«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2012-11-30 | #215, 2012-12-01 | #216, 2012-12-04


ՇԻՐԱԿԻ ԹԵՄԸ ԿԻՍՎԵՑ

Դեկտեմբերի 2-ին Մայր աթոռ Ս. Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված պատարագի ընթացքում հայրապետական սրբատառ կոնդակով Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացվել են Շիրակի թեմից եւ հռչակվել մի նոր` Արթիկի թեմ: Այս մասին Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի երեկ տարածած հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ նորաստեղծ թեմի առաջնորդ է նշանակվել Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հայ եկեղեցու հայաստանյան թեմերը մինչեւ այժմ համընկնում էին հանրապետության մարզերի տարածքներին: Շիրակի տարածքում երկրորդ հոգեւոր թեմի ստեղծման մասին հայրապետական կոնդակում, որը պատարագի ժամանակ ընթերցել է Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպս. Խաչատրյանը, նման որոշումը բացատրվել է եկեղեցական համայնքների վերակազմակերպման հրամայականով` «ի շահ մեր զավակների հոգեւոր խնամքի»: Վեհափառ հայրապետը նորանշանակ առաջնորդին է հանձնել Արթիկի թեմի հռչակման կոնդակը` մաղթելով նրան արգասաբեր ծառայություն ի պայծառություն թեմի եւ ի բարօրություն հավատավոր ժողովրդի:

Պատարագին ներկա են եղել Շիրակի թեմակալ առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը եւ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4