ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2012-11-03 | #21, 2012-11-17 | #22, 2012-12-01


ՉԱՐԵՆՑԻ ՉԿԱՅԱՑԱԾ «ԼՈՒՍԱՄՓՈՓԸ»

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Բազում տարիների բանասիրական տքնաջան աշխատանք է պետքՙ ստեղծելու համար ականավոր անձանց հնարավորինս ամբողջական կենսագրությունները, մանավանդՙ հայոց մեծերի, որոնց վերաբերյալ աղբյուրները հաճախ կորսված են, աշխարհով մեկ ցրված եւ անհայտ մնացած. անգամ այնպիսի մեծություն, ինչպիսին Եղիշե Չարենցն է, որի մեծածավալ կենսագրությունը հրատարակված է (նկատի ունենք գրականագետ Ալմաստ Զաքարյանի եռահատորյակը), դարձյալ տեղ է մնում շտկումների եւ լրացումների համար:

Չարենցի պոեզիայում անմահացած նրա երիտասարդության մեծ սերըՙ կարսեցի կապուտաչյա գեղեցկուհի Կարինե Քոթանջյանը, բանաստեղծին նվիրված իր հուշերում վկայել է, որ «...Չարենցը Կարսում Տաճատ Ալեքսանյանի հետ միասին մտադիր էր հրատարակել գրական ամսագիր, եթե չեմ սխալվումՙ «Կարմիր աստղ» խորագրով: Ամսագրի համար հանձնարարվեց ինձ ռուսերենից թարգմանել, եթե հիշողությունս չի դավաճանումՙ Գարշինի «Красный цветок» պատմվածքը: Չգիտեմ ինչ ընթացք ստացավ նրա այդ մտադրությունը հետագայում»: (տես «Հուշեր Եղիշե Չարենցի մասին», Երեւան, 1986, էջ 45):

Թեեւ Ալմաստ Զաքարյանը, խոսելով Չարենցի 1916-1917 թվականների գործունեության մասին, իր աշխատության մեջ հիշատակել է Կարինե Քոթանջյանի վերոհիշյալ վկայությունը, սակայն լրացուցիչ տվյալ չի հաղորդել կամ ենթադրություններ չի կատարել:

Կարինե Քոթանջյանն իսկապես սխալվում էր. Չարենցի հրատարակելիք գրական ամսագիրը չպետք է լիներ «Կարմիր աստղը», այլ պիտի ունենար մի ավելի ռոմանտիկ, այդ շրջանի չարենցյան ոգուն առավել ներդաշնակ անուն: Դա մենք պարզեցինք բոլորովին պատահաբար, երբ 1916 թվականի Բաքվի «Արեւ» պարբերականը թերթատելիս հուլիսի 2-ի համարում հանդիպեցինք հետեւյալ ծանուցմանը.

«ԿԱՐՍՈՒՄ մինչեւ սոյն տարուայ օգոստոսի 15-ը լոյս է տեսնելու «ԼՈՒՍԱՄՓՈՓ» անունով գրական-գեղարուեստական-քննադատական-երիտասարդական ժողովածու:

Կազմողներն ենՙ Եղիշէ Սողոմոնեան, Կարինէ Քօթանեան (sic) եւ Տաճատ Բաղդասարեան: Նիւթեր ուղարկել հետեւեալ հասցէովՙ Карс, Александровская 2-2, Тачату Багдасаряну.»:

Այստեղ խոսքը ժողովածուի, ոչ ամսագրի մասին է, սակայն աներկբա է, որ խոսքը վերաբերում է Կարինե Քոթանջյանի վերոբերյալ վկայությանը: Ինչ խոսք, գրական ժողովածուն կարող էր եւ լինել պարբերական հրատարակությունՙ ժամանակի ընթացքում վերածվելով ամսագրի, որին սակայն վիճակված չէր անգամ մեկ համար լույս տեսնել:

Առաջին հերթին աչքի է զարնում ծանուցման մեջ բանաստեղծի անվան Եղիշե Սողոմոնյան հիշատակումը, երբ նա արդեն ստորագրում էր Եղիշե Չարենց: Հավանաբար այս շրջանում նա տակավին ցանկացել է գրական անունը գործածել միայն բանաստեղծությունների համար, իսկ այլ պարագաներում (տվյալ դեպքումՙ որպես ժողովածուի կազմող) հանդես գալ իսկական ազգանվամբ:

Հատկանշական է նաեւ ծրագրված ժողովածուի անվանումը, որն անմիջապես հիշեցնում է չարենցյան հանրահայտ տողըՙ «Լուսամփոփի՜ պես աղջիկը»: Պատահական չէ, որ հենց «լուսամփոփի պես աղջկա»ՙ Կարինե Քոթանջյանի հետ է նա ծրագրել իրականացնել իր գրական նախագիծը:

