«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2012-09-28 | #170, 2012-09-29 | #171, 2012-10-02


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԻ ՆՈՐ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայկական արվեստը դրական ազդեցություն է կրել ֆրանսիական արվեստից, հատկապես Արեւմուտքում: Հայերը գիտակցում են այդ փաստը եւ գնահատում այդ ազդեցությունը, որը բազում դարերի պատմություն ունի: Ներհատուկ կապ կամ ձգողական ուժ կարծես գոյություն ունի երկու ազգերի միջեւ այդ բնագավառում: Բայց երբ խոսքը քաղաքականության մասին է, այդ յուրահատուկ հարաբերությունները ի չիք են դառնում: Հայերը սխալմամբ հավատացել են, որ մշակութային այդ «մոտիկությունը» կարող է փոխարինվել քաղաքական պաշտպանությամբ կամ վերածվել քաղաքական համագործակցության, բայց նրանք քանիցս ցավալիորեն սխալվել են եւ հուսահատվել:

Հայ-ֆրանսիական հարաբերությունները հետ են գնում մինչեւ միջնադար, երբ ֆրանսիացի նվաճողները ներխուժեցին Մերձավոր Արեւելք խաչակիրների հետՙ բռնի ուժով հետ խլելու Սուրբ երկիրը մահմեդականներից եւ հռչակելու քրիստոնեական տարածք: Կիլիկիայի հայկական իշխանությունները մասնակից դարձան եվրոպական այդ կայսերապաշտական ներխուժումներին, վերջին հաշվով ի վնաս իրենց, քանի որ երբ խաչակիրները ձախողվեցին եւ չքացան, հայերը կոտրած տաշտակի առաջ կանգնեցին պաշտպանելու իրենց թագավորությունը:

Երբ Եգիպտոսի մամլուքները ասպատակեցին Կիլիկիան 1375-ին եւ գերեվարեցին Լեւոն VI թագավորինՙ վերջ դնելով 300-ամյա թագավորությանը, ո՛չ խաչակիրները, ո՛չ էլ ֆրանսիացիները չեկան պաշտպանելու իրենց հայ դաշնակիցներին: Ճիշտ է, ֆրանսիացիները ուշացումով փրկագին վճարելով մամլուքներինՙ ազատեցին թագավորին եւ հյուրընկալեցին Ֆրանսիայում մինչեւ նրա կյանքի վերջը, բայց դա կատարեցին, որովհետեւ հավատացած էին, որ նա ֆրանսիացի Լուսինյանների տոհմից է:

Ամենախայտառակ դավաճանությունը, այդուհանդերձ, տեղի ունեցավ 20-րդ դարում, դարձյալ Կիլիկիայում: Առաջին համաշխարհային պատերազմի օրերին դաշնակիցները, հատկապես ֆրանսիացիները, հավաքագրեցին շուրջ 5000 հայ կամավորների, որպեսզի մաս կազմեն Արեւելյան լեգեոնին եւ կռվեն Արարայի (Պաղեստին) ամենաճակատագրական մարտերում: Փոխարենը նրանց խոստացել էին Կիլիկիայի ինքնիշխանություն Ֆրանսիայի հովանավորության ներքո: Բայց երբ օսմանյան բանակը ջախջախվեց, եւ Կիլիկիան ազատագրվեց, Ֆրանսիայի կառավարությունը հայ կամավորներին զինաթափ արեց եւ թիկունքից հարվածելով հայերին, Թուրքիայում նորահայտ քեմալական շարժման հետ համաձայնության գալովՙ 1921 թվի նոյեմբերինՙ բառացիորեն կեսգիշերին լքեց Կիլիկիան ու կիլիկիահայությանը եւ ստորաբար հեռացավ:

Երբ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական Սենատին ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն համարող օրինագիծը (գրեթե համազորը հրեական Գեյսո օրենքի), հայերը հույս ունեին, որ վերջապես ֆրանսիացիք ցանկանում են ուղղել իրենց սխալըՙ կիլիկիահայությանը լքելու իրենց դավաճանական քայլը, բայց պարզվեց, որ դա ընդամենը մի նոր խաբեություն էր: Սարկոզին դանդաղեց որոշումը ստորագրել եւ դրան օրենքի ուժ տալ, իսկ ընդդիմությունը, իր շարքերը ամրապնդելով, դիմեց Սահմանադրական դատարան, որն էլ իր հերթին աննպաստ որոշում կայացրեց: Սարկոզին, քաջ գիտակցելով նախապատրաստվող հարվածը, չօգտագործեց իր բացառիկ իրավունքները եւ դրանով փաստորեն ապացուցեց, որ ինքն էլ լրջորեն չէր հավատում իր խոսքերին:

Նրան հաջորդեց Ֆրանսուա Օլանդը: Հույսերը դարձյալ զարթնեցին, այս անգամ առավել մեծ հույսեր, քանի որ նա խոստացել է նախագիծը իրավաբանորեն այնպես ձեւակերպել, որ խոցելի տեղ չունենա:

Խոստումը դեռ ի զորու է, իհարկե, բայց չար լեզուներն ասում են, որ կմնա սոսկ նախընտրական խոստում եւ գործնականում դրանից այն կողմ չի գնա: Նախկինում մենք արդեն անդրադարձել ենք «Էքսպրես» ֆրանսիական պարբերաթերթին Լորան Ֆաբիուսի տված հարցազրույցին, որտեղ Ֆրանսիայի արտգործնախարարը նշում է, որ նորընտիր նախագահ Օլանդը ուղիներ է որոնում հավասարակշռելու իր քաղաքականությունն այնպես, որ ֆրանսահայ հզոր համայնքին տված խոստումը հանկարծ չվնասի Թուրքիային:

Այս օրերին Օլանդն ու վարչապետ Էրոն ամբողջ երկրով մեկ նոր թանգարաններ ու հուշարձաններ են հանդիսավորապես բացում: Սեպտեմբերի 21-ին Օլանդը Դյուրանսում էր, Փարիզի հյուսիսում, որը ժամանակին տարանցիկ գլխավոր ճամբարի տեղանքն էր եղել դեպի մահ առաջնորդվող հրեա տարագիրների համար: «Մեր գործն այլեւս ճշմարտությունը հաստատելը չէ, այլ դրա փոխանցումը (հետագա սերունդներին): Սա է այս հուշակոթողի ոգին: Այդ փոխանցման մեջ է կայանում հիշողության ապագան», ասել էր նա:

Փարիզի կենտրոնում Հոլոքոսթի հսկա մի թանգարան բացվել էր 2005-ին: Մի նոր հուշակոթող բացվում է ներկայիս «Սիթե դը լա Մուեթ-ի» կենտրոնում: Իսկ անցյալ ամիս վարչապետ Ժան-Մարի Էրոն նման մի հուշարձանի բացումը կատարեց էքս-անպրովենսում:

Այս բոլոր միջոցառումները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի նոր նախագահն ու իր կառավարությունը շատ զգայուն են մարդկային տառապանքների եւ գազանային իշխանավորների կազմակերպած գործողությունների միջոցով մարդկային կորուստների հանդեպ: Միայն թե մնում է տեսնել, թե արդյո՞ք հայկական կորուստներն էլ պատկանում են այդ մարդկային տառապանքների թվին: Մարդկային կյանքի արժանապատվությունը պաշտպանելու հարցում նախագահ Օլանդն ավելի առաջ գնաց իր նախորդներից: Նախկին նախագահներից Ֆրանսուա Միտերանը ընդունել էր, որ Ֆրանսիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընդհանուր դերակատարություն ունեցել էր հրեաներին կալանավորելու եւ տարագրելու հարցերում: Նախագահ Ժակ Շիրակը մի քայլ առաջ գնալովՙ 1995-ին ընդունել էր տեղի ունեցած «հավաքական անօրինակությունները»: Իսկ Օլանդը, էլ ավելի հանդուգն գտնվելով, կատարվածը կոչել է «հանցագործություն»:

Ֆրանսիացիներից շատերը այդ հանցագործությունը վերագրում են մարշալ Պետենին, որի կառավարությունը Վիշիում համագործակցել էր նացիստական զավթիչ ուժերի հետ: (Ի դեպ, որոշ ֆրանսահայեր Վիշիի կառավարության եւ նացիստների դեմ պայքարող ընդհատակյա ֆրանսիական կազմակերպության առաջնորդներն էին կամ անվեհեր անդամները: Նրանցից ամենահայտնին, անշուշտ, Միսակ Մանուշյանն է):

