«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2012-06-05 | #101, 2012-06-06 | #102, 2012-06-07


ՓԱՍՏԱՑԻ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇԱՆՏԱԺ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻՆ

Իրանի հարցերով տարածաշրջան եկած ԱՄՆ պետքարտուղարը զանգել է Վաշինգտոն` «մտահոգ սրվող լարվածությամբ»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմաններին ու շփման գծի երկայնքով, այլ կերպ, քան ողբերգություն, չես կոչի: Դրանից զատՙ այսօրինակ իրավիճակը նաեւ ամենաուղղակի ապտակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ի` տարածաշրջանային այցով երեկ արդեն Բաքվում գտնվող պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, քանի որ իրավիճակը հենց պատերազմային է, իսկ տիկին Քլինթոնը համառորեն Երեւանում ու Բաքվում կրկնում է, թե հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Ադրբեջանական դիվերսիաները ապացուցում են, որ Քլինթոնի խոսքը գրոշի արժեք չունի, ավելին, ամենայն հավանականությամբ ամերիկյան շահերն այլ երեւույթների շուրջն են պտտվում, ինչն էլ սանձարձակ է դարձրել Բաքվի իշխանություններին:

Դիվերսիաների ու երկու կողմում զոհերի մասին հաղորդագրությունները երեկ դեռեւս շարունակություն ունեին: Մասնավորապես, ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հաղորդագրության, հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում` Հորադիզի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խումբը հերթական փորձն է ձեռնարկել ներթափանցելու ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից: Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները (ի տարբերություն Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքի դիրքերի զինվորների - Ա.Հ.) «ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի եւ վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր»:

Մերոնց զգոնությունը դրսեւորվեց նաեւ երեկ հետմիջօրեին, Ճամբարակի (նախկին Կրասնոսելսկ) ուղղությամբ, երբ ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերից մեկում կանխվել է «ադրբեջանական հերթական արկածախնդրությունը եւ հակառակորդը նահանջել է կրելով զգալի կորուստներ», ինչպես հաղորդում է պաշտպանության բանակի հաղորդագրությունը:

ՊԲ-ն տեղեկացնում է ադրբեջանական կողմի կորուստների մասին, նշելով, որ կորուստներ է ունեցել նաեւ հայկական կողմը: «Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը եւ Վոլոդյա Յուրայի Ծատրյանը»:

Վերջին մի քանի օրերի դիվերսիաների փորձերը գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանում փորձում են աշխարհին համոզել «ստատուս քվոյի» անընդունելիության «արդիականությունը», սակայն զոհերի պարագայում հաստատվում է ճիշտ հակառակը, որ ստատուս քվոն առավել նախընտրելի է փաստացի պատերազմական վիճակից, երբ սահմանին ու շփման գծում ամեն օր միջադեպ է գրանցվում, այս կամ այն կողմում զոհեր են լինում, իսկ ադրբեջանական «փաստարկների» հիմնական լսարան դիտվող միջազգային հանրությունն էլ տառացիորեն հայտնի կենդանու ականջում քնած է կամ քնած է ձեւանում` սեփական գրպաններն ու տարածաշրջաններում շահերը չվնասելու համար անգամ դատապարտման խոսք չասելով:

Ադրբեջանում, բնականաբար, նախընտրում են կրակի վրա յուղ լցնել, այսինքն` առավել խառնաշփոթ ու անհասկանալի իրավիճակ ստեղծելու նպատակով կարծես ադրբեջանական մամուլն ամենաանհեթեթ տեղեկություններն է տարածում: Նախ, որ դիվերսիոն գործողությունների են դիմում հայկական կողմերը, ինչն այնքան էլ տրամաբանական չէ` թեկուզ հակամարտության կարգավորման գործընթացների ու բանակցությունների առնչությամբ Հայաստանի ու Լեռնային ղարաբաղի ունեցած դիրքորոշման առումով:

Մյուս կողմից, «Vesti.az»-ը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հայտնում է. «Հայերը հրադադարի ռեժիմը խախտել են շփման ողջ գծի երկայնքով», ընդ որում` ադրբեջանական կողմը կորուստներ չունի: Ավելին, Հորադիզի մոտակայքում տեղի ունեցածի առնչությամբ ադրբեջանական տարբերակում նշվում է, թե հայկական կողմն է դիվերսիայի փորձ արել ու կորուստներ կրել:

Եթե այսօրինակ հաղորդագրությունները սեփական ժողովրդի «ոգին» բարձրացնելու համար են, ապա առնվազն անմիտ են նման փորձերը, քանի որ, զուտ Ադրբեջանի ավանդույթների ուժով, ադրբեջանական կողմը սեփական կորուստների մասին նախընտրում է հայտնել տարբեր պատճառներով ու ժամանակներում, բայց ոչ իրապես նշելով դեպքի վայրն ու ճիշտ ժամանակը: Այս անգամ էլ «անկորուստ» ադրբեջանական կողմը տեղեկացնում է, որ, նախ, երկու ադրբեջանցի զինծառայողներ «դժբախտ պատահարի» հետեւանքով զոհվել են, մեկն էլ վնասվածքներ է ստացել: Հետաքրքրական է, որ հենց Ղազախի շրջանից հաղորդվող տեղեկությամբ նշվում է, թե երկու զինծառայողները մահացել են «բետոնե սալիկի ընկնելուց տակը մնալով»:

Քիչ ավելի ուշ արդեն «Ազերիպրես» գործակալությունը տարածեց հաղոդրագրություն, թե շփման գծի Թերթերի հատվածում ադրբեջանցի մեկ զինծառայող վնասվածքներ է ստացել ականի վրա եւ ներկայումս գտնվում է միջին ծանրության վիճակում:

Դժվար թե այս «դժբախտ պատահարները» պատահականությունների շարքից են, այն էլ հատկապես այս օրերին, երբ փաստացի պատերազմական վիճակ է ստեղծվել: Զոհերի թիվն ավելանում է, լռությունն էլ այդ առնչությամբ դառնում առավել անտանելի: Ով էլ ինչ-որ բան է բարձրաձայնում, առավել անտանելի է դարձնում մյուսների լռությունը, նկատի ունենալով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները լռում են, իրադարձությունների ընթացքում տարածաշրջանի մեկ մայրաքաղաքից մյուսը տեղաշարժվող ԱՄՆ պետքարտուղարը, ըստ «The Irish Times»-ի` «մտահոգ» զանգում է Վաշինգտոն ու երեւի բողոքում իրավիճակից: Իսկ Թուրքիան, «Զաման» պարբերականի տեղեկացմամբ, ի դեմս արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Սելջուկ Ունալի, հասցրել է «մտահոգություն» հայտնել, շեշտելով, թե Թուրքիան հետեւում է իրադարձությունների զարգացմանը:

Մնում է հավելել, որ փոխադարձ կրակոցներն ու գծերից այս ու այն կողմ զոհերը չեն կարող որեւէ մեկի ուրախության առիթը լինել: Պատերազմն իր բոլոր դեմքերով միայն արհավիրք է բերում, ուստի ուղղակի հրամայական է դարձել բոլոր իրավասու եւ ներգրավված կողմերին խաղաղության պահանջ, անգամ պարտադրանք ներկայացնելը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4