«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2012-08-16 | #140, 2012-08-17 | #141, 2012-08-18


«ԵԹԵ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՐԱ ՊԵՍ 20 ԶԱՎԱԿ ՈՒՆԵՆԱՐ...»

Մարդու կյանքում տարեդարձը, տոն լինելուց բացի, նաեւ մտորելու, ապրած ժամանակահատվածը հետադարձ հայացքով ծանրութեթեւ անելու, արժեւորելու եւ հանրագումարի բերելու պատեհ առիթ է, որը նաեւ մի շարք հարցերի առաջ է կանգնեցնում. ի՞նչ ես հասցրել անել, բավարա՞ր են եղել արդյոք ձեռքբերումները, որքանո՞վ ես թերացել քո պարտականություններում, ազնի՞վ ես եղել հարազատներիդ, ծանոթներիդ եւ շրջապատիդ հանդեպ...

Համոզված եմ, որ եթե գիտնականները մարդու ապրած կյանքի էջերը մանրազնին քննության ենթարկելու եւ անաչառ գնահատելու ունակ մի սարք ստեղծած լինեին եւ դրանով գնահատեին ու չափեին մեր հայրենակից, ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, տնտեսագիտության դոկտոր Սամվել Կարապետյանի ապրած 47 տարիները, ապա արդյունք-պատասխանը, փայլուն եւ դրական լինելուց զատ, իրավամբ կարող էր նաեւ դասական օրինակ-ուղեցույց հանդիսանալ շատերի եւ հատկապես մատաղ սերնդի համարՙ թե ինչպես կարելի է օտար ափերում, առանց կապերի եւ սկզբնական կապիտալի, շատ կարճ մի ժամանակահատվածում դառնալ Ռուսաստանի հարուստ մարդկանցից մեկը, անել անհնարինըՙ զրոյից հասնել աննախադեպ հաջողությունների, հասնել փառքի գագաթնակետին ու միեւնույն ժամանակ մնալ մարդ եւ բարոյականության մարմնացում:

Մեր այս բարդ եւ հարափոփոխ ժամանակներում իսկական հայի ու լավ մարդու օրինակ հասարակությանը շատ է անհրաժեշտ: Սովորաբար, որպես կանոն, որդիներին օրինակ է ծառայում հայրերի դիմանկարը, բայց Սամվել Կարապետյանի պարագայում, հաշվի առնելով նրա երիտասարդ տարիքը, ասես փոխվել է ավանդույթը, քանի որ 47-ը դեռեւս որդիական, երիտասարդական տարիք է, հետեւապեսՙ կարճ ժամանակահատված: Կարճ, բայց եւ զարմանալիորեն հագեցած, հպարտության ու ընդօրինակման արժանի: Իսկ Սամվել Կարապետյան անձնավորությամբ այսօր շատերն են հպարտանում: Վերջերս ռուսաստանաբնակ մեկ այլ հայազգի գործարար մի առիթով խոսելով Հայաստանում բարեգործության անհրաժեշտության մասինՙ կարծիք է հայտնել, որ եթե մեր ժողովուրդը Սամվել Կարապետյանի նման 20 զավակ ունենար, ապա մեր երկիրը կվերածվեր դրախտավայրի...

Ահա, այս վաստակով եւ ծանրակշիռ «ուղեբեռով» է Սամվել Կարապետյանը դիմավորում իր ծննդյան հերթական տարեդարձը:

Ծնունդդ շնորհավոր, հարգելի հայրենակից: Ձեզ քիչ թե շատ մոտիկից ճանաչողները գիտեն, որ Դուք ամենեւին էլ անառիկ ամրոցներով Ձեզ պատսպարած մարկանցից չեք, պարզապես Ձեր ամեն ժամն ու րոպեն հաշվարկված են, որը ծառայեցնում եք այն մեծ գործին, որին նվիրվել եք: Իսկ հնարավոր չէ, որ Ձեզ նման վերին աստիճանի կիրթ, սիրալիր եւ անկեղծ անձնավորությունը, ում կրծքի տակ բաբախում է անսահման սերն իր ընտանիքի, հարազատների, Հայաստանի եւ մանավանդ հայրենի եզերք Տաշիրի հանդեպ, խուսափի Աստծո օրհնանքին արժանի գործեր կատարելուց: Դուք նաեւ շատերին եք զարմացնում, թե ինչպես կարելի է համատարած նախանձի ու չարության մեր այս ժամանակներում լինել չափից ավելի հումանիստ ու սիրով խոսել մարդկանց մասին` ընդգծելով, որ միայն բարությունը կփրկի աշխարհը, եւ ընդհակառակը, համոզված լինել, որ կյանքի հիմնասյուները խարխլող եւ անհաջողությունների պատճառը մարդկային նախանձն ու չարությունն են:

Ասես երեկ էր, որ 1986 թ. ավարտելով Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետըՙ այն դժվարին 90-ականներին, հարազատներին օգնելու անկեղծ մղումով, նետվեցիք կյանքի հորձանուտըՙ տեղափոխվելով Ռուսաստան եւ հաստատվելով Կալուգայում: Բացեցիք սկզբում մեկ խանութ, ապա երկրորդը, երրորդը... տասներորդը եւ այդպես տարիների ընթացքում խելացիորեն զարգացնելով ու խելամիտ հաշվարկներովՙ հզորացրիք Ձեր գործունեությունը: Բավական է ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ձեր ղեկավարած ընկերությունը առեւտրային կենտրոններում իրականացրել է մանրածախ առեւտրի նոր սրահների բացման ներդրումային մի շարք ծրագրեր, մասնավորապես բացվել են դեղատների, հուշանվերների, օծանելիքի, կոսմետիկայի եւ մուլտիբրենդային խանութների ցանցեր: Եվ պատահական չէ, որ 1999-ին ստեղծված ընկերությունն այսօր ունի շուրջ 200 ձեռնարկություն` ավելի քան 30.000 աշխատատեղով, որոնցում առավելապես ներգրավված են հայեր` Ձեր հայրենակիցները:

2011 թ. տվյալներով` «Տաշիր գրուպը» Ռուսաստանի մեծ քաղաքներում ունի 65 առեւտրային ձեռնարկություններ: Ականատեսներին պարզապես հիացմունք են պատճառում ՌԴ մայրաքաղաքում Ձեր մտահղացմամբ կառուցված էլիտար շենքերը, որոնք միայն բիզնես կարգի են եւ աչքի են ընկնում հարմարավետությամբ, բարձր որակով ու ճաշակով: Նույն հիացմունքն ես ապրում նաեւ Մոսկվայի «Տուլսկայա» մետրոյի հարեւանությամբ հպարտորեն վեր խոյացող «Երեւան-պլազա» առեւտրի կենտրոն այցելելով. այստեղ նույնպես ամեն ինչ կատարյալ է, նպատակային, կոլորիտով ու ճաշակով:

Ըստ ռուսական «ՂՌվՈվր» ամսագրի տեղեկությունների` 2011 թ. Ռուսաստանի ամենահարուստ հայ գործարարը ճանաչվել եք Դուք, ում կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 502 միլիոն դոլարով, եւ ներկայումս գնահատվում է 1,4 միլիարդ դոլար: Դուք նաեւ աշխարհի ամենահարուստ հայերի տասնյակի մեջ եք (ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է մեծ բարերար Քըրք Քըրքորյանը):

Մեզ հայտնի է նաեւ, որ Դուք, տաղանդավոր գործարար լինելուց բացի, նաեւ արվեստ սիրող ու գնահատող, հարուստ ներաշխարհով լի ստեղծագործ մարդ եք: Ամենավառ վկայությունը արդեն հինգ տարի մեծ շուքով անցկացվող «Տաշիր» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն է, որը մտահղացել եք հենց Դուք: Նպատակը դարձյալ սերն է հայրենիքի ու Հայաստան աշխարհի մշակույթի հանդեպ, Դուք ցանկանում եք, որ հայ մշակույթը մշտապես լսելի ու տեսանելի լինի մեծ բեմերում, եւ ավելի ու ավելի շատ մարդիկ ճանաչեն մեզ, ցանկանում եք, որ այդ մրցանակաբաշխությունների ընթացքում մեծարվեն բոլոր այն արտիստները, ովքեր իրենց կյանքի ընթացքում հայկական մշակույթը զարգացնելու եւ ամբողջ աշխարհում ներկայացնելու մեջ ներդրում են ունեցել: «Տաշիր»-ի փառատոներին մասնակցում են նաեւ համաշխարհային աստղեր, որը նույնպես Ձեր մտահղացումներից է:

Շատերն են հիշում, որ ամիսներ առաջ ՌԴ մայրաքաղաքում կազմակերպված մի բարեգործական երեկոյի ընթացքում, որի նպատակն էր դրամական միջոցներ հավաքել Մոսկվայում եկեղեցու կառուցման համար, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը` Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, եկեղեցու կառուցմանը հատկացրել է 5 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Մոսկվայում կազմակերպված «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարեգործական ճաշկերույթին Դուք մեկ միլիոն դոլարի նվիրատվություն եք կատարել:

Այսօր արդեն անուրանալի իրողություն է, որ Դուք սիրով եք բարեգործություններ եւ նվիրատվություններ անում, անում եք սրտի կանչով, առանց պարտադրանքի, անում եք անաղմուկ եւ առանց ավելորդ թմբկահարումների: Եվ պատահական չէր, որ հավատարիմ նախնյաց կանչին եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատգամներին` Դուք 10 միլիոն դոլար եք նվիրաբերել Մոսկվայում հայկական եկեղեցու կառուցման գործին, իսկ վերջերս էլ 15 միլիոն դոլար փոխանցեցիք Սուրբ էջմիածին մայր տաճարին...

Լինելով չափազանց պատրաստակամ անհատ եւ ապրելով Ռուսաստանումՙ Դուք երբեք անտարբեր չեք մնում Հայաստանի մտահոգությունների նկատմամբ, ուստի ակտիվ ու նախաձեռնող եք հայրենիքի շենացման նախաձեռնություններում եւ մշտապես ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ հայրենիքը բարենորոգելու գործում:

Համառոտակի` ինձ համար այսպիսին է Սամվել Կարապետյան մարդու, հայրենասերի եւ գործարարի դիմապատկերը, որը, համոզված եմ, փայլուն օրինակ կհանդիսանա նաեւ գալիքի մեր հայորդիների համար: Արժե նաեւ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, խորհի ամիսներ առաջ մի առիթով նրա արտաբերած այն խոսքերի շուրջը, թե անկախ մեր ֆինանսական կարողության չափից. մեր միակ իրական հարստությունը մեր հայրենիքն է, մեր միակ հպարտությունը մեր արմատներն են, ու մենք բոլորս հարուստ կլինենք այն ժամանակ, երբ շեն ու ծաղկող տեսնենք մեր երկիրը:

Ծնունդդ շնորհավո՛ր, հայրենակի՛ց: Ձեր սիրելիների հետ եւ նրանց կողքին ապրեք խաղաղ եւ երջանիկ: Թող Ձեր մշտական ներկայությունը երբեք չպակասի նրանցից, եւ մարդիկ մշտապես զգան այն լույսը եւ բարությունը, որը ճառագում է Ձեզնից...

Հարգանքովՙ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4