«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2012-07-24 | #134, 2012-07-25 | #135, 2012-07-26


ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ Interpol-Ի «ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԱՆՁԱՆՑ» ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԿԱ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արձակագիր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ ու ԱԺ նախկին պատգամավոր Վանո Սիրադեղյանի անձը, գործունեությունն ու գտնվելու վայրը միշտ էլ եղել են հասարակության եւ լրատվամիջոցների հետաքրքրությունների շրջանակում, սակայն վերջին 10 օրվա ընթացքում առավելապես հանրության ուշադրության կենտրոնում են:

Դրա պատճառ հանդիսացավ այն, որ ասուլիսներից մեկի ժամանակ գրող- վերլուծաբան Սերգեյ Գալոյանը հայտարարեց, թե Վանո Սիրադեղյանի գործը գոյություն չունի: Գոյություն ունի Արմեն Տեր-Սահակյանի գործ, որտեղ շոշափվում է նաեւ Վանո Սիրադեղյանի անունը:

«Սակայն Վանո Սիրադեղյանի դեմ գործ չի հարուցվել, նման գործ չեք կարող գտնել, անհնար է», «Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սերգեյ Գալոյանը:

Հիշեցնենք, որ 2000թ. խորհրդարանը նիստերին անհարգալից կերպով չմասնակցելու պատճառաբանությամբ Սիրադեղյանին զրկում է պատգամավորի անձեռնմխելիությունից, ապաՙ պատգամավորական մանդատից: Սիրադեղյանը մեղադրվում է մի շարք քաղաքական գործիչների ծրագրված սպանության մեջ: Նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում:

Համաձայն Արմեն Տեր-Սահակյանի գործով դատավճռիՙ առանձին քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց վրա հարձակումներ գործելու, նրանց սպանելու եւ այլ հանցագործությունների կատարման նպատակով 1992թ. ամռանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ, հովանավորությամբ եւ աջակցությամբ, Արմեն Տեր-Սահակյանը կազմակերպել եւ ղեկավարել է կայուն զինված հանցավոր խումբՙ բանդա, որը գործել է մինչեւ բանդայի անդամների ձերբակալումըՙ 1998թ.: Սիրադեղյանի միջոցով Արմեն Տեր-Սահակյանի խմբին ՀՀՇ վարչության շենքում տրամադրվել է առանձնասենյակ, որը օգտագործվել է որպես բանդայի հավաքատեղի:

90-ականներին բազմաթիվ անձանց սպանությունը կազմակերպել են հենց բանդայի մոտ երկու տասնյակի հասնող անդամները, որոնց համաձայն մեղադրական եզրակացության, ֆինանսավորել է Սիրադեղյանը:

Համաձայն մեղադրական եզրակացության, Սիրադեղյանի հանձնարարությամբ են իրագործվել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի, ՀՀ երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանիՙ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանությունները: ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի սպանության իրականացնողներն էլ են եղել բանդայի անդամները: Արմեն Տեր-Սահակյանի եւ Վանո Սիրադեղյանի անունները շոշափվում են բազմաթիվ սպանություններում, իսկ գործով մեղադրական եզրակացությունն ավելի քան 300 էջ է կազմում:

Սերգեյ Գալոյանի մեկնաբանությամբՙ Արմեն Տեր-Սահակյանի քրեական գործը վեց ամիս առաջ մեկ դատարանից մյուս դատարան փոխադրելու ժամանակ կորել է:

ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ ծառայության պետ Արսեն Բաբայանի խոսքերովՙ Վանո Սիրադեղյանի գործն առանձնացված է Տեր-Սահակյանի քրեական գործից եւ գտնվում է դատական դեպարտամենտի արխիվում: Բաբայանը նաեւ հավելում է, որ 2005-ից Տեր-Սահակյանի գործը ՀՀ գլխավոր դատախազությունում է:

«Ոչ մի քրեական գործ չի անհետացել, դրանք երկուսն էլ կան: Արմեն Տեր-Սահակյանի գործը 2005-ից դատախազության պահանջով գտնվում է գլխավոր դատախազությունում, իսկ Արմեն Տեր-Սահակյանի գործից առանաձնացված Վանո Սիրադեղյանի քրեական գործը կասեցված է, քանի որ Վանո Սիրադեղյանը գտնվում է փախուստի մեջ եւ նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում»:

Մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի ներկայացմամբՙ իրենց գերատեսչությունում ոչ մի քրեական գործ չկա, որը կվերաբերի Արմեն Տեր-Սահակյանին կամ Վանո Սիրադեղյանին:

Թե որտե՞ղ է Վանո Սիրադեղյանըՙ հայտնի չէ: Նրա նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը հավաստիացնում էՙ Վանոն ողջ է եւ շարունակում է ստեղծագործել: Սիրունյանը հիշեցնում է, որ Վանոն այն անձն է, ում ներքին գործերի նախարար եղած տարիներին Հայաստանում օրենքով գողեր, քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողներ» չեն եղել, վերացել են երկրում հնչող կրակոցները: «Հետեւաբար այդ մարդն իրավունք ունի ապրելու իր երկրում», ասում է Սիրունյանըՙ հավելելով, որ Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան, երբ լինեն նպաստավոր պայմաններ: Նպաստավոր պայմաններ ասելով նա նկատի ունի դատական համակարգի բարելավում, երբ քաղաքացին կարողանա ապացուցել իր անմեղությունը: Սիրունյանը համոզված էՙ Սիրադեղյանը զերծ չի մնա կանգնել դատարանի առջեւ, քանի որ պատրաստ կլինի բացահայտել երեւույթներ, որոնք կապված են իր եւ ոչ միայն իր անձի հետ: Նախկին թիկնազորի պետի խոսքերովՙ այն ժամանակ արդարադատության համակարգը թափանցիկ ու արդար չէր, եւ Սիրադեղյանը անհետացել էՙ մթնոլորտից ելնելով:

Թիկնազորի պետը նաեւ հիշում է Վանո Սիրադեղյանի հետ վերջին հանդիպման օրըՙ 2000թ. ապրիլի 3: «Այդ օրը ՀՀՇ վարչությունից դուրս գալուց հետո մենք երկու մեքենայով ուղեւորվեցինք դեպի Մյասնիկյան պողոտայում գտնվող Սիրադեղյանի տուն: Վանո Սիրադեղյանն իր անձնական մեքենայով էր: Հասնելով տուն Վանո Սիրադեղյանը դուրս եկավ եւ ինձ հանձնարարեց, որ թիկնազորին ուղարկեմ տուն: Այն ժամանակ պարզ էր, որ Սիրադեղյանի բնակարանը հատուկ ծառայությունները վերահսկում են»:

Սիրունյանը հիշում է, որ հետո Սիրադեղյանի հետ է եղել մինչեւ Սունդուկյանի թատրոնի շենք հասնելը: «Մենք բաժանվեցինք, եւ դրանից հետո որեւէ տեղեկություն չունեմ նրանից»:

«Խնդրում եմ ձեզ, որ լինեք բոլորով միասին, ոչ մի բանի մասին չմտածեք, իմ ձեռքերը մաքուր են»: Ըստ Սիրունյանիՙ սա Վանո Սիրադեղյանի վերջին խոսքն է եղել, երբ նա որոշել է լքել Հայաստանը:

«Սիրադեղյանը մեքենայում թողել էր իր գլխարկը, ինչը պատճառ էր դարձել, որ 5 օր լինեմ ոստիկանությունում: Իմ վրա փորձարկեցին «Հոկտեմբերի 27-ի» գործով հատուկ Հայաստան բերված ստի դետեկտորը: Ես տվեցի ցուցմունքներ, այդ սարքը հաստատեց, որ ես ճիշտ եմ ասել, թեւ բնական է, որ միտումնավոր սխալ տեղեկություն եմ տվել», հայտարարեց Սիրունյանըՙ շեշտելով, որ անցել է 12 տարի, չի վախենում նման հայտարարություն անելուց, ավելինՙ տվյալն պահն է ստիպել այդպես վարվել:

Սիրունյանը նաեւ հավելեց, որ ՀԱԿ-ին ձեռնտու չէ որեւէ կերպ աջակցել Վանոյի վերադարձին: Նրա մեկնաբանությամբՙ առաջին հերթին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին ձեռնտու չէ Վանոյի վերադարձը: «Երբ առաջին անգամ գլխավոր դատախազը պետք է ԱԺ-ում միջնորդեր Վանոյին ձերբակալելու համար, Արամ Մանուկյանն անձամբ է խնդրել Վանոյին, որ չմասնակցի կամ կողմ քվեարկի ձերբակալությանը, քանի որ այդ ժամանակ մշակույթի փոխնախարար էր եւ վախենում էր կորցնել պաշտոնը», ասաց Սիրունյանըՙ հերքելով, թե Սիրադեղյանին օդանավակայան է ճանապարհել ներկայիս ոստիկանապետ Վովա Գասպարյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ Վանո Սիրադեղյանին փնտրելու համար միջազգային հետախուզում է հայտարարված, սակայն եթե նա ինչ-որ հրաշքով հայտնվի Հայաստանում, ապա կձերբակալվի:

Հետաքրքրական է, որ Interpol-ի կայքում, «Հետախուզվող անձանց» բաժնում չկարողացանք գտնել Վանո Սիրադեղյանի անունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4