«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2012-06-06 | #102, 2012-06-07 | #103, 2012-06-08


ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ

10 օրում Արցախ «գրավողները» մոռացել են 1994-ին խնդրած զինադադարն ու 5 օրում ճանաչված Հարավային Օսիան եւ Աբխազիան

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2008-ի օգոստոսին հարավօսական հատվածում ռուսաստանյան ու վրացական զինուժի բախումը, որ ձեռնարկել էր Վրաստանն ու ավարտեց փաստացի Ռուսաստանը, այն էլ մի քանի օրվա պատերազմից հետո նաեւ ճանաչելով Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, բավականին երկար ժամանակ մեկնաբանվում էր որպես սառը ցնցուղ բոլոր այն տաք գլուխների համար, ովքեր մտածում էին, թե Արցախի դեմ էլ կարելի է հարձակում կազմակերպել ու իբր մեկընդմիշտ լուծել այդ հարցը` մոռանալով, որ այդօրինակ մի նախաձեռնություն դեռեւս երկու տասնամյակ առաջ իրագործվեց ու պատժվեց, թեեւ ոչ այնպիսի տարբերակով, որ առավել ընդգրկուն անվտանգության գոտի կապահովեր Արցախի շուրջը:

2008-ի օգոստոսին իրար անցած միջազգային հանրությունը, ընդհուպ Ֆրանսիայի նախագահի` «դեպքի վայր» այցելության տեսքով, մի կերպ կանգնեցրեց ռուսական զինուժի առաջխաղացումը, որին այնքան էլ շատ չէր մնացել Վրաստանի մայրաքաղաք մտնելու համար, իսկ վրացական ծովափի որոշ ռազմավարական նշանակության օբյեկտներ արդեն ռմբակոծվել էին: Բնակչությունն այն ժամանակ իրապես խուճապի մեջ էր, անտանելի էին համատարած արցունքներն ու մարդկանց պատած խուճապը, թե ռուսներն արդեն գրավել են Վրաստանը: Եվ այդ ամենը միայն այն պատճառով, որ, այդուհետեւ քանիցս ապացուցված հանգամանքներով, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու խելքին փչել էր «ազատագրել Հարավային Օսիան», իբր դրան պիտի հետեւեր նաեւ «Աբխազիայի ազատագրումը»:

Նրանք, ովքեր պիտի դասեր քաղեին, կարծես ճիշտ հակառակ եզրահանգման են եկել, թե ղարաբաղյան հարցում կարող են ուժ կիրառել ու հաջողել, մոռանալով, որ մինչեւ հարավօսական պատերազմի տված դասերը` հենց արցախյան շարժմամբ ու պատերազմով պիտի որ հասկանային այդ երկրի դեմ ուժ կիրառելու անմտությունը` ինչ նպատակով էլ դա մատուցեն: Ադրբեջանը, արդեն գրեթե վստահությամբ, դիվերսիաների ու անվերջ սադրանքների միջոցով փորձում է առնվազն վերսկսված պատերազմի տպավորություն թողնել, միեւնույն ժամանակ, այդպես էլ սեփական հանրությանը ունեցած կորուստների մասին չտեղեկացնելով ու միայն շեշտադրմամբ, թե «հայկական կողմը կորւստներ է կրել»:

Հորթի անթաքույց հրճվանքով մատուցվող այսօրինակ տեղեկությունների կողքին տարակուսանք են հարուցում հրապարակումները, թե մեկ ադրբեջանացի զինվորները բետոնե սալիկի տակ են մնում ու մահանում, մեկՙ գետում խեղդվում, մեկ էլ վնասվածքներ ստանում ականների վրա պայթելով նույն այն ժամանակահատվածում, երբ «հայկական կողմը կորուստներ է գրանցում»:

