«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2012-12-04 | #217, 2012-12-05 | #218, 2012-12-06


ԴՈՒԲԼԻՆԸՙ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում այսօր մեկնարկում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Իռլանդիա է մեկնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ Նալբանդյանը ելույթ է ունենալու ԱԳ նախարարների խորհրդում, ինչպես նաեւ «նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ»: Նույնաբովանդակ մամուլի հաղորդագրություն էլ տարածել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, որի կայքէջի համաձայն` ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, որը Իռլանդիայում կլինի դեկտեմբերի 5-7-ը, երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ է ունենալու:

Որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպելու են Դուբլինում, ոչինչ չի նշվում, սակայն ակնհայտ է, որ այդպիսի հանդիպում առնվազն նախատեսվում է:

Յուրաքանչյուր տարի այս ձեւաչափով են ԵԱՀԿ տարածաշրջանի արտգործնախարարները անդրադառնում ընդհանրական օրակարգին ու նաեւ բազմակողմ, երկկողմ հարաբերություններ ունենում, ինչն էլ օգտագործվում է նաեւ Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումների անցկացման համար: Ավելին, մինչ օրս էլ շրջանառվող «Մադրիդյան սկզբունքներն» էլ առաջին անգամ արտգործնախարարներին ներկայացվել են նույն` ԵԱՀԿ Նախարարական խորհրդի շրջանակներում կազմակերպված հանդիպումների ժամանակ` 2007-ին Մադրիդում:

Այս տարի էլ սպասվում է տարբեր փաստաթղթերի ընդունում, որոնցում ամենայն հավանականությամբ ղարաբաղյան թեման չի շրջանցվի: Իսկ թե ի՞նչ կներկայացվի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին, թերեւս հստակեցված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին տարածաշրջանային այցելության ընթացքում` նոյեմբերի 19-26-ը: Իսկ այցելության ավարտին արված հայտարարության համաձայնՙ ատգործնախարարների հանդիպումը առայժմ միակ ակնկալվող գործընթացն է` բանակցությունների շարունակականության առումով այն դեպքում, երբ նախագահների մակարդակով դեռեւս պլաններ չկան:

«Նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հետ համանախագահները վերանայել են օգոստոսին եւ սեպտեմբերին արտգործնախարարներ Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ ունեցած առանձին-առանձին հանդիպումների արդյունքները եւ քննարկել են խաղաղ գործընթացի շարունակման գաղափարները, որ ներկայացվել են հոկտեմբերի 27-ին նախարարների համատեղ հանդիպմանը», տեղեկացնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, փաստացի վկայելով, որ արտգործնախարարական հանդիպումների արդյունքների վերանայումը ոչ մի արդյունք էլ չի տվել ու նախագահների մակարդակով հանդիպում չի պլանավորվում:

Դրա փոխարեն մնում է ենթադրել, որ Դուբլինում կարող են քննարկումներ լինել հենց քլինթոնյան հայտարարությամբ հավերժացած «նոր գաղափարների» առնչությամբ, կամ էլ դրանք կվերաձեւակերպվեն որպես դուբլինյան:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4