«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2012-05-24 | #94, 2012-05-25 | #96, 2012-05-30


ՏԻԿԻՆ ՔԼԻՆԹՈՆ, Ի՞ՆՉ ԴԵՐՈՎ ԵՔ ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՄՆ պետքարտուղարիՙ 7 երկիր «շրջագայության» խայտաբղետ օրակարգն ու անորոշ առաքելությունը

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մայիսի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է մեկներ Չիկագո` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, սակայն մեկնումն այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ ՆԱՏՕ-ն, ինչպես եւ պատրաստվել էր, հռչակագիր ընդունեց Հայաստանի համար ոչ ընդունելի ձեւակերպումներով ու հակամարտություններում տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության շեշտադրմամբ:

Չիկագոյի հանդիպումը բոյկոտելը սխալ էր, թե ճիշտ` տվյալ դեպքում դա չէ էականը, այլ այն, որ Հայաստանի նախագահի նման քայլից հետո տեղեկություն է տարածվում, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը արդեն վաղվանից սկսում է այցելությունների մի շարք սկանդինավյան երկրներով, Կովկասով մինչեւ Թուրքիա` շրջագայության շրջանակներում լինելու ու հանդիպումներ ունենալու նաեւ Երեւանում:

Քլինթոնն իր տուրնեն մեկնարկելու է Դանիայով, ապաՙ Նորվեգիա եւ Շվեդիա` հիմնական շեշտադրումներ անելու շրջակա միջավայրին առնչվող հարցերում, հատկապես որ Նորվեգիայում ԱՄՆ պետքարտուղարը մասնակցելու է հունիսի 1-ին Օսլոյում կայանալիք գլոբալ առողջապահական հարցերով կոնֆերանսին ու նաեւ խոսելու կլիմայի փոփոխության խնդիրներից: Արդեն Հարավային Կովկասում Քլինթոնը կլինի Հայաստանում, ապա Վրաստանում, Ադրբեջանում, ըստ ամերիկյան պաշտոնական տեղեկատվության, քննարկելու «տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության, տնտեսական զարգացման ու հակաահաբեկչական պայքարին վերաբերող հարցեր»: Քլինթոնն ի վերջո հունիսի 7-ին կլինի Թուրքիայում` մասնակցելու ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին, ինչպես նաեւ թուրքական իշխանությունների հետ քննարկելու Սիրիային եւ Իրանին առնչվող հարցեր:

Թե որպես ո՞վ է Քլինթոնը այցելում Հայաստան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահո՞ղ, թե՞ որպես ՆԱՏՕ-ի կարկառուն անդամ` գուցե պատասխան ստանանք հենց Երեւանում, քանի որ ՆԱՏՕ-ի հռչակագրի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները առնվազն հակասում են իրար, եթե չասվի, թե հռչակագիրը կարող է բացասական ազդել այն ամենի վրա, ինչի ուղղությամբ աշխատում է Մինսկի խումբը` նաեւ ի դեմս Միացյալ Նահանգների:

Ամեն դեպքում ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱՄՆ պետքարտուղարը Երեւանում կլինի հունիսի 4-ին, կհանդիպի Հայաստանի նախագահին եւ արտգործնախարարին, երեւանյան բանակցությունների օրակարգում էլ լինելու են «հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ»:

Թեեւ պաշտոնապես չի նշվում, բայց հաշվի առնելով վերջին շրջանում հատկապես ամերիկյան լսարանի առջեւ թուրք լիդերների «հայ-թուրքական գործընթացի տապալված չլինելու» մասին հայտարարությունները` հասկանալի է, որ «միջազգային խնդիրներ» շարքում առաջնային տեղ կզբաղեցնի հենց հայ-թուրքական թեման:

Միեւնույն ժամանակ, դժվար թե «գնդակը Թուրքիայի դաշտում է» ձեւակերպումից ավելին կարելի է ակնկալել ԱՄՆ պետքարտուղարից հայ-թուրքական հարցում, ինչն անտարակույս քննարկման առարկա է լինելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Եվ դա ճիշտ այնպես, ինչպես ցայսօր հասցեագրված դատապարտումի կամ խոչընդոտող գործունեության համար համանախագահող Միացյալ Նահանգների կողմից մատնանշում չի արվում Ադրբեջանի ուղղությամբ` ղարաբաղյան խնդրի շրջանակներում: Ասել է թե սպասել, որ Քլինթոնը նախ Հայաստանում, ապա նաեւ Ադրբեջանում ավելին կասի, քան արդեն իսկ նշված է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում, միամտություն կլինի, թեեւ պետք է փաստել, որ Ադրբեջանը արհամարհում է նույն այդ հայտարարությունները:

ԱՄՆ պետքարտուղարի երկու տարի առաջ հուլիսին Հայաստան այցելությունից հետո հայ-թուրքական հարաբերություններում ոչինչ չի փոխվել, ավելին, թուրքական կողմը այդպես էլ ականջալուր չեղավ Քլինթոնի խոսքերին, որ գործելու հերթը Թուրքիայինն է: Այս անգամ էլ, հաշվի առնելով սիրիական եւ իրանական թեմաները, ակնհայտ է, որ տիկին Քլինթոնն ավելի բարյացակամ կգտնվի Թուրքիայի հանդեպ ու Երեւանում Թուրքիային ուղղված կոչեր չի անի` նախընտրելով հավերժական շահերը, փոխանակ հետեւողական լինելու սեփական հայտարարություններին ու մոտեցումներին: Նմանօրինակ բարյացակամություն էլ կարելի է սպասել ադրբեջանական կողմի նկատմամբ, չնայած զուտ վերջին շրջանի` Ադրբեջանի մասին հրապարակումները Քլինթոնի համար հրամայական են այդ երկրում ժողովրդավարության հարցերի մասին մի երկու թթու խոսք ասելու համար:

Ամեն դեպքում, եթե ոչ սիրիական, ապա իրանական թեման քննարկման նյութ կլինի նաեւ Երեւանում ու Բաքվում, հատկապես որ վերջինս հավակնում է այդ հարցում դերակատարություն ունենալու, իհարկե, զուտ որպես հարթակ այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Աֆղանստան «հոսքն» է կազմակերպվում այդ երկրի տարածքով: Իսկ դե հարեւան Վրաստանում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում առկայծած կանաչ լույսի ներքո թերեւս քննարկումների ողջ շեշտադրումն արվի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ապագային, չնայած նույն այդ կառույցում շատերն են այդ անդամակցության իրագործման մասին հայտարարությունները վաղաժամ համարում, այդ թվում` ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղարը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4