«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2012-10-19 | #185, 2012-10-20 | #186, 2012-10-23


ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՋՈՒԹԱԿԻ ԿՈՆՑԵՐՏԸ ՄԻԽԱՅԻԼ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ՆԱԵՎՙ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ

Հոկտեմբերի 21-ից 29-ը 2012-13 համերգաշրջանի ընթացքում առաջին անգամ Դրեզդենի ֆիլհարմոնիկը հանդես կգա Դրեզդենից դուրսՙ ելույթներ ունենալով Միացյալ թագավորության մի շարք քաղաքներում: Գլխավոր դիրիժոր Միշայել Զանդերլինգի ղեկավարած նվագախմբի հետ հանդես կգան երիտասարդ ջութակահարներ Սարահ Չանգը եւ Միխայիլ Սիմոնյանը: Համերգային ծրագրում ներառված են Դվորժակի «Նոր աշխարհից» 9-րդ սիմֆոնիան, Չայկովսկու «Հերոսական» 6-րդ սիմֆոնիան, Պրոկոֆեւի «Մոխրոտը» բալետից հատվածներ: Ջութակահար Միխայիլ Սիմոնյանի մեկնաբանմամբ կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, ինչը հնարավորություն կընձեռնի Դրեզդենի ֆիլհարմոնիկիՙ հայ երաժշտությանը նվիրված «Լուսարձակի շող Հայաստան» շարքը ներկայացնել նաեւ Դրեզդենի սահմաններից դուրս:

Ինչպես ժամանակին հաղորդել ենք «Ազգի» մեր ընթերցողներին, սեպտեմբերի 29-ին Դրեզդենի Ֆրաուենքիրշեում Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարած դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մատուցած համերգի մենակատարը ջութակահար Միխայիլ Սիմոնյանն է եղել, իսկ հոկտեմբերի 13-ին եւ 14-ին Դրեզդենի Շտատցշաուշփիլհաուսի Մեծ դահլիճում կայացած հայկական շարքի երրորդ համերգին Միխայիլ Սիմոնյանը ունկնդրին տպավորել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտի իր մեկնաբանությամբ:

9-օրյա շրջագայության ընթացքում նվագախումբը համերգային ելույթներ կունենա Էդինբուրգ, Մանչեստր, Նոթթինգեմ, Լոնդոն, Բեսինգսթոք, Բրիստոլ, Քովենթրի քաղաքներում: Մանչեստրի Բրիջուոթերհոլլում այսօր ժամը 19.30-ին նախատեսված համերգը ուղիղ հեռարձակելու է BBC 3-ը, այն կարելի է ունկնդրել նաեւ ինտերնետովՙ http://www.bbc.co.uk/programmes/b01ngrj8

Դրեզդենի ֆիլհարմոնիկը Միացյալ թագավորության ունկնդիրներին վերջին անգամ ներկայացել էր 1989-ինՙ Յորգ Փեթեր Վայգլեսի ղեկավարությամբ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4