«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2012-06-14 | #108, 2012-06-15 | #109, 2012-06-16


«ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՄԵՆԵՐԳ ՉԷ, ԱՅԼՙ ԽՄԲԵՐԳ»

Հարցազրույց ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանի հետ

ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների վերջին նիստում ներկայացնում էր ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին: Նա եղավ «Ազգի» խմբագրությունում եւ հարցազրույց տվեց մեր թերթին:

- Լիբանանում կուսակցական գործունեության առնչությամբ ինչպիսի՞ նորություններ կան:

- Մեկ տարի է շրջանային վարչության ատենապետն եմ, նշանակվեցի ՌԱԿ Կենտրոնական վարչության կողմից: Աշխատանքների լայնամասշտաբ դաշտ կա, որ պետք է կատարել: Որոշ բաներում արդեն հաջողել ենք, որոշներն էլ ընթացքի մեջ են` լինի դա մեր կուսակցության ինքնուրույն պատկերը հստակեցնելը, օտար` ներքին թե արտաքին արաբական շրջանային ու տեղական ճնշումներից ու կապվածություններից ազատվելը: Կարող եմ ասել, որ ՌԱԿ-ը այսօր Լիբանանում քաղաքական իր ինքնուրույն ու հստակ կեցվածքն ունիՙ լինի հայ ազգային, թե լիբանանյան ասպարեզներում: Սա մեկ անգամ ընդմիշտ հստակեցվեց բոլորի համար ու այսուհետեւ այդպես պետք է լինի: Առաջ ուրիշներն էին կուսակցության փոխարեն որոշումներ կայացնում` բարեկամները, ընդդիմադիրները եւ այլն: Մենք հստակեցրինք նաեւ Թեքեյան կենտրոնի հարցը, ճշգրտելով, որ այն կուսակցապատկան կառույց է: Ի պատիվ ներկայիս ղեկավարության պետք է ասեմ, որ հենց իրենք հստակ նշեցին, թե ինչ կառույց է Թեքեյան կենտրոնը, ինչը կուսակցության համար յուրահատուկ դեպք է: Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ այլեւս մեր կուսակցությունը անձերի, անհատականությունների վրա հիմնված չէ, այլ ողջ կուսակցությունն է խոսում: Մեր կուսակցությունում արդեն մեներգ չէ, այլ խմբերգ է:

- Նորարարությունները երիտասարդների միջոցով են իրականացվում: Որքանով է ապահովվում երիտասարդների ներգրավումը համայնքի ու կուսակցության կյանքին:

- Կարողացել ենք նոր կյանք տալ կուսակցական մեր ակումբներին, այդ թվում երիտասարդական թեւը աշխուժացվեց: Երկու տարի առաջ հիմնվել էր թատրոնը, որ հիմա հաջող ելույթներ է ունենում, երիտասարդներն ուրախությամբ մասնակցում են թատրոնին, 7-10 հոգուց սկսել էինք, հիմա 30-40 հոգի են ներգրավված: Իրական կուսակցական կյանքն է արթնացել: Անկախ Հայաստանին աջակցելու առումով մեր ուսերը այսօր մեծ բեռ ունեն վերցնելու` մեր հայրենակիցների հետ գործակցությունից մինչեւ ժողովրդավարական գործընթացների խթանում: «Հայաստան» հիմնադրամի քննարկումների ժամանակ ՀՀ նախագահը շեշտեց, որ անգամ ամենափոքր օժանդակություն ցույց տվող մարդու կարիքը կա, այդ մարդը կարեւոր է, եւ դա է նաեւ մեր` ռամկավարների մոտեցումը: Այդուհանդերձ, ՌԱԿ-ը վերջին 20 տարում չի արդարացնում իր ներկայությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, ու դրա պատճառները պետք է պարզել, թե ինչով է պայմանավորված այդ երեւույթը: Ախտանշումը կատարելուց հետո կկատարենք նաեւ բուժումը: Այսօր կուսակցությունը բավականին դրական աշխատանք է կատարում, թեեւ ծանր պայմաններում ենք աշխատում: Մենք տարիներ շարունակ խոսել ենք, իսկ գործ անողներ քիչ ենք տեսել: Այսօրվա դրությամբ Լիբանանի մեր գործընկերները մեծ ուշադրությամբ են հետեւում Հայաստանում ՌԱԿ-ի գործունեությանն ու աշխատանքներին` համախմբման հեռանկարով: Անկարելի է, որ ոչ համերաշխ մնանք, ես մտածում եմ, որ կարող ենք տարբեր մոտեցումներ ունենալ, տարբեր մտածել, բայց մեր նպատակը մեկն է` մեր ազգի եւ պետականության հզորացումը: Հետեւաբար պետք է եւ հնարավոր է միավորել բոլորիս ջանքերը:

- Լիբանանահայության վիճակի առնչությամբ ի՞նչ գնահատական կարող եք տալ, նկատի ունենալով Սիրիայում այժմ տիրող իրավիճակն ու հարեւան երկրի իրադարձությունների մոտիկությունը:

- Չեմ ուզում սիրիական հարցի մեջ խորանալ, դա մեր ուժերից ու ցանկություններից վեր է: Վերջերս հանդիպում էր Բեյրութում, որտեղ բավական թվով ԵՄ դեսպաններ էին ներկա, գլխավոր բանախոսն էր Լիբանանում Կիպրոսի դեսպանը, որ խոսեց թուրքական ներխուժման պատճառով կիպրացի քաղաքացիների խնդիրների մասին: Մեր կուսակցականներն իսկապես նվիրված են: Ուրիշներ ցանկանում են կուսակցական շենքեր ունենալ, մենք ուզում ենք հոգի ունենալ, այնպիսի ձեռնարկումներ ունենալ, որ քաղաքական թե կրոնական ներկայացուցիչների մասնակցությամբ բարձրացվեն կարեւոր հարցերը:

Սիրիայի հարցում բոլորս մեծապես շահագրգռված ենք ու մտահոգ, ուշադրությամբ հետեւում ենք իրադարձություններին, չցանկանալով սակայն, որ որեւէ մեկի սխալ արտահայտության հետեւանքով տարբեր վիճակներում հայտնվեն մեր եղբայրները Սիրիայում: Սիրիայում ապրող մեր ժողովրդին մաղթում ենք այս փոթորկից, որ երեւում է մեծ է` միջազգային թե տեղական առումով, բարեհաջող ելք ունենա: Սիրիական դեպքերի հետեւանքով լիբանանահայությունը չի լքում երկիրը, դեռ այդ գործընթացին չենք հասել ու հուսանք` չենք հասնի:

- Կշտկվի՞ իրավիճակը, այդ հույսո՞վ են հայերը մնում:

- Հայերն այդ տարածաշրջանում առավել ծանր պայմաններում էլ են ապրել: Բացի այդ, ամեն մարդ չի կարող վեր կենալ, գնալ, ասենք, Շվեյցարիա ու ապրել այնտեղ:

- Իսկ ի՞նչ հիմնական խնդիրներ ունի այսօր լիբանանահայությունը:

- Տարիներ շարունակ կուտակված գերխնդիրներից կարեւորներից մեկն է հայ դպրոցը, որի առնչությամբ այլ քաղաքականություն պետք է որդեգրվի, քանի որ դասական տարբերակով մենք տուժում ենք. լիբանանահայ դպրոցահասակ երեխաների մոտ 40 տոկոսը արաբական դպրոցներում է սովորում, անգամ մեծ գումարներ վճարելով: Երեւի ինչ-որ տեղ թերացել ենք` թե ազգային, թե կուսակցական կառույցներով, որ դպրոցն այսօր նման խնդիրներ ունի:

Նաեւ խնդիրներ կան մամուլի հետ կապված. հայկական թերթերը ծանր վիճակում են, ոչ թե բովանդակության, այլ գոյատեւման առումով: Թերթն ու դպրոցը մեծ զոհաբերություններով են ապրում, դեռ ոտքի են: Եկեղեցու առնչությամբ առաջվա երկվությունը գրեթե վերացել է: Մենք ասում ենք` մեկ ազգ ենք, մեկ եկեղեցի, անգամ հարց չէ, թե քանի կաթողիկոս, բայց մե՛կ եկեղեցի: Առանց ազգային եկեղեցու մենք չենք կարող գոյատեւել, բոլոր ազգային կառույցները միասին են: Մեր կուսակցության հավատամքներից է Հայ եկեղեցին իր Մայր աթոռ սուրբ էջմիածնով: Մեծի տանն Կիլիկիո Արամ կաթողիկոսը մեծ աշխատանք է տանում, հայերին համախմբում է, կարողացել է գոնե Լիբանանում ժողովրդին ի մի բերել: Անթիլիասի աթոռի հետ ՌԱԿ-ը այսօր լավ հարաբերություններ ունի, ու պիտի բարելավենք դրանք, ավելի սերտ աշխատենք միմյանց հետ:

Ընդհանրապես լիբանանահայության վիճակը ծանր է, եկամուտները սահմանափակ են, ծախսերըՙ մեծ: Համայնքի եկամուտների մեծ մասը նվիրատվություններից է գոյանում, դեռեւս չենք կարողացել մեր ազգային կարիքների համար ֆիքսված եկամուտներ ապահովել, որպեսզի ինքնուրույնություն ունենանք: Երբ նյութապես կախվածության մեջ ես, այսօր գուցե օգնեն, բայց վաղը ինչ-որ բան կփորձեն թելադրել: Ուստի անհրաժեշտ է, որ ազգային կարիքների համար հաստատուն եկամտի աղբյուրներ ապահովվեն: Լիբանանում լավ հարաբերություններ ունենք ավանդական մյուս կուսակցությունների հետ, գուցե որոշ հարցերի շուրջը տարբեր մոտեցում ունենք, բայց համագործակցում ենք: Տեղական կուսակցություններից էլ բոլորի հետ համագործակցում ենք, բացի կրոնական ծայրահեղական կուսակցություններից: ՌԱԿ-ը կրոնի նկատմամբ խիստ հարգալից լինելով հանդերձ` չի հավատում, որ միայն կրոնի օրենքներով պետք է ապրել:

Գալիք գործունեության առնչությամբ էլ նշեմ, որ կամաց-կամաց երիտասարդական մեր ակումբը բավականին ակտիվ ու համախմբված աշխատում է, նոր դեմքեր են ի հայտ գալիս, նոր համալսարանականներ միանում են մեր երիտասարդներին, ի վերջո, իրենք են, որ պիտի ղեկն ստանձնեն:

Հարցազրույցըՙ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4