«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2012-07-21 | #133, 2012-07-24 | #134, 2012-07-25


ՌԴ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Գիտությունների ազգային ակադեմիայում առավոտյան սպասում էին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին : Նրա գլխավորած պատվիրակությունը ակադեմիայում էր ցերեկը ժամը 12-ին: Հանդիպման նպատակն էր ուղենշել հայ ե ռուս գիտնականների միջեւ գիտատեխնիկական կապերի զարգացման եւ գիտության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Մինչ գիտական հարցերի քննարկումը Նարիշկինը բացման խոսքում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացինՙ շեշտելով, որ Ռուսաստանի նպատակն է խնդրի խաղաղ եւ վերջնական լուծումը: «Հուսով ենք, որ առաջիկայում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կնկատվի: Ռուսաստանն իր հերթին շարունակելու է միջնորդությունն ի նպաստ այդ հակամարտության խաղաղ եւ երկու կողմերի համար ընդունելի լուծման», ասաց նա:

Ավելի ուշ Ազգային ժողովում Նարիշկինը հանդիպեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Առանձին հանդիպումից հետո Աբրահամյանն ասաց, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՙ կրթական, գիտական եւ մի շարք այլ ոլորտներում: Պաշտոնյաները կարեւորել են միջխորհրդարանական հարաբերությունների խորացումըՙ հատկապես միջազգային խորհրդարանական հարթակներում: Համագործակցության արդյունավետություն է արձանագրվել նաեւ ՀԱՊԿ շրջանակում:

Աբրահամյանն ու Նարիշկինը քննարկել են ՀՀ ԱԺ-ում եւ ՌԴ Պետդումայում երկու խորհրդարանների ներկայացուցիչների ինստիտուտի ստեղծումը, ինչը միտված կլինի հարաբերությունների ավելի ամրապնդմանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ռուս պաշտոնյան քննարկել է երկկողմ տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված աշխատանքները: Այդ համատեքստում գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններն աշխատում են երկու երկրների միջեւ սոցիալ-տնտեսական համագործակցության նոր երկարաժամկետ ծրագրի նախագծի շուրջը, ուր կներառվեն համագործակցության բոլոր ոլորտները, մինչեւ 2012 թվականը նախատեսվող համատեղ ծրագրերն ու նպատակները:

Ավելի ուշ Նարիշկինն արդեն նախագահական նստավայրում էր: Նախագահ Սերժ Սարգսյանը ռուս պաշտոնյայի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ վերջինիս այցը նոր ազդակ կհաղորդի հաստատուն կերպով զարգացող հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին:

Նախագահի բնութագրմամբՙ հայ-ռուսական անսասան հարաբերությունները Հայաստանի անվտանգության անկյունաքարն են: Նարիշկինն էլ հավելել է, որ Ռուսաստանը թանկ է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը, որոնք վերջին 10 տարում ավելի են ակտիվացել:

Նարիշկինը կարեւորել է միջխորհրդարանական դիվանագիտությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4