ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2012-07-14 | #14, 2012-07-28 | #15, 2012-08-25


ՄԻ ՏԽՈՒՐ ՆԱՄԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Իմ խոսքը Ժանետա Հակոբյանի «Ես համաձայն չեմ ձեզ հետ, հարգելի Հակոբ Հակոբյան» նյութի մասին է: (Տեսՙ «Ազգ» Մշակույթ-հավելված, 14 հուլիս, 2012)

Առաջին երեք-չորս բառը արդեն փայլուն գրագիտության վկայություն էՙ «իմ կողմից շատ հարգելի...»: Հետո գալիս են բազմաթիվ այլ գոհարներ եւ շքեղություններՙ «Այս արձանը սիմվոլացած հայորդիներն են», «Կանգնած է հայ հեղափոխականի ուժեղ կերպարը...» եւ այլն, եւ այլն:

Ալլա՜հ, ալլահ...

«Կանգնած է... կերպարը»... «Կերպար»-ը հասկացություն է, ըմբռնում, մշակութաբանական եզր եւ ի ցավ Ժանետա Հակոբյանի, չի կարող կանգնել, պառկել կամ մի այլ բան անել: Եվ այս գրագիտությամբ Ժանետա Հակոբյանը երկար-բարակ ճամարտակում է չհասկացած բաների մասին:

Մեր մեծագույն երկու-երեք չարիքներից մեկը միշտ էլ եղել է դիլետանտիզմը: Ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում չգիտցած ու չուսումնասիրած բաների մասին ոչ միայն խոսելու, այլեւ դասեր ու խրատներ տալու: Բավական է միացնել հայկական հեռուստատեսությունը կամ բացել մեր մամուլի էջերըՙ վերը ասվածի մեջ համոզվելու համար: Ինչո՞ւ: Որովհետեւ կարծում է, թե իր գիտցածը աշխարհի գիտելիքի վերջին սահմանն է:

Դառնանք մեր բուն նյութին: Եվ խոսքը ամենեւին էլ արձանագործի տաղանդի եւ իր ստեղծած արձանի գեղարվեստական արժանիքների մասին չէ, որոնք ակնհայտ են ու անառարկելի: Խոսքը ազգային գիտակցության, երեւույթները անհրաժեշտաբար եւ պատմության պարտադրանքով վերարժեքավորելու, սթափ ու ճիշտ դատողության, այլ խոսքով` բարոյական դիրքորոշման մասին է:

Մենք մեզ հարց տանք` հայազգի հեղափոխականը Հայաստանո՞ւմ էր հեղափոխություն անում, Հայաստանի ո՞ր ռեժիմն էր ուզում տապալել, ո՞ր կուսակցությունից ու իշխանությունից էր դժգոհ: Եթե Հայաստանում չէր, էլ ի՞նչ հայ հեղափոխական, էլ մեզ ինչ:

Այս գրության հեղինակը կարո՞ղ է ասել, թե ի՞նչ է արել հրեա-մասոնական գաղափարներին զինվորագրված հայ բոլշեւիկ Ստեփան Շահումյանը Հայաստանի, հայ ազգի եւ ժողովրդի համար, որ եթե իր արածը հանենք հայ ժողովրդի կյանքից, կպարզվի, որ ժողովուրդը կկործանվեր: Բոլշեւիկյան կուսակցության համառոտ պատմությունից եւ «ՍՍՌՄ պատմություն» սովետական դպրոցական դասագրքի էջերից քաղած գաղափարախոսական-քարոզչական կցկտուր տեղեկությունների փոխարեն Ժանետա Հակոբյանը լավ կաներ, կարդար Գեորգի Խոմիզուրիի «Հավասարում քսանվեց հայտնիներով» գիրքըՙ Ստեփան Շահումյանի եւ մյուս քսանհինգ հոգու մասին: Ի դեպ, այսօր այդպիսի գրքեր, ուսումնասիրություններ, փաստաթղթեր եւ այլ հրապարակումներ շատ կան: Թեպետեւ այդ գիրքը գրվել է սովետական իրականության մեջՙ կոմունիստ պատմաբանների եւ ուսումնասիրողների հրապարակած փաստաթղթերի եւ տվյալների հիման վրա, դրանց մանրամասն եւ գիտական վերլուծությամբ, այնուամենայնիվ հեղինակը այդ գրքի համար (ճշմարտությունը եւ իրողությունը ասելու համար) տարիներ է անցկացրել սովետական բանտերում ու տաժանավայրերում:

Կարիք կա՞ ասելու, որ քաղաքակիրթ ամբողջ աշխարհն է մերժել բոլշեւիզմը, կարիք կա՞ հիշեցնելու, որ աշխարհում առաջին համակենտրոնացման ճամբարները ստեղծվել են բոլշեւիզմի առաջնորդ ընկեր Լենինիՙ 1918 թվականի սեպտեմբերի 5-ի դեկրետով, կարիք կա՞ մատնանշելու ԽՍՀՄ-ի շուրջ տասնմեկ հազար համակենտրոնացման ճամբարները, կարիք կա՞ մատնացույց անելու աշխարհի մեկ վեցերորդում բոլշեւիկների ստեղծած, մեզ ժառանգություն թողած այսօրվա քրեական հասարակությունըՙ իր քրեական ժարգոնով, քրեական աշխարհի կարգուկանոններով, գողությամբ, ավազակությամբ, սպանություններով, անմռունչ կաշառակերությամբ ու այլեւս անպարտելի կոռուպցիայով, եւ այլն, եւ այլն, այսինքն` այն, ինչ ավելի քան ակնհայտ է: Եվ ոչ ոք չի կարող այդ ամենը հերքել: Պատմությունն ինքը բոլշեւիզմը դուրս է նետել մարդկային կյանքից, բայց չէ, պարզվում է, հայերի մեջ միշտ պապից ավելի կաթոլիկներ կան:

Ինչ-ինչ, հայ մարդը չպետք է մոռանա Բրեստի ամոթալի պայմանագիրը, երբ բոլշեւիկները Թուրքիային հանձնեցին Արեւմտյան Հայաստանը:

Չարժե շարունակել այս մասին: Ա՛յլ բան պիտի ասեմ:

Հայրենիք բառը գործածող Ժանետա Հակոբյանը ինչո՞ւ չի իր հայրենիքում ապրում, որ ամեն օր առիթ ունենա հիանալու հայ բոլշեւիկների արձաններովՙ Սուրեն Սպանդարյանի եւ մյուսների:

Իր «արվեստաբանությունը» որ իսկական զավեշտ է: Ծիծաղելի է, թե ինչպես է ներկայացնում Շահումյանի արձանը:

Ժանետա Հակոբյանը մոռանում է, որ նկարչի հետ է խոսում եւ արվեստագետի, այն էլ մեծատաղանդ արվեստագետի, եւ առանց դույզն ինչ անհարմար զգալու, անվրդով արվեստի դասեր ու խրատներ է տալիս: Հետո էլ պարզվում է, որ Դմիտրի Նալբանդյանը հանճարեղ նկարիչ էՙ «հանճարեղորեն նկարել է բազմաթիվ կոմունիստների»:

Էլ ո՞ւր եք դեսուդեն ընկնում, ձեր ապրած երկրի, հետո Եվրոպայի ու ամբողջ աշխարհի մարդկությանը հասկացրեք, որՙ ի՜նչ Լեոնարդո ու Ռաֆայել, ի՜նչ Էլ Գրեկո ու Վելասկես, ինչ Վան Գոգ ու Պիկասո, հանճարեղ նկարիչը Դմիտրի Նալբանդյանն է:

Անգրագետ դասատուի թե գյուղական խրատատու տիրացուի ոգով ու շեշտով գրած այս պարզունակ ու վիրավորական գրության հեղինակին թվում է, թե այն, ինչ ինքն է գրել, միայն ինքը գիտի, եւ սովորեցնում է, խրատ է տալիս Հակոբ Հակոբյանին եւ ընթերցողներին:

Եթե Ժանետա Հակոբյանը կարծում է, թե Հակոբ Հակոբյանը իր ասածները առաջին անգամ է լսում, իր բերած ողորմելի իբրեւ թե փաստարկները չգիտի, չարաչար սխալվում է: Շահումյանի գրած բոլշեւիկյան շարադրանքները փաստարկ են Ժանետա Հակոբյանի (եւ իր նմանների) համար: Ի գիտություն այդ գրության հեղինակի` Հակոբ Հակոբյանը շատ լավ գիտի, թե ի՛նչ է գրում եւ ինչո՛ւ է գրում: Ափսոս որ Ժանետա Հակոբյանը (եւ իր նման համառ նոր բոլշեւիկները) չեն հասկանում դա: Երեւի թե` որովհետեւ ունակ չեն հասկանալու:

Թվում էՙ հայ մարդը պետք է ամաչի նման ամոթալի եւ մանավանդ ապազգային նյութեր գրելուց եւ ստորագրելուց:

Ու եթե այս տեսակ նյութերին մարդ լուրջ ու հանգամանորեն պատասխանի, անդրադառնալով ամեն մի նախադասությանը, շատ անհարմար դրության մեջ կընկնի: Անհեթեթությունը կլինի արդեն կատարյալ:

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ, «Ազգ-Մշակույթ» հավելվածի ընթերցող


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4