ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2012-10-06 | #19, 2012-10-20 | #20, 2012-11-03


ԴԱՀԼԻՃԸ ՀՈՏՆԿԱՅՍ ԵՐԳՈՒՄ ԷՐ ԿՈՄԻՏԱՍ

ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, արվեստագիտության-դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Հոկտեմբերի 22-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան դահլիճում տեղի ունեցավ մի հիշարժան համերգ, որը կազմակերպել էր Հայ հոգեւոր երաժշտության պետական կենտրոնը (տնօրեն` Անահիտ Պապայան): Այդ երեկո Երեւանի կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ (խմբավար` Լիլիթ Եդիգարյան, երաժշտական խորհրդատու` Կարինե Հարությունյան) առաջին անգամ հնչեցրեց Կոմիտասի այսպես կոչված բեռլինյան Պատարագը, որը երգահանը հեղինակել էր Գերմանիայում ուսանելու տարիներին` 1897 թվականին: Այդ իրադարձությունը սպասվում էր անհամբերությամբ, քանզի Կոմիտասի յուրաքանչյուր` դեռեւս անհայտ, չկատարված ստեղծագործություն, բնականաբար, մեծ հետաքրքրություն է առաջացնում երաժշտասեր հասարակայնության մեջ: Սպասելիքներն արդարացան լիովին: Ունկնդիրը ծանոթացավ a capella երկսեռ երգչախմբի համար գրված կոմիտասյան մի ծավալուն երկի հետ, որը տակավին երիտասարդ եւ ստեղծագործական խմորումների շրջանում գտնվող կոմպոզիտորի որոնումների կնիքն է կրում:

