«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2012-09-28 | #170, 2012-09-29 | #171, 2012-10-02


ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հայ նոր պատմագիտության երախտավորը

XX դարի հայ նշանավոր հասարակական քաղաքական գործիչ եւ պատմաբան Աշոտ Գարեգինի Հովհաննիսյանի կյանքը հետաքրքրական եւ ուսանելի է շատ կողմերով` ե՛ւ որպես ազգային գործչի, ե՛ւ որպես պատմաբանի:

Ծնվել է 1887թ. հունիսի 17-ին Շուշիում, մահացել 1972թ. հունիսի 30-ին Երեւանում, 85 տարեկան հասակում:

Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի ռեալական վարժարանում: 1906թ. սեպտեմբերին մեկնում է Գերմանիա եւ ընդունվում Ենայի համալսարանի փիլիսոփայության բաժինը: Համալսարանի ուսումնառության տարիներին ունկնդրել է ժամանակի նշանավոր գիտնականներ Ռուդոլֆ Էյկենին, Օտտո Լիբմանին, Էռնստ Հեկկելին եւ այլ ճանաչված հեղինակությունների: Գերմանիայի համալսարաններում ընդունված կարգի համաձայն, նա սովորում է ոչ թե մեկ, այլ մի քանի համալսարաններում: Ենայից հետո նա ուսումնառությունը շարունակում է Հալլեի համալսարանի տնտեսագիտության եւ Մյունխենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետներում: Նա բուռն մասնակցություն է ունենում ուսանողական միությունների աշխատանքներին: 1906թ. վերջերին անդամակցում Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության արտասահմանյան կազմակերպությանը:

Հայ պատմագիտության մեջ լուրջ խոսք ասելու իր անդրանիկ հայտը Աշոտ Հովհաննիսյանը ներկայացնում է 1913թ. Մյունխենում հրատարակելով «Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը» աշխատությունը, որը պաշտպանում է որպես դոկտորական ատենախոսություն եւ ստանում փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան:

Գերմանիայում ուսումնառությունն ավարտելուց հետո նա վերադառնում է հայրենիք եւ 1913-1914թթ. աշխատում Շուշիի սեմինարիայում որպես գերմաներենի եւ ընդհանուր պատմության առարկաների ուսուցիչ: Ամենայն հայոց կաթողիկոսի Գեւորգ Ե Սուրենյանցի առաջարկությամբ նա 1914թ. սեպտեմբերին տեղափոխվում է Վաղարշապատ եւ նշանակվում Գեւորգյան Ճեմարանի քաղաքատնտեսության, լատիներենի, գերմաներենի եւ ընդհանուր պատմության առարկաների դասախոս: Ճեմանարանի ուսումնասեր միջավայրը բարենպաստում է Աշոտ Հովհաննիսյանի գիտական հետաքրքրություններին նոր խթան ներարկելու համար: Դասախոսություններից ազատ ժամերին աշխատում է Մայր աթոռի հարուստ գրադարանում եւ ձեռագրապահոցում, ուսումնասիրում վավերագրերի եւ փաստաթղթերի եզակի հավաքածուները: Իր ուսումնասիրությունների արդյունքները նա տպագրում է «Արարատ» ամսագրի էջերում եւ առանձին գրքույկներում, որոնցում ներառվում էին գլխավորապես միջնադարի հայ ազատագրական պայքարի եւ հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը: Նրա այդ հրապարակումները աչքի էին ընկնում ոչ միայն ասելիքի թարմությամբ, այլեւ ուղենշում հայ նոր պատմագիտության առաջընթացի ուղեգծեր:

1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Գեւորգյան ճեմարանը դադարեցնում է իր գործունեությունը: 1917թ. հուլիսին Աշոտ Հովհաննիսյանը վերադառնում է Շուշի, ուր խմբագրում է «Նեցուկ» թերթը, որի էջերում տպագրած հրապարակախոսական հոդվածներում պաշտպանում է սոցիալիստական հեղափոխություն իրագործելու ծրագիրը: Ստ.Շահումյանի հրավերով նա 1917թ. վերջերին տեղափոխվում է Բաքու, գործուն մասնակցություն ունենում Բաքվի խորհրդային իշխանության (Կոմունայի) աշխատանքներին: Նշանավոր հեղափոխական Նադեժդա Կոլեսնիկովայի հետ գլխավորում է Բաքվի խորհրդի ժողովրդական կրթության բաժինը, խմբագրում «Բանվորի խոսք» թերթը: Բաքվի կոմունայի անկումից հետո, Աշոտ Հովհաննիսյանը Աստրախանում խմբագրում է «Կարմիր բանվոր» թերթը եւ քաղաքական աշխատանք կատարում «Իվան Կոլեսինկով» շոգենավի կոլեկտիվում: Այնուհետեւ տեղափոխվում է Մոսկվա, որտեղ աշխատանքի է անցնում ՌՍՖՍՀ Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատի հայկական գործերի կոմիսարիատում` գլխավորում գրական-հրատարակչական բաժինը: Մեկ տարի անց փոխադրվում է Լուսավորության ժողովրդական կոմիսարիատ` հայկական բաժնի վարիչի պաշտոնով: Լուսժողկոմատի կողմից 1920թ. գարնանը գործուղվում է Դոնի Ռոստով, որտեղ խմբագրում է «Բանվորի կռիվ» թերթը եւ քաղաքական աշխատանք կատարում հայ բնակչության շրջանում:

Բորիս Լեգրանի գլխավորած ՌՍՖՍՀ-ի դիվանագիտական միսիայի կազմում (որպես միսիայի անդամ) 1920թ. օգոստոսին Հովհաննիսյանը ժամանում է Երեւան, մասնակցում Հայաստանի Հանրապետության հետ տարվող բանակցություններին:

Հայաստանի խորհրդային կառավարության կազմում Հովհաննիսյանը զբաղեցնում է Լուսավորության ժողովրդական կոմիսարի պաշտոնը: Նա է ստորագրել հայոց լեզուն հանրապետությունում պետական ճանաչելու, անգրագիտությունը վերացնելու, պետական հրատարակություն կազմակերպելու, կուլտուր-լուսավորական ինստիտուտի ստեղծման, Երեւանի հեղափոխական թանգարանի հիմնադրման եւ այլ դեկրետներ: Նրա եւ Ալ. Մյասնիկայանի անմիջական ջանքերի շնորհիվ է, որ Խորհրդային Հայաստան են վերադառնում գիտության, մշակույթի, գրականության բազմաթիվ անվանի դեմքեր: 1922թ. հունվարի վերջին տեղի ունեցած Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին համագումարում կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար է ընտրվում Աշոտ Հովհաննիսյանը, որը գրեթե 7 տարի, մինչեւ 1927թ. օգոստոսը զբաղեցնելով այդ պոստը, վիթխարի գործ է կատարում հանրապետության ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի վերակառուցման բնագավառում: Առաջին քարտուղարի պաշտոնում նա աշխատեց բոլորանվեր, սակայն հատկապես 1926-1927թթ. զգում էր, որ ամբողջ երկրի կառավարման համակարգում սրընթաց աճում է վարչահրամայական մեթոդը, մեթոդ, որի բացահայտ թշնամին էր ինքը: Նման կացության պայմաններում նա որոշում է ընտրել հակամարտության լուծման «խաղաղ» ճանապարհ. ազատվում է զբաղեցրած պաշտոնից եւ տեղափոխվում Լենինգրադ, ուր Մ. Սալտիկով-Շչեդրինի անվան գրադարանում մեկ տարի աշխատելուց հետո հրավիրվում է Մոսկվա: Մի շարք գիտամշակույթային կազմակերպություններում աշխատելուց հետո, վերջում` 1935-1937թթ. նա զբաղեցնում է ԽՍՀՄ պատմության ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը: Ասում ենք վերջում, որովհետեւ 1937թ. հուլիսին հեռացվում է զբաղեցրած պաշտոնից եւ անհիմն մեղադրանքով ձերբակալվում:

