«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2012-09-12 | #159, 2012-09-13 | #160, 2012-09-14


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ

ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանները սեպտեմբերի 11-ին Երեւան ավելի վաղ կատարած իրենց այցից հետո մեկնել էին Ադրբեջան, որի նախագահ Իլհամ Ալիեւը` Գաբալայում ընդունել էր բարձաստիճան դիվանագետներին: Հանդիպման թեման, ինչպես Երեւանում, այնպես էլ Բաքվում, բնականաբար, վերջին օրերին միջազգային ամենատարբեր փորձագետների խոսքերով` «տարածաշրջանային փխրուն խաղաղությանը լուրջ մարտահրավեր նետած» հունգարա-ադրբեջանական գործարքն էր, որին հաջորդեց մարդասպանին ներում շնորհելու Իլհամ Ալիեւի հրովարտակը: Հենց այդ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը, որը հիշեցնենք, պատմական գիտությունների թեկնածու է, ընդգծում է. «2001-ին Հայաստանի նախագահը ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված եւ նույն թվականին Հայաստան արտահանձնված Կարապետյան ազգանունով հայ ակաբեկչին»: Երեկ Հայաստանի` 2001-ին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից այս կապակցությամբ տարածվել է հայտարարություն: ՀՀ երկրորդ նախագահը ընդգծում է, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. «Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, ով 2001 թվականին ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից եւ միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության: Այդ մասին տեղեկատվությունը մինչ օրս բոլոր մանրամասներով կարելի է առանց հատուկ ջանքերի գտնել համացանցում: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, Ադրբեջանի նախագահը կամ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից», ասված է հայտարարության մեջ:

Միայն մեկ հավելում. եթե Ադրբեջանի պատմական գիտությունների թեկնածու նախագահը մեծ հավանականության կա, որ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից, ապա ինչպե՞ս նա կարող է տեղյակ լինել «ադրբեջանական ազգի դարավոր պատմությունից», թերեւս` ոչ մի կերպ, հակառակ պարագայում չէր ստեղծի այդ պատմությունը: Սակայն առավել հավանական է, որ Իլհամ Ալիեւն արդեն իսկ ունենալով սեփական ժողովրդի պատմությունը խեղաթյուրելու «գիտական փորձ», որեւէ դժվարություն չի կրում` ոչ վաղ անցյալի իրադարձությունները խեղաթյուրելիս»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4