«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2012-09-08 | #157, 2012-09-11 | #158, 2012-09-12


ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀՆՉԵՑ ՀԱՅԵՐԻ ԲՈՂՈՔԸ

Նյու Յորքի բանուկ փողոցներից մեկում գործող Հունգարիայի հյուպատոսության շենքի առջեւ սեպտեմբերի 10-ին տեղաբնակ ու մերձակա նահանգներից ժամանած բազմաթիվ հայեր էին հավաքվել բողոքելու վերջին օրերին աշխարհասփյուռ հայությանը ալեկոծած հունգարա-ադրբեջանական ամոթալի գործարքի դեմ: Ցուցարարները պարզել էին Հայաստանի պետական դրոշները, նրանք կրում էին հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի լուսանկարներն ու հակաադրբեջանական, հակահունգարական լոզունգներ:

Ցույցի մասնակիցները դատապարտեցին Հունգարիայի գործող կառավարության դավադիր քայլն ընդդեմ Հայաստանիՙ բացականչելով. «Հունգարիան արյունոտեց իր ձեռքերը», «Հունգարիայում վաճառվեց արդարությունը», «Բաքուն ծարավի է արյան», «Չկա արդարադատություն, չկա խաղաղություն», «Ամո՛թ, Հունգարիա: Ամո՛թ, Ադրբեջան»:

Աշխարհի բազմաթիվ երկրներում հայության բողոքի այս աննախադեպ ալիքին ի պատասխան Հունգարիայի ԱԳ նախարարության վերջին հայտարաությունը թեՙ Հունգարիան գործել է համաձայն Ստրասբուրգյան կոնվենցիայի եւ ոչ ընդդեմ Հայաստանի, ինքնարդարացման թույլ եւ անընդունելի փորձ է, նշեցին հավաքը նախաձեռնողները: «Արտահանձնելով ռասիստ-մարդասպան Սաֆարովին Ադրբեջանՙ Հունգարիայի կառավարությունը վաճառեց իր երկրի հեղինակությունն ու նպաստեց միջազգայնորեն ընդունված իրավական նորմերի խախտմանը: Հանգամանքՙ ինչը շատ վտանգավոր նախադեպ է: Հունգարիան պետք է գիտակցեր, որ ռասայական բնույթի հանցագործությունը միջազգային եւ համամարդկային օրենքներով համարվում է ծանրագույն հանցատեսակ եւ ենթակա չէ առք ու վաճառքի»:

Ամերիկահայ ցուցարարները պահանջում էին բանտարկել մարդասպան Ռամիլ ՍաՖարովին, դատապարտել Ալիեւի հակահայ, ֆաշիստական քաղաքականությունը: Նրանք կոչ ուղղեցին հունգար ժողորդին եւ Հունգարիայի իշխանությանըՙ որպես բարոյական փոխհատուցում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ցույցի ողջ ընթացքում Հունգարիայի հյուպատոսության դռներն ու պատուհանները այդպես էլ չբացվեցին արդարացի պահանջներ ներկայացնող ամերիկահայերի առջեւ:

Մոտ երկու ժամ տեւած բողոքի ակցիան կազմակերպել էին Նյու Յորքի Հայ դատի գրասենյակը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Նյու Յորքում գործող հայ ուսանողական, երիտասարդական միությունները, Հայոց եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի հոգեւվոր այրեր: Ցույցի մասնակիցները Հունգարիայի հյուպատոսության դիմաց մոմավառությամբ ոգեկոչեցին նահատակ Գուրգեն Մարգարյանի հիշատակը:

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4