Բացի Ֆրանսիայում զոհված հրեաների հիշատակը հարգելուցՙ Օլանդը նաեւ բարոյական խիզախություն ցուցաբերեցՙ անցյալ օգոստոսին «Պատվո լեգեոն» շքանշանից զրկելու հայտնի մոդելագործ, Դիորի նախկին տնօրեն, բրիտանացի Ջոն Գալիանոյին, որը հակասեմական արտահայտություններ թույլ տալու համար 2011-ին մեղավոր էր ճանաչվել: Գալիանոն այդ շքանշանին արժանացել էր 2009-ին:

Բոլոր այս գործողությունները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք կայուն բարոյական սկզբունքների տեր մի պետական գործչի հետ: Մնում է միայն պարզել, թե այդ սկզբունքները գործում են բոլորի՞, թե՞ որոշակի խմբավորումների համար:

Վերջերս Փարիզում կայացած քննարկումներ կասկածի տեղիք են տալիս, որ դրանք կարող են «ազդվել» քաղաքական նկատառումներից: «Բոսֆորի» համալսարանի կազմակերպած կլոր սեղանը Փարիզում պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող ֆրանսիական օրինագիծը: Մասնակիցների թվում էին Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Գիգուն, մշակույթի նախկին նախարար Ժակ Լանգը եւ Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յաքըշը:

Որեւէ սիմպոզիումի կամ կլոր սեղանի քննարկումները սովորաբար ակադեմիական դատողությունների մակարդակով են անցնում: Բայց երբ մասնակիցները գործող օրենսդիրներ են կամ նախկին պետական գործիչներ, ձեւաչափը փոխվում է, եւ լուրջ քաղաքական «ճյուղավորում» է ստանում: Միջոցառմանը Գիգուն, պատճառաբանելով, թե Սահմանադրական դատարանը ապօրինի է ճանաչել ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագիծը, անհավանական է համարել նոր օրինագծի պատրաստումը, չնայած նախագահ Օլանդը չափազանց զգայուն է օրինագծում բարձրացված հարցի նկատմամբ: Պրն Լանգը կրկնել է նույն միտքը: Թուրք ներկայացուցիչը նախ զգուշացրել է, որ դրանով կխաթարվեն թուրք-ֆրանսիական հարաբերությունները, այնուհետեւ մեծահոգաբար ավելացրել, որ կխաթարվեն ոչ միայն թուրք-ֆրանսիական, այլեւ հայ-թուրքական հարաբերությունները:

Անդրադառնալով կլոր սեղանի այս քննարկումներին «Ազգ» թերթումՙ թուրքագետ Հակոբ Չաքրյանը եզրակացնում է. «Օրինագիծը գուցե վնասի թուրք-ֆրանսիական հարաբերություններին, սակայն հայ-թուրքականին վնասել չի կարող, որովհետեւ չկան այդպիսի հարաբերություններ»:

Նախագահ Օլանդը դեռ չի ասել իր վերջնական խոսքը ցեղասպանության օրինագծի վերաբերյալ, սակայն վերոնշյալ հայտարարություններն ու զարգացումները լավ բան չեն խոստանում նման օրինագծի անցկացման համար:

Եթե Ֆրանսիայում Հոլոքոսթը ժխտելը կամ ուրանալը հանցագործություն է, ապա միեւնույն տրամաբանությամբ պետք է հանցագործություն համարել նաեւ Հայոց ցեղասպանությունը ուրանալը: Միայն քաղաքական նպատակահարմարությունը կարող է շեղել բանաձեւը օրենք դարձնելու բնականոն եւ օրինական գործընթացը: Եվ միայն ժամանակը ցույց է տալու, թե ինչքան տոկուն են Ֆրանսուա Օլանդի բարոյական սկզբունքները:

Գուցե ճիշտ չէ վաղաժամ եզրակացությունների հանգելը, սակայն բոլոր նշաններն առկա են, որ ֆրանսիական մի նոր դավաճանություն է նախապատրաստվում:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ.ՙ Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4