Մոսկվայում եւ Երեւանում խորհրդային բանտի «բարիքները» լիովին ճաշակելուց հետո Աշ. Հովհաննիսյանն աքսորվում է Կոմի Ինքնավար Հանրապետությունում գտնվող Գուլագի ճամբարներից մեկը, իսկ այնտեղից էլՙ Տաշքենդի մարզի Յանգիյուլ քաղաքը: 1943թ. նա թույլատվություն է ստանում վերադառնալ Խորհրդային Հայաստան` սակայն Երեւանում չապրելու պարտադրանքով: Թույլատրելով բնակվել Կիրովականում (Վանաձոր), իշխանությունները նրան իրավունք են տալիս պայմանագրային հիմունքներով աշխատելու գիտությունների ակադեմիայի պատմության եւ գրականության ինստիտուտներում (1943-1954թթ.):

Աշոտ Հովհաննիսյանը հնարավորություն ստացավ իրեն լիովին նվիրելու գիտությանը 1954 թվականից հետո միայն, երբ աշխատանքի է անցնում ԳԱ պատմության ինստիտուտում, նախ` որպես ավագ գիտական աշխատող, իսկ 1961 թվականից ղեկավարում է նույն ինստիտուտի նոր պատմության բաժինը: Նա 1955թ. պաշտպանում է դոկտրական ատենախոսություն, իսկ 1960թ. ընտրվում է ՀԳԱ ակադեմիկոս: Նրան գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհվում 1961 թվականին: Բանտից եւ աքսորից հետո ընկած ժամանակաշրջանը, անհատի պաշտամունքի դատապարտումը արարման բախտորոշ նշանակություն ունեցավ գիտնականի համար:

Ստալինյան բռնապետությանը հաջորդած «ձնհալի» ժամանակաշրջանում նա ջանաց կատարել Հայաստանի պատմության շրջադարձային հարցերի խոհաիմաստասիրական նոր ընդհանրացումներ: Հայացքն հառած միջին ու նոր դարերի հայ ազատագրական մտքի բեկումներին, ամուր գամված ազատասիրության գաղափարին, արմատները ձգած հայ մշակույթային շերտերի ընդերքը` նա հայագիտության պահեստապաշարը հարստացրեց «Ֆրիկը պատմաքննական լույսի տակ», «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (երկհատոր), «Նալբանդյանը եւ նրա ժամանակը» (երկհատոր) մենագրություններով, տասնյակ հիմնահարցային` գիտության առաջընթացին միտված ուղեցույցային հոդվածներով: Անգնահատելի է Աշոտ Հովհաննիսյանի աշխատությունների գիտական արժեքը հայագիտության, մասնավորապես ազատագրական մտքի եւ շարժման ուսումնասիրության ասպարեզում: Նրա «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» երկհատոր գիրքը, որպես գիտահետազոտություն, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը համարում է հայ մատենագիտության պատմության եզակի երեւույթներից մեկը, որը գիտական նոր բարձունքի վրա դրեց հայ տեսական-պատմագիտական միտքը: Աշոտ Հովհաննիսյանը դրանով իր տեղը վավերացրեց հայագիտության դասականների շարքում: Կեսդարյա խորհրդային բռնապետության (գրեթե 20-ամյա ընդհատումով) գիտական գործունեության ընթացքում Աշոտ Հովհաննիսյանը հրապարակել է ավելի քան 120 ուսումնասիրություններ, որոնցից շատերը իրենց նշանակությամբ մշտամնա տեղ են զբաղեցնում հայոց դարավոր պատմագիտության մեջ:

ՆՈՐԱՅՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, Պատմագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4