«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2012-06-22 | #114, 2012-06-23 | #115, 2012-06-26


ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՌԱԿ (ՀԱՅԱՍՏԱՆ) ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Հունիսի 24-ին Երեւանի Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Ռամկավար ազատական կուսակցության նորընտիր վարչության առաջին նիստը, որի ընթացքում քննարկվեցին կուսակցությունների միավորումից հետո առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները: Մինչ վաչության նիստը տեղի էր ունեցել հանրապետական վարչության դիվանի հավաք, որը մշակել էր քննարկվող օրակարգը, որի կարեւորագույն հարցերից էր կազմակերպչական հարցը: Մասնավորապես կարեւորվեցին նախկին ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ մարզային կառույցների միավորման գործընթացը եւ կուսակցության անդամների ցուցակների ճշգրտումը: Կուսակցության վարչության աշխատանքի արդյունավետության բարձրացման համար որոշում ընդունվեց ստեղծել հանձնաժողովներ եւ դրանց աշխատանքների կազմակերպման պատասխանատուներ:

Ստեղծվեցին կազմակերպչական, Սփյուռքի ՌԱԿ կառույցների հետ աշխատանքի, լրատվության, ֆինանսատնտեսական, միջկուսակցական կապերի, գաղափարախոսական, մշակույթի եւ կուսակցության արխիվային փաստաթղթերի հարցերով հանձնաժողովներ: Վարչության նիստում քննարկվեց նաեւ կուսակցության գույքային վիճակը եւ որոշում ընդունվեց ձեռնարկել հնարավոր քայլերը անօրինական կերպով օտարված գույքը հետ բերելու ուղղությամբ: ՌԱԿ հանրապետական վարչությունը իր նիստում որոշում ընդունեց նաեւ ստեղծել վերկուսակցական մարմին` «Արմենական ասպետներ» պայմանական անունով:

Կուսակցության վարչության նիստի հատուկ քննարկման թեման էր այս տարվա սեպտեմբերին Հայաստանի մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունը: ՌԱԿ հանրապետական վարչությունը որոշում ընդունեց, որ կուսակցությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա ՏԻՄ ընտրոթյուններին, ինչի շուրջը տեղական եւ մարզային կառույցները պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարեն եւ իրենց թեկնածուներին ներկայացնեն հանրապետական վարչության հաստատմանը: Վարչությունը մասնավորապես որոշեց, որ կուսակցության մարզային բոլոր ակումբները եւ շրջանակները պետք է պարտադիր կերպով իրենց թեկնածուներին առաջադրեն ՏԻՄ ավագանիների ընտրություններին: Վարչության նիստի ժամանակ շեշտվեց, որ 2003-ից հետո առաջին անգամն է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը սկսում է նախապատրաստական աշխատանքներ Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին մասնակցելու համար: ՌԱԿ-ը որոշում ընդունեց իր կազմակերպչական ռեսուրսները ի մի բերել ՏԻՄ ընտրություններին ակտիվ կերպով մասնակցելու համար:

ՌԱԿ (ՀԱՅԱՍՏԱՆ) ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4