«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2012-05-30 | #97, 2012-05-31 | #98, 2012-06-01


«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ՄԱՀԱՆՈՒՄ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում», ասաց նորընտիր Ազգային ժողովի նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը` ընտրվելուց հետո նախագահության իր աթոռին նստելիս, ու այդ խոսքով բազմաթիվ ենթադրությունների դուռ բացելով: Երեկ 5-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստն էր, որն ընտրեց ԱԺ ղեկավարություն: Եթե ուշադիր դիտարկենք երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած ողջ իրադարձությունները, այնտեղ ենթատեքստերով ասված խոսքերն իսկապես շատ էին, եւ մեկը մյուսին կապողն ու վերլուծողը շատ եզրահանգումների կարող է գալ: Ներկա չէին ոչ միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», այլեւ զարմանալիորեն կառուցողական ընդդիմություն դարձած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը, նա, այդպիսով, չլսեց նախագահ Սարգսյանի եւ նոր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթները: Բայց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի խոսքով` այստեղ պետք չէ փնտրել քաղաքական ենթատեքստ, երեւի գործեր է ունեցել:

Պահպանվեց նոր խորհրդարանի առաջին նիստի հանդիսակարգը. նիստը վարում էր տարիքով ավագ ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը, հնչեց երկրի օրհներգը, երկրի նախագահը մի բազմաշերտ ուղերձ ընթերցեց, Ամենայն հայող կաթողիկոսը ողկեղենիկ, բայց պատգամավորների մեծ մասի համար անհասկանալի հայերենով աղոթք, օրհնանք ու մաղթանք հղեց:

«Իմ ցանկությունն այն է, որ աշխատենք այնպես, որ ոչ ոք չզղջա իր ընտրության համար եւ որպեսզի արդարացնենք բոլորի հույսերը», ասաց նախագահ Սարգսյանը: Նա նշեց, որ այս խորհրդարանում ամբիոն ունեն քաղաքական դաշտի հիմնական ազդեցիկ ուժերը, այդ առումով ակտիվ խորհրդարան է, շնորհավորեց նաեւ ՀԱԿ-ի մուտքը խորհրդարան. «Չեմ կարծում, թե որեւէ լուրջ գաղափար կամ միտք, որը կծնվի մեր հասարակության որեւէ հատվածում, ցանկության եւ անհրաժեշտության դեպքում չգտնի դեպի Ազգային Ժողովի ամբիոն տանող ճանապարհը...

Այո, կլինեն բանավեճեր, միգուցե երբեմն նաեւ սուր, կլինեն համաձայնություններ տարբեր հարցերի շուրջը կամ յուրաքանչյուրը կմնա իր կարծիքին, կհասկանաք իրար, երբեմն` ոչ: Էականն այն նպատակներն են, հանուն որոնց մենք մտնում ենք քաղաքական բանավեճի դաշտ: Էական են նաեւ միջոցները, որոնք մենք ընտրում ենք նպատակներին հասնելու ճանապարհին: Իշխանության տարբեր, այդ թվում եւ խորհրդարանական լծակներին տիրապետելն, օրինակ, միջոց է բոլորիս համար կարեւոր նպատակներին` Հայաստանի հզորացմանը, մեր ժողովրդի կենսամակարդակի կտրուկ ավելացմանը, արտագաղթի կասեցմանը, մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը եւ մյուս նպատակներին հասնելու ճանապարհին: Երբ միջոցները դառնում են ինքնանպատակ, կամ որ ավելի վատ է, երբ իրական նպատակները դառնում են միջոցներ, իսկ միջոցները` նպատակներ, խաթարվում է քաղաքական բանավեճի տրամաբանությունը, կորում է իմաստը», խոսք հասկացրեց նախագահը նրանց, ում ուզում էր հասկացնել, նշելով, որ սխալ միջոցներով ձեռք բերված նույնիսկ ամենալավ նպատակը ի վերջո ոչ մի լավ բանի չի հանգեցնի. «Մենք շատ բան ունենք սովորելու, ցավոք, հենց մեր սխալներից, եւ ուզում եմ հուսալ, որ ապագայում ավելի քիչ սխալներ կանենք»:

«Մաղթում ենք, որ միշտ արթուն ու արծարծ լինեն ձեր հոգում հավատքն առ Աստված, սերը մեր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ եւ լավատեսությունը աշխարհասփյուռ ազգիս լուսավոր գալիքի», մաղթեց Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Տերունական աղոթքից հետո Պահպանիչ աղոթքով օրհնելով հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին:

Հետաքրքրական է, որ նիստը վարող Մկրտիչ Մինասյանի` պատգամավորներին երդվեցնելու ջանքը ավարտվեց նրանով, որ համարյա անլսելի մնաց (համենայն դեպս` վերեւում գտնվող լրագրողներիս համար) պատգամավորների ընդհանրական «Երդվում ենք»-ը:

Տեղի ունեցավ ԱԺ նախագահի ընտրություն, ՀՀԿ-ի կողմից Գալուստ Սահակյանի առաջադրած թեկնածուն` Հովիկ Աբրահամյանն իր խոսքում ասաց. «Ասել, որ մեծ հպարտություն ու լուրջ պատասխանատվություն եմ համարում նման խորհրդարանի ղեկավարի պաշտոնին առաջադրվելը, նշանակում է քիչ բան ասել: Ես լավ պատկերացնում եմ` ինչպիսի դերակատարություն է վերապահվելու Ազգային ժողովի նախագահին եւ հաստատապես պատրաստ եմ դրան»: Աբրահամյանն ասում էր, որ որպես իշխող եւ կառավարություն ձեւավորող քաղաքական ուժի ներկայացուցիչ` կառավարության վրա ազդելու ներկուսակցական հարթությունն ունի, եւ չի վարանելու անբավարար արդյունավետությամբ լուծվող հարցերում որպես ԱԺ նախագահ լինելու կառավարության քննադատը. «Միեւնույն ժամանակ ամբոխահաճո կամ ինքնանպատակ քննադատության դեպքում լինելու եմ կառավարության առաջին պաշտպանը, քանի որ ինձ համար չկան ինքնանպատակ գերատեսչական կամ կուսակցական շահեր, կա միայն Հայաստանի ու մեր ժողովրդի շահը, եւ հանուն դրա իրականացվող գործունեությունն եմ միայն համարում արդարացված», ասաց նա: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում էլ նա նշեց, թե պատասխանատվության զգացումով է ստանձնելու վերստին ԱԺ նախագահի պաշտոնը, ուրիշի փոխարեն քվեարկելն արգելելու է: Քվորումի խնդիր կառաջանա՞, քանի որ գործարարներն ի վերջո շատ են ՀՀԿ-ում, հետաքրքրվեց «Ազգը». «Մենք կուսակցությունում, կուսակցության նախագահի գլխավորությամբ քննարկել ենք, որ պատգամավորները պետք է ներկա լինեն նիստերին, սա առաջին պայմանն ու պայմանավորվածությունն է եղել բոլոր այն թեկնածուների հետ, որոնք ցանկացել են պատգամավոր դառնալ: Կարգապահություն եւ ներկայություն ԱԺ նիստերին: Եվ ընդհանրապես` 48-50 օր է լինում մեկ տարվա ընթացքում նիստ Ազգային ժողովում, եւ պատգամավորը, գործարար թե ոչ, իր գործերն այնպես պետք է կարգավորի, որ ներկա լինի»: «Բարգավաճ Հայաստանի»ՙ կոալիցիայում չլինելու համար ափսոսո՞ւմ է. «Ափսոսալու խնդիր չկա, ես համերաշխության կողմնակից եմ, որքան միասնական ուժերով մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները լուծենք, այդքան արդյունավետ կլինի: Աժ-ն պետք է դառնա բազմակարծության ամբիոն` բազմաթիվ առիթներով ես սա ասել եմ` իմ աշխատաոճը չի փոխվելու»: Հետո էլ նախագահական ընտրությունների ժամանա՞կ է շտաբի պետ լինելու. «Ոչինչ չպետք է բացառել», ասաց: Այսինքն էլի՞ հրաժարական եք տալու, ճշտեցին. «Չէ, էլ հրաժարական չեմ տալու»: Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց ոչինչ չբացառել նաեւ այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ԲՀԿ-ն նախագահական ընտրություններից հետո կրկին կոալիցիա կմտնի: Վստահ էր, որ արդյունավետ է աշխատելու, որ իր պատասխանատվության զգացումն է ավելի բարձրացել ու բոլոր նրբությունները գիտի:

Իսկ դահլիճում Հ. Աբրահամյանին ներկայացնելիս Գ. Սահակյանն ու մյուս ելույթ ունեցողները նշում էին նրա փորձը, մարդկանց հետ աշխատելու եւ հարաբերվելու ունակությունները: Մի խոսքովՙ փակ գաղտնի քվեարկությամբ Հ. Աբրահամյանը ստացավ 102 կողմ քվե, 4 դեմ եւ դարձավ 5-րդ գումարման ԱԺ նախագահը: Փոխնախագահներ ընտրվեցին Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, նրանց հասցեին եւս շատ դրվատական խոսքեր հնչեցին, նրանք ընտրվեցին համապատասխանաբար 91 կողմ եւ 11 դեմ, 89 կողմ եւ 10 դեմ ձայներով:

Ի դեպ, ՀՅԴ խմբակցությունը չմասնակցեց ընտրության ողջ գործընթացին:

Երեկ նաեւ ներկայացվեցին ԱԺ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածությունները` 8 հանրապետական նախագահ, 4` ԲՀԿ-ական: Վերջիններս հետեւյալ պատգամավորներն են` եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի` Էլինար Վարդանյան, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի Սամվել Բալասանյան, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի` Ստեփան Մարգարյան: ՀՀԿ-ական 6 հանձնաժողովի նախագահներին` (Արա Բաբլոյան, Դավիթ Հարությունյան, Վարդան Այվազյան, Արտակ Դավթյան, Հակոբ Հակոբյան) ավելացան Կորյուն Նիկողոսյանն ու Արտակ Զաքարյանը, ինչպես որ արդեն սպասվում էր:

Նոր Ազգային ժողովում ՀՅԴ փոքրիկ խմբակցության ղեկավար լինելու է Արմեն Ռուստամյանը, քարտուղար` Աղվան Վարդանյանը: ՀԱԿ-ում նույնպես որոշել են` խմբակցության ղեկավարը կլինի Լեւոն Զուրաբյանը, քարտուղարը` Արամ Մանուկյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4