«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2012-11-06 | #197, 2012-11-07 | #198, 2012-11-08


ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Նրա առաջնահերթ խնդիրը ամերիկյան տնտեսության վերականգնումն է եւ Չինաստանի առաջխաղացման կասեցումը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

ԱՄՆ նախագահական ընտրություններն ավարտվեցին Բարաք Օբամայի հաղթանակով: Ինչպես որ ենթադրվում էր, ընդհանուր ձայների հարաբերակցությունը հավասարին մոտ է, սակայն նա իր մրցակից Միթ Ռոմնիի 206 պատվիրակի դիմաց նախնական տվյալներով ունի 303 պատվիրակ: Այս ցուցանիշը կարեւոր է այն առումով, որ ապահովում է նախագահի պաշտոնում վերընտրված Օբամայի լեգիտիմությունը: Կնշանակի գործը, ինչպես Ջորջ Բուշի պարագայում էր, դատարան չի հասնի:

Նախնական տվյալների հրապարակումից հետո նախընտրական փուլում սանձարձակ կովբոյի կերպարանքով հանդես եկող Ռոմնին վերստացավ իր իսկականՙ հմուտ գործարարի նկարագիրը: Նույնիսկ փոխվել էր նրա դեմքի արտահայտությունը: Նա հակիրճ, բայց շատ հավասարակշիռ ելույթով իր երախտագիտությունը հայտնեց բոլոր համախոհներին, հաջողություն մաղթեց Օբամային եւ ասաց, որ թեկնածու է առաջադրվել, որովհետեւ շատ է սիրում Ամերիկան: Օբաման էլ շնորհակալություն հայտնեց Ռոմնիին, ընդգծելով. «Նա թեկնածու էր առաջադրվել ծառայելու Մ. Նահանգներին»:

ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններն ունեն մի քանի առանձնահատկություն: Դրանցից թերեւս պետք է առանձնացնել ընտրողների արտաքին քաղաքականության փոխարեն տնտեսական իրավիճակին նախապատվություն տալը, ի տարբերություն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի, նախագահական ընտրություններին զուգահեռ դեմոկրատների դրության բարելավումը Սենատում եւ Բարաք Օբամայի անակնկալ հաղթանակը Օհայո նահանգում: Ի դեպ, այստեղ պարտված ոչ մի թեկնածու 1964-ից ի վեր նախագահ չի ընտրվել:

ԱՄՆ Սենատում դեմոկրատների դրության բարելավումը կարեւոր է Օբամայի նախընտրական ծրագրերի առումով, քանի որ 2010-ի ընտրություններում մեծամասնություն կազմելով Կոնգրեսում, հանրապետականները ագրեսիվ կեցվածք էին ընդունելՙ խափանելու համար այդ ծրագրերը: Հիմա արդեն վերջիններս ստիպված համաձայնության եզրեր են որոնելու Օբամայի հետ:

Թերեւս հանրապետականների ագրեսիվ կեցվածքն էր պատճառը, որ 2008-ի ընտրություններից հետո Օբաման ի վիճակի չեղավ կատարել ԱՄՆ-ում արմատական բարեփոխումներ իրականացնելու նախընտրական խոստումը, այլ բավարարվեց երկրի տնտեսությունը կայունացնելու միջոցառումներով, որոնք, թեկուզ դանդաղ, բայց եւ այնպես հանգեցրին տնտեսական կյանքի որոշակի աշխուժացմանը: Այս աշխուժացումը, Օբամայի տեսանկյունից, չափազանց դրական զարգացում էր: Երկրի համար դրա նշանակությունը ընդգծվեց Եվրոմիության երկրներում ծավալվող տնտեսական ճգնաժամով:

Այլ կերպ, պաշտոնավարման երկրորդ ժամկետը նախընտրական խոստումների կատարման, ինչպես նաեւ ծրագրերի անկաշկանդ իրականացման առումով անհամեմատ բարենպաստ է նախագահ Օբամայի համար: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դա դրականորեն կանդրադառնա Մերձավոր եւ Միջին Արեւելքի, հատկապեսՙ Սիրիայի եւ Իրանի քաղաքական զարգացումների վրա:

Թեեւ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի օրինականությունից զուրկ լինելու մասին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, որին այդ պաշտոնում հավանաբար կփոխարինի Ջոն Քերին, Վաշինգտոնին պարտավորեցնում է, սակայն տարածաշրջանում ԱՄՆ-ի ավելորդ ժամանակ վատնելու մասին երկրում ծավալված տեսակետը Սիրիայի հարցում Օբամայից զուսպ մոտեցում է ենթադրում: Ավելին, նախագահ Օբաման ամերիկյան զորքերը դուրս է բերել Իրաքից, հայտարարել է, որ դուրս կբերի նաեւ Աֆղանստանից: Մտածել, որ այս պայմաններում նա նոր պատերազմ կսկսի Սիրիայի դեմ, իրատեսական չէ:

Նույնը վերաբերում է նաեւ Իրանին. այս պետության նկատմամբ որդեգրվող դիրքորոշումը Իսրայելի հետ լրջորեն քննարկելու պայմանով, որ Օբաման հակաիրանական նկրտումներում զսպի վարչապետ Բենիամին Նաթանյահուին:

Ակնհայտ է, որ տարածաշրջանի երկրներից ամերիկյան զորքերը հետզհետե դուրս բերող Օբաման Սիրիայում առավելագույնս կարող է ընդդիմությանը զինել: Սակայն զինելու հարցում էլ նրան կաշկանդելու է սիրիական ընդդիմության մասնատվածությունը, առավել եւս տրամադրվող զենքի իսլամ արմատականների ձեռքում հայտնվելու հավանականությունը:

Մերձավոր եւ Միջին Արեւելքում նոր պատերազմ չի կամենում նաեւ տնտեսական դժվարությունների առջեւ կանգնած ամերիկյան ժողովուրդը: Դա Օբամային պարտավորեցնում է ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությունը բացի տարածաշրջանից թուլացնել նաեւ Լիբիայում, ինչը համազոր է այդ ներկայության Միջերկրականի ավազանում թուլացմանը:

Տվյալ դեպքում խնդիրը սոսկ Ջորջ Բուշի օրոք որդեգրած տարածաշրջանային քաղաքականության ձախողումը չէ, այլեւ Հնդկաչինում եւ Խաղաղ օվկիանոսի ավազանում չինական ազդեցության հարաճուն ծավալումը, ԱՄՆ-ի դաշնակից Ճապոնիայի ու Ֆիլիպինների հետ Չինաստանի հարաբերությունների հետեւողականորեն սրումը: Չինական առաջխաղացումը կասեցնելու հրամայականը ամենայն հավանականությամբ կստիպի Օբամային, որ ԱՄՆ-ի ուշադրությունը բեւեռի Հնդկաչինի ու Խաղաղ օվկիանոսի վրա:

Այս ամենը, ինչ խոսք, կսահմանափակի ամերիկյան քաղաքականության ակտիվության հնարավորությունները Հարավային Կովկասում: Ուստի եւ ստատուս քվոն կպահպանվի նաեւ Լեռնային Ղարաբաղում: Քանի որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը խորհրդարանում պայմանավորել էր ղարաբաղյան հիմնահարցում «առաջընթացի» արձանագրմամբ, դրանով իսկ լուրջ հիասթափություն պատճառել Վաշինգտոնին, հետեւաբար ուժի մեջ կմնան Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու առումով Անկարայի վրա Օբամայի գործադրած ճնշումները, որոնք մեծացնում են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4