«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2012-06-26 | #116, 2012-06-27 | #117, 2012-06-28


ԱՄՆ ԴԵՍՊԱՆ. ՉԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ներկայացմամբՙ Թուրքիան ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակիցներից է, եւ Թուրքիայի հետ աշխատում են տարածաշրջանային բազմաթիվ հարցերով: «Սակայն եթե դաշնակից ենք, չի նշանակում, որ ամեն ինչի վերաբերյալ համակարծիք պետք է լինենք: Կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ լուրջ բանավեճեր են լինում», հայաստանյան չորս լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ երեկ կայացած հանդիպմանն ասաց դեսպանըՙ հավելելով, որ հայ-թուրքական արձանագրություններն այդ շարքից են:

Հեֆերնի ներկայացմամբՙ Վաշինգտոնը ամեն մակարդակով աշխատանքներ է իրականացնում արձանագրությունների ուղղությամբ գործընթացները շարունակելու:

«Չենք ցանկանում հրաժարվել արձանագրություններից: Մեր ուղերձը թուրքական իշխանություններին այն է, որ վավերացվեն ու գործածության մեջ դրվեն առանց որեւէ նախապայմանի: Պետքարտուղար Քլինթոնն էլ շատ հստակ արտահայտվեց, որ գնդակը Թուրքիայի խաղադաշտում է եւ նրանց հերթն է որեւէ քայլ կատարելու», ասաց դեսպանըՙ կարեւորելով, որ երկու երկրների խորհդարանները արձանագրությունները հետ չեն կանչել:

«Մենք ձգտում ենք հաշտեցման երեք օղակներումՙ առաջինը արձանագրությունների վավերացումն ու գործարկումն է առանց նախապայմանների: Տնտեսական միջոցների ձեռնարկումՙ մասնավորապես Գյումրի-Կարս երկաթգծի բացումը, որը բովանդակային տնտեսական քայլ է եւ օգտակար կլինի թե՛ Արեւելյան Թուրքիայի, թե՛ Հայաստանի համար: Երրորդը փոխայցելություններ են, մարդկանց միջեւ շփումները, որը կվերացնեն անվստահությունն ու միջավայր կձեւավորեն հաշտեցման համար»:

Դեսպանի ներկայացմամբՙ պետքարտուղար Քլինթոնը բազմիցս հորդորել եւ պահանջել է, որ արձանագրությունները վավերացվեն առանց նախապայմանների, եւ հարցը չկապվի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: «Մինչ այժմ հաջողություններ չենք ունեցել, սակայն չենք պատրաստվում հրաժարվել այդ ուղղությամբ աշխատելուց»:

Թեեւ ԱՄՆ-ը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, սակայն միակ պետությունն է, որ Սենատի հաստատմամբ ամեն տարի ամերիկյան պետական օգնություն է տրամադրում ԼՂՀ-ին: Սրանով հանդերձ, երբ ադրբեջանական կողմը ռազմատենչ հայտարարություններ է կատարում կամ ադրբեջանական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացնում ամերիկյան պետական օգնություն ստացող պետության դեմ, պաշտոնական Վաշինգտոնը դատապարտելու փոխարեն հավասարության նշան է դնում կողմերի միջեւ: «Ազգ»-ի դիտարկմանն ու խնդրանքինՙ բացատրել նման մոտեցումը, դեսպան Հեֆերնն ասաց.

«Արդեն մի քանի տարի այդ աջակցությունը ցուցաբերվում է տարեկան շուրջ երկու միլիոն դոլարի չափով: Հիմնականում դրանք ուղղված են ականազերծման եւ ջրամատակարարման ծրագրերին: Հռետորաբանության, շփման գծի եւ բռնությունների հետ կապված մի քանի նկատառում ունեմ: Համանախագահող երեք երկրների նախագահներըՙ Օբաման, Պուտինն ու Օլանդը Լոս Կաբոսում հայտարարությամբ վերահաստատեցին, որ խնդրի լուծումը խաղաղ կարգավորումը, եւ բռնություններն ու ռազմաշունչ հռետորաբանությունը տեղ չունեն: Երեւանում պետքարտուղար Քլինթոնըՙ հրապարակային եւ մասնավոր զրույցներում անդրադարձավ թեմային: Երբ նա Երեւանում էր, առավոտյան Հայաստանի սահմանին 3 հայ զինվոր էր զոհվել: Իր հայտարարությամբ նա դատապարտեց բռնությունը եւ այս կարգի ողբերգությունները որակեց անընդունելի: Նա հրապարակավ ասաց, որ ուղերձը պատրաստվում է փոխանցել Բաքվին, Բաքվում նախագահ Ալիեւի հետ հանդիպմանը նույնը կրկնեց եւ վերոնշյալ հարցերը բարձրացրեց»:

Անդրադառնալով ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ արձագանքին, որն ավելի մեղմ էր, քան եվրոպականը, Հեֆերնը ասաց, որ ընտրություններին մեծ ուշադրություն են դարձրել եւ փորձել են օբյեկտիվ լինել: Դեսպանի խոսքերովՙ ընտրություններին անաչառ գնահատական են տվել: «Տեղամասերում ընտրությունը լավ էր կազմակերպված, քվեարկությունը թափանցիկ էր: Երկու ամենամեծ խնդիրներն էին ընտրակաշառքների լայնատարած դրսեւորումը եւ վարչական ռեսուրսների շահագործումն ու հովանավորչությունը հօգուտ կառավարամետ ուժերի: Այս պահին ամենակարեւորն առաջ նայելն է, քանի որ առջեւում նախագահական ընտրություններ են: Մենք հորդորում ենք գործող իշխանություններինՙ շարունակել բարեփոխումների քաղաքականությունն ու լրատվամիջոցների ազատ հասանելիությունը ընդդիմադիր անկախ քաղաքական գործիչների համար ոչ միայն ընտրություններին նախորդող 40 օրերին», ասաց դեսպանըՙ հավելելով, որ հավասար պայմաններ պետք է ապահովվեն վարչական ռեսուրսի օգտագործման առումով, եւ ավելի արդարացի մոտեցում լինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4