«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2012-08-29 | #149, 2012-08-30 | #150, 2012-08-31


ՀԱՆՑԱԳՈՐԾ-ԴՐՈՇԱԿ

Չի կարելի թույլ տալ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ մարդկանց բազմությունը անապատի հենց մեջտեղում իր մեջ գտնվող կանանցից տենդագին կերպով ոսկի է հավաքում ու հետո այդ ոսկուց ցուլ ձուլում, որպեսզի երկրպագի որպես աստծո, այդ բազմությանը կոչում են կռապաշտ, անկախ նրանից, որ այդ երկրպագության ընթացքում քանիսն են, որ առանձին մի տեղ նստած նայում են երկնքին` կարծես ինչ որ մեկին սպասելիս: Նույն տրամաբանությամբ, եթե մարդկանց բազմությունը նավթով հարուստ մի երկրի հենց մայրաքաղաքում «Տարվա մարդ» է հռչակում հանցագործ մարդասպանի, ուրեմն այդ բազմությունը... Ադրբեջանում 2005-ին տարբեր պետական խողովակներից սնվող հասարակական կազմակերպություններ եւ ԶԼՄ-ներ հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար ու դավադրաբար սպանած Ռամիլ Սաֆարովին հռչակեցին «Տարվա մարդ»: «Դրոշակ», որը սակայն ամբողջ աշխարհում այլ անուն ունի` հանցագործ:

Իհարկե, հանցագործին երբեմն եւ որոշ պարագաներում կարելի է արդարացնել, հակառակ պարագայում չէին լինի փաստաբանները, եւ կամ եթե մի արարք մեկի համար դիտարկելի է որպես հանցագործություն, դա դեռ չի ապացուցում այդ արարքի հանցագործություն լինելը: Սակայն մի՞թե չկան միասնական չափանիշներ` առանձին հանցագործությունները որոշելիս, եւ արդյոք Ռամիլ Սաֆարովի հանցանքը հենց այդ հանցագործություններից չէ՞: Վստահաբար է՛, քանի որ չեզոք հունգարական դատարանը շուրջ 4 տարի տեւած դատական գործընթացով Սաֆարովին, որը Ադրբեջանում նույնքան հերոս է, որքան Իլհամ Ալիեւի երգիչ փեսան` Էմին Ագալարովը, դատապարտեցին ցմահ ազատազրկման հունգարական մեկուսարանում: Դատաբժշկական հետազոտություններով պարզվել է, որ ինտելեկտի չափման տեստում, որտեղ առավելագույն բալը հինգն է, Սաֆարովը հավաքել է մեկ բալ...

Փաստորեն գործ ունենք բացահայտ հանցագործի հետ (եթե այլ տերմիններով չդիմենք - Հ. Ա.), ում ինտելեկտի գործակիցն աննախանձելի է, որը ադրբեջանցի է, ում հարեւան երկրում շատերը երկրպագում են այնպես, ինչպես Մովսեսին «կորցրած» հրեաները ժամանակին անապատում երկրպագում էին ոսկե ցլիկին, ու ինչի արդյունքում Ադրբեջանը պետական, կիսապետական, հասարակական տարբեր խողովակներում փորձում է հասնել նրան, որ «Ռամիլ Սաֆարովն իր հետագա պատիժը հայրենիքում կրի»:

Երեկ լրագրողներին հանդիպել էին Լարիսա Ալավերդյանը , որը ՄԻՊ աշխատած տարիներից դեռեւս մեծ ակտիվություն է ցուցաբերում այս հարցում, եւ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի պաշտպան Նազելի Վարդանյանը : Տիկնայք տեղեկացրին, որ Սաֆարովի էքստրադիցիան թույլ չտալու նպատակով կազմակերպվում է ստորագրահավաք, որին արդեն իսկ միացել են ավելին քան 80 ՀԿ-ներ, սակայն այս ամենը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարօրինակ պասիվության համապատկերում: Այնինչ, բանախոսների դիտարկմամբ, ՀՀ-ն կարող է պաշտոնապես հարցում կատարել Հունգարիայի պատկան մարմիններին, որպեսզի պարզի, թե արդյոք սկսվե՞լ է Սաֆարովի էքստրադիցիայի գործընթացը. հունգարական կողմը նման հարցման պարագայում պարտավոր է խոստովանել` այո կամ ոչ:

Այս հանգամանքի պարզումն անհրաժեշտ է, քանի որ եթե գործընթացն այսօր սկսվել է, իսկ ինչպես փաստաբան Վարդանյանը նկատեց` «անգամ ամենաերկար գործընթացներ ցանկության պարագայում կարճեցվում են», ու եթե դրա հետեւանքով Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան ի վերջո իրականություն դառնա, ինչի հավանականությունն, ըստ Լարիսա Ալավերդյանի, «միջինից բարձր է այսօր», ապա Հայաստանն արդեն post factum իրավիճակում ոչինչ անել չի կարող, քանի որ դա այլեւս Հունգարիա-Ադրբեջան երկկողմանի հարց կդիտարկվի: «Համաձայն միջազգային կոնվենցիայի, երբ տվյալ երկիրը հանցագործին հանձնում է մեկ այլ երկրի, ուրեմն հենց այդ պահից դադարում է իրականացնել տվյալ հանցագործի դատավճիռը», ասաց փաստաբան Վարդանյանը: Այսինքն, եթե Հունգարիան ի վերջո Սաֆարովին հանձնում է Ադրբեջանին, ապա հենց այդ պահից որեւէ իրավասություն չունի Սաֆարովի դատավճռի հետագա կատարման առումով: Ասել է թե, եթե արդեն Ադրբեջանում Սաֆարովն ազատ արձակվի, իսկ դա հենց այդպես էլ կլինի նրա էքստրադիցիայի պարագայում, ապա Հունգարիան իրավասություն չի ունենա պահանջելու դատավճռի կատարումը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը հենց սրան է գնում, մասնավորապես ակտիվացնելով կապերը տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող այսօրվա Հունգարիայում, սակայն գոյություն ունի պետությունների միջազգային պատասխանատվության մասին կոնվենցիա եւս, որի 11-րդ հոդվածում ասված է. «Այն պետությունը, որը մասնավոր անձի արարքն ընդունում է որպես իրենը, կրում է նաեւ տվյալ մասնավոր անձի արարքի համար նախատեսված պատասխանատվությունը»: Ապացուցման կարիք թերեւս չունի, որ Սաֆարովի արարքը Ադրբեջանն ընդունում է որպես իրենը, դրա մասին են վկայում հարեւան երկրի տարբեր աստիճանի պաշտոնավորների պարբերական այցերը Սաֆարովի խուց, այնուհետեւ այդ «մեծ իրադարձության» մասին լուսանկարների հրապարակումը: Փաստաբան Վարդանյանը տեղեկացրեց, որ դատական գործընթացից ինքը մեկ անգամ չէ, որ համոզվել է` «Սաֆարովը կատարել է պետական պատվեր», ուրեմն ապացուցելի է, որ Սաֆարովի արարքը որպես սեփականն ընդունելով Ադրբեջանը եւս պատասխանատու է այդ արարքի համար, որը հունգարական չեզոք դատարանը որակել է որպես հանցագործություն` սահմանելով ցմահ ազատազրկումը որպես պատասխանատվության տեսակ:

Կարո՞ղ է Հայաստանն արդեն post factum իրավիճակում սկսել Ադրբեջանին Սաֆարովի արարքը որպես սեփականն ընդունելու մեղադրանք ներկայացնել, ըստ Լարիսա Ալավերդյանիՙ կարող է, բայց ինչպես Ալավերդյանը, այնպես էլ փաստաբան Վարդանյանը միակարծիք են` անհրաժեշտ է ակտիվություն ցուցաբերել հիմա` թույլ չտալու էքստրադիցիան. «Մինչեւ այժմ հունգարական դատարանում չկա նախադեպ, երբ նման դաժան հանցագործները էքստրադիցիայի ենթարկվեն, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ նստենք կամ խուճապի մատնվենք, պետք է պարզապես ակտիվություն ցուցաբերել», ասաց Վարդանյանը` ընդգծելով, որ այս գործընթացում իրենց անելիքն ունեն ՀՀ արդարադատության, ԱԳ նախարարություններն ու հասարակական կազմակերպությունները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4