«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2012-10-19 | #185, 2012-10-20 | #186, 2012-10-23


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՑՈՒՅՑԵՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Մեղադրվում են Սիրիան, կառավարությունը եւ «Հզբոլլահը»

«Ազգը» շաբաթօրյա համարում գրեց ուրբաթ երեկոյան Բեյրութի քրիստոնեական Աշրաֆիե թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության մասին: Ականված ավտոմեքենայի պայթյունից սպանվել էին հակահետախուզության բաժնի պետ, գեներալ Ուիսամ ալ Հասանը, ինչպես նաեւ նրա թիկնապահը եւ մի պատահական կին (նախապես հաղորդվել էր 8 զոհի մասին): Ֆրանսպրեսի տվյալներով, նաեւ զանազան վնասվածքներ են ստացել 126 անձինք:

Ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, բայց Լիբանանի իշխանությունները, ինչպես նաեւ շիա արմատականների «Հզբոլլահ» շարժումը դատապարտել են այդ գործողությունը:

Հոկտեմբերի 21-ի գեներալ Ուիսամ ալ Հասանի հուղարկավորությունից հետո Բեյրութում սկսվեցին բողոքի բազմամարդ ցույցեր եւ անկարգություններ: Հանրահավաքի ժամանակ Լիբանանի նախկին վարչապետ Ֆուադ Սինիորան պահանջեց կառավարության ներկայիս ղեկավար Նաջիբ Միկատիի հրաժարականը եւ նրան ուղղակիորեն մեղադրեց գեներալի սպանությանը մեղսակից լինելու մեջ: Մի քանի ելույթներից հետո ցուցարարները շարժվեցին դեպի կառավարական համալիր, որտեղ սկսվեցին բախումներ անվտանգության ուժերի հետ:

Միեւնույն ժամանակ հայտնի դարձավ Լիբանանի հյուսիսումՙ Տրիպոլի քաղաքում սկսված անկարգությունների մասին: Այնտեղ դիպուկահարի գնդակից սպանվեց մեկ մարդ, մի քանիսը վիրավորվեցին:

Գեներալի սպանությունից հետո վարչապետ Միկատին հրաժարականի դիմում գրեց, բայց նախագահ Միշել Սուլեյմանը մերժեց դիմումը:

Լիբանանյան ընդդիմությունը երեկ շարունակում էր բողոքի ցույցերը: «Ցուցարարների եւ առհասարակ ընդդիմադիր ուժերի համար ամեն ինչ պարզ է. պատվիրատուն Դամասկոսն է: Ուիսամ ալ Հասանը թիրախ էր, եւ նա գիտեր այդ մասին, ինչպես բոլորը, ովքեր ընդդիմանում են Լիբանանում Սիրիայի եւ «Հզբոլլահի» հնարավոր տիրապետությանը», «Ֆիգարոյին» տված հարցազրույցում պարզաբանել է Լիբանանի հայտնի քաղաքական գործիչ եւ ինքնիշխանության ջատագով Կառլոս Էդդեն:

Թերթը հաղորդում է մի հետաքրքրական մանրամասնություն: Հոկտեմբերի 21-ին, երբ մոտ 10 հազար ցուցարարներ Բեյրութում փորձում էին գրավել կառավարության շենքերի համալիրը, ամբոխի մեջ կարելի էր տեսնել ոչ միայն Սաադ Հարիրիի սուննի կուսակցության երկնագույն դրոշները, քրիստոնեական հակասիրիական լիբանանյան ուժերի սպիտակ դրոշները, այլեւ սիրիական հեղափոխության դրոշներ, որոնց վրա պաշտոնական սեւ աստղերի փոխարեն կա երեք կարմիր աստղ:

Բեյրութի տարբեր շրջաններում երեկ կառավարական զորքերը հետապնդում էին զինված ընդդիմադիրներին: Կան վիրավորներ, այդ թվումՙ խաղաղ բնակիչների մեջ: Լսելի էին հրաձգության ձայներ:

Գեներալ Ուիսամ ալ Հասանը բացահայտել էր հանցավոր ցանց, որն զբաղվում էր լրտեսությամբ եւ ահաբեկչությունների նախապատրաստմամբ: Նա խափանել էր այդ ծրագրերը: Գեներալը նաեւ ահաբեկչության զոհ դարձած նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի մերձավորներից էր եւ զբաղվում էր նրա սպանության գործով: Գեներալի բացահայտումներից մեկի պատճառով այս տարի հրաժարական էր տվել Լիբանանի տեղեկատվության նախարար, Բաշար Ասադի համակիր Միշել Սամահան:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4