«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2012-11-17 | #206, 2012-11-20 | #207, 2012-11-21


ՎԻՃԱԿԸ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՈՒՀԱՆԸ ԹԱՑ ՇՈՐՈՎ ՄԱՔՐԵԼՈՒ ԴԱՍԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ճիշտն ասած` ուզում եմ խախտել «Քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» լուրջ-լուրջ խորհրդարանական լսումների նույնքան լուրջ լուսաբանման ստերեոտիպը` ներկայանցնելով լրագրող եւ լսումների ժամանակ ելույթ ունեցած Արման Սուլեյմանյանի խոսքից մի կարեւոր պահ: Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում վերջերս տեղի ունեցած ինքնավնասման աղմկոտ դեպքերին, նա նշեց. «Քանի դեռ համակարգը փակ եք պահում, լրագրող չեք թողնում` նույն վիճակն է մնալու: Հստակեցրեք լրագրողների մի ցուցակ, որով լրագրողները կմտնեն կալանավայր: 10 դեպքից 7-ի դեպքում թող բողոքողները սխալ դուրս գան, բայց եթե 3-ին փրկենք` մեր աշխատանքը լիարժեք կատարած կհամարենք», ասաց նա ` արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանին հարցնելով. «Ի՞նչ կա թաքցնելու, որ լրագրող չեք թողնում»: Նրա կարծիքովՙ երկու մատը կտրած դատապարտյալ Կարեն Թառոյանը դա արել է այն պատճառով, որ ոչ մի կերպ չի հասկանում` ինչո՞ւ ինքը չի կարող զանգահարել ու խոսել իր 7-ամյա դստեր հետ, իսկ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը մշտապես բջջային ունի: Ընդ որում` Կ. Թառոյանին 1 տարի է ընդամենը մնացել, որ ազատվի: Կամ դատապրարտյալ Հայկ Գալստյանին անձամբ լրագրողն է խնդրել, որ աչքերը չկարի, մանավանդ` ընդամենը 6 ամիս է մնացել, որ նա ազատություն դուրս գա, բայց մարդուն համարյա գագաթնակետին են հասցրելՙ եթե այդպես է վարվում, եզրակացրեց լրագրողը:

Երեկվա խորհրդարանական լսումներում, որ կազմակերպել էին Ազգային ժողովի եվրոինտեգրման եւ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովները, ոլորտի համարյա բոլոր հարցերին մանրամասն անդրադարձ եղավ, քանի որ բազմաթիվ ելույթ ունեցողներ կային եւ գործադիրից ու ՀԿ սեկտորից, եւ պատգամավորներն էին ակտիվ իրենց հարցումներում:

Ու բոլորն էին նշում զույգ հանձնաժողովների լավ նախաձեռնությունը: Նշելով, որ միջազգային կառույցների զեկույցներում ոչ դրական անդրադարձներ կան Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պայմանների վերաբերյալ` եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը իրազեկեց, որ վերջերս լսումները կազմակերպող զույգ հանձնաժողովներից այցելություններ են եղել տարբեր քրեակատարողական հիմնարկներ, որոնց պայմաններին ծանոթությունը կարող է բերել օրենսդրական շտկումների, նկատի առնելով նաեւ հասարակակական կազմակերպությունների առաջարկները:

Քրեակատարողական հիմնարկների խնդիրներին առավել ընդգրկուն անդրադարձ արեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ` շենքային վատ պայմաններ, որակյալ կադրերի պակաս, այլընտրանքային պատիժների կիրառման ոչ բավարար մակարդակ եւ այլն: Միաժամանակ ոլորտում հեղափոխական փոփոխությունները ռիսկ ունեն իրենց մեջ, ու հարկավոր է գնալ հիմնարար, երկարաժամկետ լուծումների ճանապարհով: Վերջերս աղմուկ հանած ինքնախեղումների հետ կապված էլ` Հ. Թովմասյանը նշեց, որ տեղի ունեցած դեպքերն ուշիուշով ուսումնասիրվում են: Նա նաեւ նշեց, որ իր հանձնարարականով քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունը չի ընդառաջելու ինքնախեղված բանտարկյալների պահանջներին, քանի որ նրանք դա անում են ուշադրություն հրավիրելու համար իրենց ու իրենց գործի վրա, արտոնություններ են ուզում` հիվանդ ձեւանալով, դժգոհում են դատավճռից կամ հիմնարկի ադմիսնիստրացիայից: Եթե այդ պահանջները կատարվեն` հիմնարկներում բանտարկյալներն անկառավարելի կդառնան:

Իհարկե, միմյանց նեղացնելու խնդիր կար, որ արդարադատության նախարարն ու լսումների կազմակերպիչներից մեկը` Ն. Զոհրաբյանը մի պահ տաքացան միմյանց դիմելիս, քանի որ ժամանակին արդարադատության նախարարության տիրույթ հանձնված ՔԿՀ-ները իրենց ուրույն բարքերով, երեւում է, որ այնքան էլ ուղիղ համակարգման չեն ուզում ենթարկվել, պատգամավորը խնդրին շատ ավելի լայն է նայում, քանի գործադիրի ներկայացուցիչը (թեկուզ այն, որ նախարարն ինքնախեղումների մասին ասում էր, թե կան մեկ-երկու դեպքեր, եւ տալիս էր դրանց բացատրությունը, իսկ Զոհրաբյանը պնդում էր, որ աննորմալ երեւույթը չի կարելի բանտային երեւույթի մաս համարել, եւ միասին պետք է օրենսդրական փոփոխություններ անեն` նպաստելու համար վիճակի փոփոխությանը):

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը , սակայն, գտնում էր, որ քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիա կա, սոցիալական ծայրահեղության հասած խնդիրներ, որոնք պատճառ են դարձել ինքնախեղումներին. «Ձեր բյուջեով գոյատեւում ենք, ձեր ստեղծած մարմինն եք, խնդիրները բարձրացրեք` համագործակցենք», ներկաներին մոտավորապես այս կարգի բովանդակության խոսքով դիմեց ՄԻՊ-ը` նաեւ նկատի ունենալով եւ ոլորտի բազմաշերտ խնդիրները, եւ այն 97 ցմահ ազատազրկվածներին, որոնք մահվան էին դատապարտված եղել ժամանակին, իսկ մահապատժի ինստիտուտը հանելուց հետո մեխանիկորեն դարձել են ցմահ ազատազրկվածներ, ու նրանց վերաբերյալ եւս լուծումների կարիք կա:

Ոլորտն արդարադատության համակարգում ինքնադիտարկող հասարակական վերահսկողության խմբի ղեկավար Արթուր Սաքունցը կանգ առավ այն փաստի վրա, որ քրեակատարողական հիմնարկներում կիսով չափ է սնունդ ապահովվում, դատարպարտյալներն ապրում են տնից հանձնուքների հաշվին, որը նորմալ երկրում անընդունելի է:

Իսկ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում իրավիճակը վերահսկող հասարակական դիտորդ խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը խոսեց այն մասին, որ անձի հաշվով 600 դրամով հնարավոր չէ երեք անգամ սնունդ ապահովել, հերթապահող ոստիկանի ստացած 65 հազար դրամն էլ հավասարվում է համարյա ձերբակալվածի ամսական ծախսին, ու ներսի խնդիրներից ոչ ոք չի ուզում խոսել: Խնդիր է նաեւ 3 օր ձերբակալումից հետո եւս 3 օր կալանված պահելու խնդիրն ու ոչ բավարար շենքային պայմանը մարդու իրավունքների խախտման դուռ է բացում:

Մի քանի հետաքրքրական շեշտադրում արեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ՙ նշելով, որ պրոբլեմներ համակարգում կան` պայմանների, կոռուպցիայի հետ կապված, դրանք արագ լուծվող չեն եւ շատ են, ու քննարկումները համակարգի ներսում պատիժն արդար լինել-չլինելու վերաբերյալ չպիտի լինեն, այլՙ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության հարցի: Իսկ մաքսիմալիզմն այդ հարցում վտանգավոր է, քանի որ միանգամից դադարեցնում է քննարկումը, երբ կարելի էր գտնել կոնստրուկտիվ լուծումներ: Եվ մեծ ծախսեր պահանջող փոփոխությունների անհրաժեշտությանը նա գումարեց պարզ լուծումներից նաեւ, որոնք դրամ չեն պահանջում, եւ օրինակը զուգորդեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի այն մեջբերումի հետ, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկ խցում 20-25 մարդ է պահվում, օդափոխություն չկա, մահեր են լինում նաեւ այն պատճառով, որ օդափոխություն չի կատարվում, ու սենյակների օդափոխությունն էական փոփոխություններ կարող է մտցնել այդ համակարգում, ինչպես եւ պատուհանը թաց շորով մաքրելու դասը, որ Դավիթ Հարությունյանը ստացել է արտերկրից եկած մի փորձագետից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4