքի մեջ է, գրում է պատմվածքներ եւ հոդվածներ, նկարում է ու մտքերը փոխանցում, ինչպես ինքն է գրում` ՈՂՋԵՐԻ աշխարհ: Գրում է, որ այժմ էլ աշխատում է իր երկրորդ գրքի վրա, որը վիպակ է, ինչպես ինքն է գրում, գեղարվեստականի ու փաստագրականության միաձուլում: Մամուլից իմացա նաեւ, որ նրա դիմումագրի շնորհիվ մեր խորհրդարանը «Դոնորության» մասին օրենքում փոփոխություն է մտցրել, ըստ որի դատապարտված մարդիկ կարող են մոտիկ հարազատների համար որպես օրգանի դոնոր հանդես գալ: Հաջորդ քայլս` փորձեցի տեսակցել Մհերին, որպես մի գրչի մարդ, որը ցանկանում է տեսակցել մեկ այլ գրչի մարդու: Նույնիսկ մեկ անգամ խմբի անդամների հետ եղանք Նուբարաշենում, սակայն ներս մտնել այդպես էլ չկարողացանք, թեպետ նախապես գրություն էի գրել եւ մեզ հավատացրել էին, թե տեսակցելու հնարավորություն կտան: Չհանձնվեցի, նորից եմ գրել, այս անգամՙ Արդարադատության նախարար պրն Հրայր Թովմասյանին...

Մհեր Ենոքյանի գրքի գրական արժանիքների մասին խոսելը թողնելով մեկ այլ առիթիՙ պարտքս եմ համարում իմ կողմից նույնպես բարձրաձայնել նրա ճակատագրի վերաբերյալ: 1975 թվականին ծնված այս երիտասարդը, որն ուսանել է Երեւանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում, 3-րդ կուրսումՙ 20 տարեկանում մեղադրվել է մեկ անձի` համակուրսեցու սպանության մեջ` դատապարտվելով գնդակահարության (նախկին Քրեական Օրենսգրքի 99-րդ հոդված 1-ին եւ 6-րդ կետերով): Ոչ դատարանում, ոչ էլ մինչ օրս Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ մարդասպան չէ: Դատարանում տվել է միեւնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի նախաքննության ընթացքում տված պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Արամն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն: Դատապարտվել է նույն հոդվածով` 99-րդի 1-ին եւ 6-րդ կետերով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանը մեկ տարի է արդեն ազատության մեջ է: Իսկ 1996 թվականին մահապատժի դատապարտված Մհերի դատավճիռը 2003 թվականին ՀՀ նախագահի ներման հրամանագրով փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

16 տարի Ենոքյանն իր ընտանիքի հետ պայքարել է գործի վերաբացման համար, սակայն անարդյունք: Չստանալով որեւէ հուսադրող պատասխան` իր վրա ուշադրություն բեւեռելու նպատակով նա ՔԿՀ-ներից երկու անգամ դիմել է փախուստի 2004 եւ 2009 թվականներին (մի արարք, որ քրեորեն պատժելի չի համարվում շատ երկրներում, օրինակ, Գերմանիայում): Ընդհանուր առմամբ 32 օր մնալով ազատության մեջ` չի կատարել եւ ոչ մի հանցավոր արարք: ՀՀ բոլոր նախագահներին գրած տասնյակ դիմումների պատասխանները ստացվել են մեկ մարմնից` Դատախազությունից, որտեղ նշված է եղել` անհրաժեշտ են նոր երեւան եկած հանգամանքներ: Այսօր դրանք վերջապես երեւան են եկել: Այդ մասին տեղեկացանք Մհեր Ենոքյանի` պետական այրերին ու հանրությանն ուղղված վերջին դիմումից («Հրապարակ», 20.04.2012), որտեղ նշված է, որ իր փաստաբանի ջանքերով քրեական գործում երեւան են եկել նոր հանգամանքներ, որ ողջ փաթեթը, օրենքով սահմանված կարգով, ուղարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան ու Գլխավոր դատախազություն:

