«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2012-07-13 | #127, 2012-07-14 | #128, 2012-07-17


ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՐՏԱԴՐԵԼ ԸՆԴՈՒՆԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

Համանախագահները դեմ են ինքնաթիռ խփելու սպառնալիքներին, իսկ Ադրբեջանում շարունակում են կոմեդիայի ժանրի դատողությունները

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում հաճախ են հնչում մեղադրանքներ, թե հայկական կողմի պարագայում, ըստ արժանվույն չի գնահատվում ու դատապարտվում ադրբեջանական ագրեսիան, ադրբեջանական կողմի պարագայում` հակառակը: Մոտ 20 տարվա կարգավորման ընթացքն իրապես կարող է հիմք լինել իրերն իրենց անուններով կոչելու պահանջի, թեեւ հասկանալի է, որ դիվանագիտություն ասվածը բնավ էլ ուղղախոսության ու առավել հաճախ` ճշմարտախոսության տեղը չէ:

Այդուհանդերձ, երբեմն դատապարտման հստակ հասցեագրված հայտարարություններ եւս արվում են, ընդ որում, տվյալ դեպքում որեւէ տարմեկնաբանության կամ թյուրըմբռնման տեղ չի թողնվում: Ու թեեւ այդ պարագայում եւս հայտարարությունների ու դրանցում հնչած դատապարտման ու պահանջ-առաջարկների հետագայի հարցը մնում է օդում կախված, այսինքն` չկան երաշխիքներ, թե դրանք կիրականացվեն, այդուհանդերձ, դրական է, որ երբեմն հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդներն էլ դիրքորոշման հստակություն են դրսեւորում:

Հուլիսի 13-ի ուշ երեկոյան Երեւանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի ու Ժակ Ֆորի հերթական հայտարարությունը ոչ հերթական մտքեր է պարունակում որպես հուլիսի 10-13-ը տարածաշրջան այցելության եզրավորում: Համանախագահները մասնավորապես անդրադարձել են Ստեփանակերտի օդանավակայանին` հղում անելով օդանավակայանի բացման մասին հրապարակումներին:

«Համանախագահները թարմացված հաստատում են ստացել կողմերից, որ կողմերը կմերժեն ուժի եւ դրա սպառնալիքի կիրառումը քաղաքացիական ավիացիայի դեմ, հարցը կփորձեն կարգավորել դիվանագիտական քայլերով ու ձեռնպահ կմնան հարցի քաղաքականացումից», ասվում է հայտարարության մեջ:

Ասել է թե հենց Ադրբեջանից են համանախագահները հաստատում ստացել, որ ուժ չի կիրառվի Ստեփանակերտի օդանավակայանին մոտեցող քաղաքացիական ինքնաթիռների ուղղությամբ, ընդ որում, չի լինի նաեւ նման ուժ կիրառելու սպառնալիք:

Թե որքան անգամ է Բաքուն պաշտոնական մակարդակով խոստումներ ու հավաստիացումներ տվել, ու քանիսն են դրանցից մնացել անգամ Ալիեւի ստորագրած թղթերի վրա, թվարկելը բարդ է, հատկապես որ այդպիսի օրինակներ Ադրբեջանի նախագահն առատորեն թողել է պատմությանը: Սակայն, այդուհանդերձ, նման հավաստիացման հանգամանքի ամրագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ եւս պարտավորեցնող է ու կարող է հանգեցնել համանախագահող երկրների նախագահների կողմից քանիցս նշված միջազգային դատապարտման, եթե այն դրժվի:

Հայտարարությամբ նաեւ ասվում է. «Համանախագահները վերահաստատում են, որ այդ օդանավակայանի աշխատանքը չի կարող օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխությանն աջակցող հավակնություն/հավաստում, նաեւ կողմերին կոչ են անում գործել միջազգային իրավունքի համաձայն եւ իրենց տարածքների վրայով ներկայիս պրակտիկային համապատասխան»:

Այսինքն` փաստացի այն հարցը, որ ադրբեջանական տարբեր չինովնիկների համար կարծես ներքին լսարանում դիվիդենտներ շահելու միջոց էր, այլեւս չպետք է օգտագործվի այդ եւ այլ նպատակով, ընդ որում` հարցի որեւէ քաղաքականացում տեղի ունենալ չի կարող: Իսկ որ այդ սպառնալիքները գործի դնելու հարցում զսպող հանգամանք կարող էր լինել, ամենից առաջ, ղարաբաղյան հակաօդային ուժերի պատրաստվածությունը, վկայում է հաստատապես ցայսօր այդ հայտարարությունների բնույթի զուտ հռետորական մնալու փաստը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությամբ էլ արդեն քաղաքացիական թռիչքների թույլտվության նման մոտեցում է դրվում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումների հիմքում:

Հայտարարության մեջ կրկնվում են նախորդ նմանօրինակ փաստաթղթերից եկող խոսքերը ինչպես զինադարարի խախտումների շուրջը մտահոգության, այնպես էլ շարունակվող ռազմատենչ հռետորաբանության առնչությամբ, տեղեկացնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հավանական հանդիպում կարելի է սպասել արդեն սեպտեմբերին, որին կնախորդեն համանախագահների առանձին-առանձին հանդիպումները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

Ստեփանակերտի օդանավակայանի առնչությամբ նման մոտեցման արտացոլումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ` տարածաշրջանային այցի ավարտին, երբ նույն այդ հուլիսյան օրերին տարածաշրջան այլ բարձրաստիճան այցելություններ էլ եղան, բնավ պատահականությունների շարքից չէ, բայց վստահաբար ասել, թե այդուհետեւ Բաքվից ոչ մի սպառնալիք չի հնչի, հնարավոր չէ:

Թերեւս ասվածի վկայություն կարելի է դիտարկել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահնների վերջին հայտարարության առնչությամբ Բաքվում հնչող կամացուկ ձայները, որոնք վերեւներից չեն գալիս, բայց հաստատապես հնչում են վերեւների գիտությամբ: Մասնավորապես, ադրբեջանական մի քանի պարբերականները «դիտարկել են», թե Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը «ափսոսանք է հարուցում», իբր հակասական ձեւակերպմամբ ներկայացնելով ինչպես քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժ չկիրառելու եւ միջազգային իրավունքի համադրությունը:

Հուլիսի 14-ին Ադրբեջանի ԱԳ նախարարությունն, ի դեմս պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւի, «Ազերիպրես» գործակալությանը կարճ ու առանց մեկնաբանության հայտարարել էր, թե «թռիչքներն Ադրբեջանի օկուպացված տարածքների վրայով անօրինական են»: Այսքանից ավելին արտգործնախարարությունից էլ, ավելի բարձր ատյաններից էլ չի ասվել, հատկապես որ նույն գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը (որքան հնարավոր էր ճշտել համացանցային հրապարակումներից Ա.Հ.) ուղղակիորեն չի անդրադարձել համանախագահների հայտարարությանը, փոխարենը խիստ դժգոհ կեցվածքով մատուցել է այդպես էլ «անարդյունք» վիճակը:

Իր զուտ հռետորական հայտարարություններից հարցազրույցում Մամեդյարովը հեռուն է գնացել, նշելով, թե այսօր Հայաստանի ու Ադրբեջանի փոխվստահության խնդիր կա, որը հաղթահարելու համար «բազմաթիվ փորձեր են անհրաժեշտ»:

Այո՛, թերեւս Ադրբեջանին դրանք շատ են անհրաժեշտ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4