Երկու կողմերից զոհերի առկայության հանգամանքի առնչությամբ էլ մեկիկ-մեկիկ հայտարարություններ անող ԱՄՆ պետքարտուղարը կամ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը, հիմա էլ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ի դեմս ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի , մտահոգություն են հայտնում: Լուկաշեւիչը մասնավորապես անընդունելի է համարել հակամարտության հետագա լարվածությունն ու վերահաստատել խաղաղ գործընթացին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Հարցին որեւէ դրական պահ չի ավելացրել նաեւ շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ իրականացնող, ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ու հանդիպումը նախագահ Բակո Սահակյանի հետ:

Չնայած այս «մտահոգություններին» ու կամացուկ հնչող դատապարտումներին` Ադրբեջանը կարծես փորձում է աշխարհին ապացուցել, որ բոլորի ազդեցությունն իր հանդեպ ուղղակի սահմանափակ է, քանի որ ի հակադրություն բոլոր կողմերին խաղաղության ու կայունության գնալու կոչերինՙ Ադրբեջանը հիմա էլ առավել բարձր է խոսում պատերազմից, այն էլ ժամկետներ նշելով` երեւի հույս ունենալով իսրայելական զենքով ու այդպես էլ ադրբեջանական կողմից չհեռացող վարձկանների ուժով, նաեւ քարոզչական ազդեցության տակ գտնվող «մարտնչելու պատրաստ» բնակչությամբ մտնել Արցախ: Մասնավորապես, Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, թե ադրբեջանական բանակը «ցանկացած պահի ունակ է ազատելու իր հողերը ռազմական ճանապարհով, բավարար է անգամ 10 օրը, որ Ադրբեջանի զինուժը, ազատելով մեր օկուպացված տարածքները, Իրանի ու Հայաստանի հետ պետական սահմանին մոտենա»: «Միայն մեկ պատճառ կա, որ մեզ հետ է պահում այդ քայլից. արյունահեղությունն ու զոհերը», ասված է հայտարարության մեջ:

Եվ նման հայտարարություն անում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամը, մի երկիր, որ տարբեր միջազգային կառույցներում մասնակցում է խտրականության, այլատյացության, ահաբեկչության, պատերազմի ու ռազմական հանցագործությունների դեմ քննարկումներին ու անամոթաբար խոսում մարդու իրավունքներից: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու ամեն անգամ այդ խմբին իր միջնորդական առաքելության հարցում առատորեն աջակցություն հայտնող աշխարհի տարբեր ներկայացուցիչները դիտորդի դերում են:

Դիտորդի դերում չի ցանկանում մնալ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ Հայաստանի նախագահի` միջադեպերի առնչությամբ մեկնաբանությանն է անդրադարձել, մտավոր կարողությունների շատ ավելի ցածր հարթակից բացթողումներ անելով վերջին մի քանի օրերի սադրանքների իսկական մեղավորների առումով:

Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի բաժնի ղեկավար, գնդապետ Էլդար Սաբիրօղլուն, Հայաստանի նախագահի խոսքերին հակադարձելու մեծ ցանկությամբ, բայց ոչ համարժեք կարողությամբ, ի շարս անհեթեթ մեկնաբանությունների, նաեւ, կարծես միամտաբար, նշել է. «Վերջին օրերի ռազմական անհաջողույունները կոծկելու համար Հայաստանի նախագահը նախապատվություն է տալիս ապատեղեկատվությանը»: Թե ինչ ապատեղեկատվություն նկատի ունի ադրբեջանցի գնդապետը, էական չէ, այլ կարեւոր է այն, որ մարդկային զոհերը Սաբիրօղլուն «հայկական կողմի անհաջողություններ» է որակում, անուղղակիորեն ընդունելով դիվերսիաների ու սադրանքների` ադրբեջանական հեղինակության փաստը:

Բոլորը ուղղակի եւ անուղղակի հույս են ներշնչում, թե հունիսի 18-ին Փարիզում կայանալիք Հայաստան-Ադրբեջան արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը սպանություններին ու միջադեպերին կանդրադառնան ու կքննարկեն: Ու եթե անգամ այդ օրը հաջողվի ինչ-որ հանգրվան հասնել, մինչ այդ ի՞նչ է` սպանությունները չեն դադարելո՞ւ...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4