Մհեր Ենոքյանի ճակատագրով մտահոգ մարդիկ, որոնց մեջ արվեստագետներ ու մտավորականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մեկուկես տարվա ընթացքում բազմաթիվ ստորագրություններով դիմում-խնդրանքներ են ուղղել ՀՀ նախագահի նստավայր, Գլխավոր դատախազին, Արդարադատության նախարարին, նաեւ ՀՀ Վճռաբեկ դատարան: Հաշվի առնելով, որ Ենոքյանը դատապարտման ժամանակ եղել է 20 տարեկան, նախկինում դատված չի եղել, ուսանել է ԲՈՒՀ-ում, բացի այդ տարբեր տարիների փաստաբանական տեղեկանքները վկայում են գործի հապշտապ ու անկատար քննության մասին` այդ խումբը խնդրել է ընձեռել պատժաչափի վերանայման հնարավորություն:

Հասարակական գործունեությամբ զբաղվող մարդիկ` մտավորականներ եւ արվեստագետներ, իրենց պարտքն են համարում ինչ-որ կերպ մասնակից լինել, որպեսզի ողջ ճշմարտությունը բացահայտվի: Եվ, եթե Մհեր Ենոքյանը մեղավոր է, ապա այդ մեղադրական փաստարկները պետք է բոլորիս համար համոզիչ լինեն, չէ որ գիտենք` մարդուն հասարակությունից մեկուսացնում են հենց նույն հասարակության, ասել է թե` մեր անունից: Իսկ մենք մեր անդամին ետ կանչելու որեւէ մեխանիզմ չունենք: Մինչ օրս, գործում չփարատված կասկածներ կան, եւ հանրությունը ցանկանում է գործի վերաբացման արդյունքում ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: Այդ խումբը, մարդիկ միաժամանակ քաջ գիտակցում են տուժող կողմի անանց ողբերգությունը, կիսում այդ անդառնալի վիշտը: Դա առաջին հերթին գիտակցում է նաեւ Մհեր Ենոքյանն ինքըՙ իր գրքի էջերում ներողություն հայցելով սպանված ընկերոջից եւ նրա հարազատներից, «նրա համար, որ միգուցե վախից չարեցի ավելինՙ ողբերգությունը կանխելու համար: Բայց ես չեմ կարող ներողություն խնդրել նրա համար, ինչը ես չեմ արել»...

Բայց ո՛չ ես, ո՛չ Մհեր Ենոքյանի ճակատագրով մտահոգ մարդիկ դատավորներ կամ իրավաբաններ չենք, պարզապես մենք հետամուտ ենք արդար դատաքննության, մանավանդ որ Ենոքյանի քրեական գործում 16 տարի անց նոր երեւան եկած հանգամանքները բացառիկ հնարավորություն են ընձեռում գործը վերաբացելու եւ նոր դատավարություն կազմակերպելու` արդար դատաքննության իրավունքի բոլոր նորմերին համապատասխան: Եվ սա միայն Մհեր Ենոքյանի խնդիրը չէ, սա հասարակության խնդիրն է, որտեղ մարդկային ճակատագիրը պիտի դառնա գերագույն արժեք: Ուրեմն` ո՛չ անտարբերությանը:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ, Հայագետ, գեղարվեստագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, Հայաստանի Գրողների միության անդամ

Հ. Գ. - Մայիսի 11-ին Մհեր Ենոքյանը իրենց ընտանեկան հարուստ գրադարանի ամենահին գրքերից վեցըՙ 1823-1936 թթ. տպագրված հազվագյուտ եւ արժեքավոր հրատարակություններ, հարազատների միջոցով նվիրաբերեց Էջմիածնի Վեհարանի գրադարանին: Առաջին անգամ Վեհարանի գրադարանը նվիրատվություն ստացավ բանտարկյալից...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4