Ուշագրավ է նաեւ հրատարակվելիք ժողովածուի երիտասարդական ուղղվածությունը: 20-րդ դարասկզբից հայ իրականության մեջ տպագրվել են գրական ժողովածուներ, որ միավորել են նույնաբնույթ հեղինակների (հիշենք, օրինակ, «Ոստիկ, հայ կանանց ժողովածու» գիրքը, հրատարակված դարձյալ գավառումՙ Ալեքսանդրապոլում, 1904 թվականին): Երիտասարդական գրական ժողովածու, որքան մեզ հայտնի է, հայ իրականության մեջ մինչ այդ չի եղել:

Ինչպես տեսնում ենք, Կարինե Քոթանջյանը ստույգ չի հիշել նաեւ իրենց գործընկերոջՙ Տաճատի ազգանունը (Ալեքսանյանՙ Բաղդասարյանի փոխարեն): Այս Տաճատ Բաղդասարյանն, անշուշտ, եղել է Չարենցի շրջապատից մի գրասեր կարսեցի երիտասարդ, որի մասին լրացուցիչ տվյալներ չենք բացահայտել: Այն, որ թղթակցություններ ընդունելու համար նշվել է նրա տան հասցեն, ցույց է տալիս, որ ժողովածուի հրատարակության գործում նա հավասար իրավունքներ է ունեցել, ինչպես Չարենցը եւ Կարինե Քոթանջյանը:

Ըստ Կարինե Քոթանջյանի վերոհիշյալ վկայության, ժողովածուում պետք է հրատարակվեին ոչ միայն ինքնուրույն, այլեւ թարգմանական ստեղծագործություններ: Չնայած Կ. Քոթանջյանին թարգմանություն հանձնարարվել է ոչ ժամանակակից գրականությունից (Վսեւոլոդ Գարշինը 19-րդ դարի ականավոր ռուս գրող էր), սակայն առաջարկված գործըՙ Գարշինի լավագույն ստեղծագործություններից 1883 թվականին գրած «Կարմիր ծաղիկ» պատմվածքը, շատ այժմեական էր Առաջին համաշխարհային պատերազմի օրերին: Պատմվածքի հերոսը հոգեկան հիվանդ է, որը մաքառում է համաշխարհային չարիքի դեմ, որը, ինչպես իրեն է թվում, վերածվել է այգում գտնվող կարմիր ծաղկի: Բավական է քաղել այն, եւ կվերանա աշխարհի չարիքը... Այս այլաբանությունը պիտի որ հարազատ լիներ Չարենցին, ով այդ օրերին տեսնում էր սեփական ժողովրդի բնաջնջումը համաշխարհային չարիքիՙ պատերազմական արհավիրքներում:

Հետաքրքրական է, որ հուլիսի 2-ին տպագրված թերթում ժողովածուի հրատարակության համար որոշակի թվական է նշվելՙ օգոստոսի 15: Կարելի է ենթադրել, որ ժողովածուն արդեն պատրաստ է եղել տպարան հանձնվելու, եւ «Արեւ»-ում հրատարակված ծանուցումը եղել է աշխատակցության հրավեր հաջորդ պրակի համար:

Դժվար չէ ենթադրել, թե ինչու չի կայացել Չարենցի «Լուսամփոփը»: Թեեւ Սարյանը շարունակում էր ծաղիկներ նկարել, Թիֆլիսում գործում էր «Հայ նկարիչների միությունը», Հովհաննես Զարիֆյանը հայկական խաղարկային ֆիլմ նկարահանելու ծրագրեր էր մշակում, սակայն, այդուհանդերձ, 1916 թվականն էր, Առաջին աշխարհամարտի դժնդակ օրերը, իսկ Կարսը հեռու չէր ողբի ու որբի արյունոտ ռազմաբեմից...

Այսպիսով, ժամանակի մամուլի մի փոքրիկ, անտեսված ծանուցում, սակայն այնտեղ առկա մեծության անվան հիշատակությունը մի փոքրիկ շտրիխ է ավելացնում նրա կենսագրությանը եւ տարբեր ենթադրությունների տեղիք տալիս: Վստահ կարելի է ասել, որ եթե կայանար Եղիշե Չարենցի «Լուսամփոփը», բանաստեղծի բարձր ճաշակի եւ ծրագրած հրատարակության երիտասարդական բնույթի շնորհիվ այն կարող էր դառնալ ուշագրավ գրական երեւույթ, Կարսի հայ գրահրատարակչության պատմության համար մասնավորապես եւ 1910-ականների ոչ հարուստ հայ գրական անդաստանի համարՙ ընդհանրապես...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4