«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2012-06-01 | #99, 2012-06-02 | #100, 2012-06-05


ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆ, ԱՅՑԵԼԵ՛Ք ՉԻՆԱՐԻ

Ալիեւին «ճնշում են, որ պատերազմի»` դիվերսիաներով ու հայ զինվորների սպանությամբ

Մինչ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր այցելությունների շարքում կհասներ Հարավային Կովկաս, «New York times»-ն, ի դեմս Հայաստանում եւ Վրաստանում Եվրոհանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Կորբոյի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ուիլյամ Կորտնիի եւ Վրաստանում ու Բելառուսում ԱՄՆ նախկին դեսպան Քեննեթ Յալովիցի, անդրադարձել է այդ այցին ու դատողություններ արել ղարաբաղյան խնդրի առնչությամբ:

«Հանգստացնելով հուզված Կովկասը» հոդվածում նշվում է այս տարածաշրջանում առկա ռիսկերի, այդ թվում` «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մեծացման» մասին: Ընդգծելով, թե «Ամերիկան ու Եվրոպան չեն կարող այլեւս ղարաբաղյան հարցը հետին պլանում պահել», հոդվածագիրները, հետաքրքրական շեշտադրմամբ, կարծիք են հայտնում, թե Ադրբեջանի ներսում երկրի նախագահի նկատմամբ ճնշումներ են գործադրվում «սկսելու ռազմական գործողությունները»:

Եվ այս համատեքստում նախկին դեսպանները գտնում են, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանի առաջնորդին զգուշացնի «այդպիսի գործողությունների անբարենպաստ հետեւանքների, մասնավորապես` տարածաշրջանային պատերազմ սանձազերծելու առնչությամբ... ռազմական գործողություններից կարող են տուժել ինչպես Ադրբեջանի էներգետիկ հատվածում արված ներդրումները, այնպես էլ Եվրոպա տանող հիմնական գազատարները»:

Ասվածը արտառոց զուգադիպությամբ համընկնում է ադրբեջանական դիրքորոշմանը, հատկապես երբ հենց երեկ ԱՄՆ պետքարտուղարն արդեն Երեւանում էր, ադրբեջանական դիվերսիոն առաջխաղացման հետեւանքով հայկական կողմը զոհեր ունի:

Ինչպես տեղեկացրել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը, նախնական տվյալների համաձայն, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: «Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինծառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել: Զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ», հաղորդագրություն էր տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանական կողմում այնպիսի «համեստությամբ» էին լրատվամիջոցները անդրադարձել այս միջադեպին, ընդ որում` ադրբեջանական կողմից «որեւէ կորուստ» բացառող տեղեկատվությամբ, որ հարցեր չեն կարող առաջանալ, թե իրապես որ կողմն է նախահարձակ եղել, չնայած Ադրբեջանում ընդունված կարգի համաձայն` հայկական զինուժից կորուստների մասին ադրբեջանական բանակից տեղեկացնում են մի քանի շաբաթների ընթացքում` տարբեր վայրերում տեղի ունեցած «դժբախտ պատահարների» զոհերի տեսքով:

Մյուս կողմից, ամերիկյան դիվանագետների հայտարարությունը, թե Ադրբեջանի ներսում ճնշում են Ալիեւ կրտսերին, որ վերջինս ռազմական գործողությունների դիմի, գրեթե նույնությամբ որպես տեղի ունեցածի բացատրություն մատուցվում է նաեւ ադրբեջանական լրահոսում, ինչը մտորելու տեղիք պետք է տա նաեւ հայկական կողմերին` մտահոգությամբ, որ ամերիկյան դիվանագիտական միտքը, փաստացի, ընդունելի է համարում խեղճ ու ճնշվող Ալիեւ կրտսերի կերպարը, որին սեփական ժողովուրդն ուղղակի «դրդում է» պատերազմի: Հայկական կողմը նաեւ պետք է հարցեր տա ու պատասխաններ գտնի, թե ինչու գրեթե յուրաքանչյուր նշանակալի այցելությունից առաջ ադրբեջանական կողմը նման սադրանքների ու դիվերսիաների է դիմում` հայկական կողմերին թողնելով միայն զոհերի մասին արձանագրումն ու այցելողին ուղղելիք բողոքը:

Թե որքանով տիկին Քլինթոնը կանդրադառնա այս հարցերին տարածաշրջան այցելությանը` ցույց կտա ժամանակը, այն էլ, լավագույն դեպքում, «WikiLeaks»-յան բացահայտումների տեսքով եւ ոչ ի լուր հանրության: Ամեն դեպքում, Ալիեւի հետ տիկին Քլինթոնի քննարկումները հաստատապես չեն կարող տեղավորվել այդ երկրի վրա ճնշում գործադրելու մասին ձեւակերպումներում, քանի որ «հավերժ են միայն շահերը»:

Իսկ որ ադրբեջանական մամուլը, ի դեմս «Ազերիպրես» գործակալության, հայտարարում է հայկական դիվերսիայի մասին ու դեռ որպես դիվերսիոն քայլերի տեղ նշում «Չինար-Բերդավան» գյուղերի մերձակայքը, մինչեւ Բաքու այցելությունը պետք է մտահոգվելու տեղիք տա ԱՄՆ պետքարտուղարին, քանի որ հայկական ու նաեւ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում մեր զինուժը դիվերսիա անելու ապուշություն չէր կարող ունենալ:

Բացի դրանիցՙ այն հանգամանքը, որ ադրբեջանական մամուլը մարդասպանի հրճվանքով տեղեկացնում է, թե միայն այս տարի «ադրբեջանական զինվորականների անցկացրած միջոցառումների արդյունքում զոհվել է ավելի քան 20 հայ զինվոր», պետք է ԱՄՆ պետքարտուղարի սիրելի թեմաներից մեկի` խտրականության ու այլատյացության առումով Բաքվում հարցադրումներ անելու հիմք լինի, եթե, իհարկե, Հիլարի Քլինթոնի այցի օրակարգում, առանց հայերի հանդեպ ատելության էլ, այլատյացությամբ ու խտրականությամբ աչքի ընկնող հարեւան երկրի առնչությամբ հարցեր չեն նախապատրաստվել:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4