«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2012-09-11 | #158, 2012-09-12 | #159, 2012-09-13


ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ԹՈՌԸՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նրա գիրքը վեր է հանում 1915-ի իրադարձությունների առնչությամբ Ջեմալի ընտանիքում տիրող կարծիքը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Օրերս Թուրքիայում լույս է տեսել «1915. Հայերի ցեղասպանությունը» գիրքը, հեղինակը Հասան Ջեմալն է, հայտնի լրագրող եւ հրապարակախոս: Ժամանակին եղել է Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Ջումհուրիեթի» գլխավոր խմբագիրՙ անուղղակի մասնակցելով երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության ուղղորդմանը:

Կարեւոր է նաեւ Հասան Ջեմալի գրքի լույս ընծայումը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ թուրքական իշխանությունները նախահարձակ միջոցներով փորձում են կասեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի ու հայկական սփյուռքի ջանքերը, որպեսզի տարելիցին Թուրքիան չկանգնի փաստի առջեւ:

Հասան Ջեմալի պարագայում գիրքն առանձնակի նշանակություն է ձեռք բերում ոչ այնքան հեղինակի հանրաճանաչության ու դիրքի կամ քեմալական գաղափարախոսության ջատագովը լինելու առումով, որովհետեւ Հայոց ցեղասպանության ժխտողականության հիմքերը Թուրքիայում հենց քեմալականներն են դրել, այլ Իթթիհատ վե Թերաքքիի պարագլուխներից Ջեմալ փաշայի հետ ազգակցական կապի շնորհիվ: Նա Ջեմալ փաշայի թոռն է, եւ թոռան կարգավիճակով գրքում պատմում է 1915-ի իրադարձություններում փաշայի դերի, այդ իրադարձությունների առնչությամբ իրենց գերդաստանում տիրող կարծիքի մասին:

Հասան Ջեմալի գիրքը, ըստ «Ակօսի», բաղկացած է 4 գլուխներից: Նախաբանի բնույթ կրող առաջին գլխում, որն ունի հետեւյալ վերնագիրը. «Պատմության ձեռքը ճիշտ ուղին ցույց կտա նրանց, ովքեր տեսնելու ցանկություն ունեն», հեղինակը պատմում է, որ 1915-ի իրադարձությունների հետ սկսել է առերեսվել 2000-ի առաջին կեսից, ապա անդրադառնում 2006-ի փետրվարի 7-ին Հրանտ Դինքի չարաբաստիկ 301-րդ հոդվածով դատապարտմանը, թե ինչպես են «ազգի դավաճան» հռչակել մեր հայրենակցին: Երկրորդ գլխում նկարագրում է ուսանողության տարիներից մինչեւ 2000 ընկած ժամանակահատվածում հայերի եւ 1915-ի մասին ձեռք բերած գիտելիքները, իր մոտեցումներն ու դրանց աստիճանաբար փոփոխությունը:

«Ջեմալ փաշայի գերդաստանը» վերնագիրը կրող երրորդ գլխում հեղինակը թոռան կարգավիճակով պատմում է իր ընտանիքի եւ մեծ հոր մասին ընտանիքում պահպանված հուշերը:

Ահա թե ինչ է ասում. «Որքան էլ թաքուն լինի, մեր գերդաստանը հպարտանում էր Ջեմալ փաշայով: Թեեւ ոչ ընդգծված ձեւով, բայց գերդաստանի անդամներից ոմանք, ելնելով արյունակցական կապից, օսմանյան ազնվականության բաժին էին հանում իրենց: Գերդաստանում պատմում էին, որ Ջեմալ փաշան եղել է հմուտ զինվորական, լավ պատկերացում է ունեցել քաղաքաշինության մասին, եւ Քեմալ Աթաթուրքը էնվերին ու Թալեաթին ատելիս, համակրել է իմ պապին, եւ եթե մահափորձի զոհը չդառնար, ապա փաշան վերադառնալու էր Անկարա, հայտնվելու Աթաթուրքի կողքին»:

Ինչ վերաբերում է 1915-ի իրադարձություններում Ջեմալ փաշայի դերին, ապա գրքում Հասան Ջեմալը դրանց առնչությամբ հետեւյալ տողերն է շարադրում. «Երբ խոսք էր բացվում 1915-ի իրադարձություններից, ընդհանուր առմամբ ես նույն բաներն էի լսում, թե Առաջին աշխարհամարտին հայերը համագործակցել են թշնամի ռուսների հետ... Դրա պատճառով ենթարկվել են բռնի տեղահանության... պատերազմ էր, համաճարակ... եւ այս պայմաններում հայերի մի մասը մահացել է: Ընդամենն այսքանը: Իհարկե, 1915-ին, երբ տեղահանության ընթացքում տեղի ունեցածը, տիրող կարծիքի համաձայն, տխուր փաստեր էին, սակայն դրանք պայմանավորված են եղել «պատերազմական իրավիճակով»: Միաժամանակ գերդաստանում տիրել է այն համոզմունքը, թե Ջեմալ փաշան էապես տարբերվել է Էնվերից ու Թալեաթից, եւ ընդգծվել, որ նա պատասխանատվություն չի կրում 1915-ի համար: «Երբ ես առարկում էի. «Սակայն պատասխանատու էր որդեգրած քաղաքականության համար», գերդաստանի անդամներն իսկույն հակազդեցությամբ ինձ էին արձագանքում», գրում է Հասան Ջեմալը:

Վերջին գլխում Հասան Ջեմալը անդրադառնում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի վրա դրված տաբուին եւ այն հակազդեցությանն ու սպառնալիքներին, որոնց թիրախն են դառնում նրանք, ովքեր փորձում են ճեղքել այդ տաբուն:

Հասան Ջեմալի գրքի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ Թուրքիայում: Սակայն դա առանձին խնդիր է, հետեւաբար մասնավոր մոտեցում է պահանջում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4