19-րդ դարի կեսերից Կարա-Մուրզայի, Եկմալյանի, այնուհետեւ հենց իր` Կոմիտասի ջանքերի շնորհիվ, կես հազարամյակ ուշացած` բազմաձայնությունը վերջապես մուտք գործեց հայ երաժշտություն: Ինչու վերջապես: Որովհետեւ պետականության կորստով, Կիլիկյան հայկական թագավորության անկումից հետո, խզվել էր մշակույթի եւ արվեստի, այդ թվում նաեւ երաժշտության բնականոն զարգացումը: Այնինչ դեռ երբեք հայ ազգային երաժշտական մտածողությունն այդչափ չէր մոտեցել բազմաձայնությանը հեզասահ անցնելուն, ինչպես հայկական Կիլիկիայի պայմաններում, որոնց ներքո բարենպաստ մթնոլորտ էր ստեղծվել Եվրոպայի երաժշտական-գեղարվեստական առաջադեմ միտումներին հաղորդակից լինելու եւ ներգրավվելու համար: Այդ մասին են վկայում, օրինակ, Մ.Եկմալյանի ձայնագրյալ Պատարագի հավելվածում զետեղված` հատկապես 12-14-րդ դարերով թվագրվող եւ հայկական Կիլիկիայից սերող տաղերի եւ մեղեդիների ձայնագրությունները, որոնք հաճախ օժտված են ձայնառություններով (ժողովրդական գործիքային երաժշտության մեջ ձայնառությունը կոչվում է «դամ»): Իսկ տվյալ երեւույթը բազմաձայնության նախնական, սկզբնական փուլն է ներկայացնում: Հավանաբար, Կոմիտասը քաջ գիտակցել է այդ փաստը: Պատահական չէ, որ նույն գաղափարներն են արտահայտել, նույն հարցերն են իրենց տվել հետագա սերունդների հայ կոմպոզիտորներից շատերը, ինչպես, օրինակ, Էդգար Հովհաննիսյանը, որը մեծ ներդրում ունենալով կոմիտասյան ավանդույթների զարգացման եւ հարստացման մեջ, եւ որը հարցազրույցներից մեկում ասել է. «...Մեզ համար հանելուկ է մնում Կիլիկիայի երաժշտությունը: Հայկական այդ պետության 300-ամյա պատմության ընթացքում ստեղծվել է, ճիշտ է` դարձյալ հայկական, բայց բոլորովին այլ երանգներով մշակույթ, որի հատկապես երաժշտական մասը մեզ քիչ է ծանոթ: Որքանով է այն տարբերվել բուն Հայաստանի երգարվեստից, ինչպիսի բանահյուսություն է ունեցել... Կիլիկիան սերտ շփումների մեջ է եղել Եվրոպայի հետ, պիտի որ ուշագրավ փոխազդեցություններ լինեին...»: Այնպես որ բազմաձայնության կիրառումը, դարերի պատմություն ունեցող հայ ավանդական միաձայն երաժշտության մեջ Կոմիտասին զբաղեցրել է դեռեւս ուսանողական տարիներից, դառնալով նրա ստեծագործական հետաքրքրությունների առանցքը: Այդ մասին է վկայում նրա հեղինակած եւ որպես դիպլոմային աշխատանք ներկայացված Armenische Kirchengesang (Հայկական եկեղեցական երգեր) վերնագրով` բազմաձայն ներդաշակյալ Պատարագի առաջին փորձը: Ունկնդրելով այդ ստեղծագործությունըՙ կարելի է հասկանալ, թե ինչպես է Կոմիտասը համադրել հայ ավանդական հոգեւոր եղանակները եվրոպական պոլիֆոնիկ երաժշտության ավանդույթների եւ հնարանքների հետ, թե որքան մեծ ազդեցություն է թողել նրա վրա բողոքական խորալը եւ հատկապես Բախի ստեղծագործությունը, նրա Կանտատներն ու Պասիոններն իրենց հոյակապ խորալային համարներով, նրանցում արտահայտված բարձր ոգեղենությունը եւ կրոնական վսեմ ապրումները, միաժամանակ` ժողովրդական մելոսի տարրը եւ այլն: Այդ ազդեցությունը պարզորոշ լսվում է Կոմիտասի բեռլինյան Պատարագի որոշակի հատվածների հարմոնիկ շարադասությունների մեջ, այն ակնհայտ է անգամ նրա հանրածանոթ գործերից թերեւս ամենից հաճախ հնչող Հայրապետական մաղթանքում: Լսողական հսկայական փորձ, նյութի լիակատար տիրապետում, դեռեւս պատանի հասակում սկսած բանահավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերած փորձառություն, ինչն արտահայտվում է թեկուզ տարբեր երգվածքներին պատկանող մայր եղանակների բազմազանության մեջ: «Սուրբ, սուրբ»-ի, «Հայր մեր»-ի, «Խորհուրդ խորին»-ի իրարից բոլորովին տարբեր, սակայն նույնքան գեղեցիկ մեղեդիներ է ձայնագրել Կոմիտասը, երբեմն զանազան գավառների գեղջկական քահանաների երգածներից, մանրակրկիտ կոմպոզիտորական եւ երաժշտագիտական աշխատանք տանելով այդ մեղեդիների հրատարակումից առաջ: Այդ ամենը պետք է հետագայում մարմնավորվեր իր բազմաձայն խմբերգային պարտիտուրներում որպես արդեն լիովին ձեւավորված երաժշտատեսական հայեցակարգի արդյունք` Կոմիտասյան հանճարի գլուխգործոցներում:

Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Գեւորգ Գյոդակյանը իր «Կոմիտասի ոճը եւ 20-րդ դարի երաժշտությունը» (Կոմիտասական, հ. Ա, Երեւան, 1969, էջ 93) աշխատության մեջ դիպուկ եւ արդարացիորեն դասում է Կոմիտասին 20-րդ դարի նորարար կոմպոզիտորների շարքը` տեսնելով նրան Դեբյուսիի, Պրոկոֆեւի, Բարտոկի կողքին: Պատահական չէ, որ 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից շատերը, Կոմիտասի պես, հանդես են եկել իրենց կողմից մշակված, սեփական ժողովրդի երաժշտական բանահյուսությանը խարսխված յուրահատուկ տեսական համակարգերովՙ լայնորեն դրանք կիրառելով իրենց երկերում սեփական ստեղծագործական սկզբունքներն արտահայտելու համար: Դեռեւս Արշակ Չոպանյանը, որն ըստ էության դրել է կոմիտասագիտության հիմքը եւ արժեւորել Կոմիտասին տակավին երգահանի կյանքի օրոք որպես ազգային կոմպոզիտորական դպրոցի, հայկական ֆոլկլորագիտության եւ երաժշտական միջնադարագիտության հիմնադիր, համեմատում էր նրան Մուսորգսկու եւ Գրիգի հետ:

Կոմիտասի խմբերգերը կատարում են մեր բոլոր երգչախմբերը սկսած Պետական ակադեմիական կապելլայից մինչեւ կոնսերվատորիայի ուսանողական երգչախումբը: Բնավ չնեսամացնելով որեւէ երգչախմբի ներդրումը Կոմիտասի ստեղծագործությունների կատարման մեջՙ կուզեինք նշել, որ, այնուամենայնիվ, ոչ բոլորն են, մեր կարծիքով, որ հասնում են Կոմիտասի ոճի այդչափ համարժեք եւ հոգեհարազատ մեկնաբանմանը, ինչպիսին Հարություն Թոփիկյանի ղեկավարած Երեւանի կամերային երգչախումբը: Տասնամյակների պատմություն ունեցող նվիրումը Կոմիտասին, նրա ստեղծագործական ժառանգության հետեւողական տարածումը եւ մշտական առկայությունը երգչախմբի երկացանկում, ինչպես եւ հայ ժամանակակից կոմպոզիտորների երկերի հմուտ մեկնաբանումը, հանգեցրել են կատարողական իսկական վարպետության եւ խորապես ապրված մատուցման: Դրա մասին եւս մի անգամ վկայեց երգչախմբի վերջին համերգը, որը զարմանալի կերպով համընկնելով Կոմիտասի մահվան օրվան, ձոն դարձավ մեր ազգային երաժշտության չմարող լուսատուին:

Բեռլինյան Պատարագից հետո հնչեց դարձյալ Կոմիտասի գերմանական շրջանի գործերից մեկը` «Առ գետս բաբելացւոց» խմբերգը, որը գրված է մենակատարների, երկսեռ երգչախմբի եւ երգեհոնի համար, 137 սաղմոսի հիման վրա, գերմաներեն: Դրան հետեւեցին Կոմիտասի Երկերի ժողովածուի 8-րդ հատորում զետեղված հոգեւոր երգերից` «Յիշեսցուք ի գիշերի» եւ «Զարթիք փառք իմ»-ը, «Էջմիածինն ի հօրէ»-ն, «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Խորհուրդ խորին»-ը, նաեւ միաձայն սաղմոսը, որոնք ընդունվեցին մեծ խանդավառությամբ: Իսկ Կոմիտասի հիրավի գլուխգործոցը հանդիսացող «Տեր ողորմեա»-ն եւ «Աշխարհ ամենայն»-ը, որոնք իրենց ողբերգականությամբ եւ գեղարվեստական ընդհանրացման մասշտաբայնությամբ ընկալվում են իբրեւ հայկական Պասիոն, Տիրոջ չարչարանքներին նվիրված եւ միաժամանակ ժողովրդի աղերսն արտահայտող ցնցող պատում, հնչեցին խորապես հուզելով դահլիճը: Այդ հուզմունքի ալիքի վրա որպես Կոմիտասյան երեկոյի ավարտ, երգչախումբը կատարեց Հայրապետական մաղթանքը, որին հոտնկայս միահամուռ ձայնակցեցին դահլիճում հավաքված երաժշտասերները:

«Հայն ունի ինքնուրույն երաժշտություն» գաղափարը, որին Կոմիտասը նվիրել է իր կյանքը, ինչը փորձել է հասցնել ողջ աշխարհին, հրատապ է մնում նաեւ ներկայումս: Այդ վսեմ նպատակին է ծառայում նաեւ Երեւանի կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Իսկ Կոմիտաս երեւույթի, նրա ստեղծագործական ժառանգության համաշխարհային ճանաչումը դեռ առջեւում է...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4