«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2012-12-06 | #219, 2012-12-07 | #220, 2012-12-08


ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է

«Ազգի» խնդրանքով մեկնաբանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը

Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի վախճանվելուց հետո Երուսաղեմի հայոց պատրիարքի աթոռը մնում է թափուր: Արդեն նշանակված է պատրիարքական տեղապահ եւ որոշված է նոր պատրիարքի ընտրության ժամանակը` հունվարի 23-ից 25-ը:

Երուսաղեմի պատրիարքությունը մեր եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկն է, հետեւաբար նրա գահակալի ընտրությունը ընդհանուր ազգային-եկեղեցական հետաքրքրություն ներկայացնող իրադարձություն է: Դրա կարեւորությունը, անցկացման կարգը եւ պատրիարքական թեկնածուների ընտրության վերաբերյալ իր մտածումները մեր խնդրանքով ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:


- Ճիշտն ասած,- նախ նկատեց Միքայել սրբազանը,- մինչեւ այժմ կարծես այն տպավորությունը կա, թե այդ ընտրությունը բնավ ոչ Հայաստանի, ոչ հայաստանյան հոգեւորականներիս գործն է. այնտեղ պատրիարքը մահացել է, դե երեւի մեկին կդնեն, էլի:

Այդպես չէ: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ ողջ հայ ժողովուրդը, բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ ճիշտ ընտրություն կատարվի եւ ճիշտ մարդ ընտրվի: Ճիշտ մարդ ասելով` նկատի ունեմ, որ ամենաարժանավորն ընտրվի:

Երուսաղեմի վաստակաշատ պատրիարքը` Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը, որը վախճանվեց 93 տարեկան հասակում, 22 տարվա արդյունաշատ գահակալություն ունեցավ: Եվ նրա հեռանալը կորուստ էր, անշուշտ, մեր եկեղեցու համար: Այժմ բոլորիս հայացքներն ուղղվում են հաջորդին, թե ինչպես պետք է հաջորդ ընտրվի, որ Երուսաղեմի աթոռը, որը մեր եկեղեցվո երրորդ աթոռն է իր կարեւորությամբ` Մայր աթոռից եւ Կիլիկիո աթոռից հետո, ունենա իր արժանավոր եւ արժանընտիր գահակալը առաջիկա տարիների համար: Ամեն ինչ պետք է արվի, եւ մեր բոլորի աղոթքներն էլ ուղղված են նրան, որ իր դերով, նշանակությամբ ու կարեւորությամբ մեզ համար անգնահատելի Երուսաղեմի աթոռը մնա միշտ պայծառ:

- Սրբազան, եթե որոշակի նշենք` հատկապես ինչո՞վ է մեզ համար կարեւոր Երուսաղեմի պատրիարքությունը:

- Իր կարեւորագույն առաքելությունը տերունական սրբատեղիների պահպանությունն է եւ մեր իրավունքներն են սրբատեղիներում. Քրիստոսի գերեզման, Աստվածամոր գերեզման, Քրիստոսի խաչելության վայր, Քրիստոսի ծննդյան այր Բեթղեհեմում... Այդ բոլոր տեղերում Երուսաղեմի պատրիարքությունը իրավատերն է եւ պահապանն է այդ իրավունքների` հայոց իրավունքների: Դա ամենակարեւորն է: Պատրիարքության թուլացում, տկարացում` նշանակում է մեր իրավունքների թուլացում Երուսաղեմում` Սուրբ երկրում: Նշանակում է զիջել հայ ժողովրդի եւ հայ եկեղեցվո դարավոր, արյուն-քրտինքով ձեռք բերված իրավունքները, ինչն անթույլատրելի է:

Ուրեմն, սա կարեւորագույնն է, որովհետեւ այնտեղ համայնքային կյանք չի եղել, այնտեղ հայ համայնք չի եղել: Համայնքը որպես այդպիսին ձեւավորվել է Եղեռնից հետո, այն էլ անցած տարիների այս պատերազմների պաճառով զգալիորեն պակասել է: Այնպես որ, Երուսաղեմի պատրիարքության առաքելությունը համայնքային չէ` ինչպես ուրիշ տեղերում, որտեղ եկեղեցու առաքելությունը հայապահպանությունն է, համայնքն է: Երուսաղեմը տարբերվում է այդ իմաստով: Այնտեղ իրավունքների պահպանությունն է, ու եթե նույնիսկ այնտեղ մեկ հայ իսկ չմնա, աշխարհական իմաստով, այնտեղ պետք է Երուսաղեմի պատրիարքությունը մնա` իբրեւ այդ սրբատեղիների պահապան եւ իրավատեր:

- Իսկ ինչպե՞ս եւ ո՞ր մարմինն է ընտրելու Երուսաղեմի նոր պատրիարքին:

- Գահակալ ընտրում է Երուսաղեմի միաբանությունը: Սա միակ աթոռն է հայ եկեղեցու, որտեղ աշխարհական տարրը խոսք չունի, ասելիք չունի, այլ ընտրելու իրավունք ունեն միայն Երուսաղեմի միաբանության անդամները: Հոգեւորականները: Նրանք, ովքեր ուխտ ունեն Երուսաղեմի աթոռի հանդեպ եւ ուխտյալ միաբաններն են Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության:

- Ստացվում է, որ խնդրի կարեւորությունը գոնե եկեղեցական առումով համազգային է, իսկ որոշողը, ընտրողը միայն տեղի միաբաններն են: Հակասություն չկա՞ այստեղ, եւ ո՞րն է, ըստ Ձեզ, լավագույն ելքը տվյալ իրավիճակում:

- Սա դարերից եկած իրենց իրավունքն է ու նաեւ իրենց պարտականությունը: Բայց սա չի նշանակում, թե թեկնածությունների հարցում եւս նման սահմանափակում կա ու միայն նույն միաբանության անդամը կարող է ընտրվել Երուսաղեմի պատրիարք:

Անշուշտ, միաբանությունն առաջին հերթին աշխատում է իր միջից ընտրություն կատարել, հայացքը հառում է իր ներսը եւ փորձում է արժանավոր հաջորդ գտնել միաբանության ներսում: Բնական է, որ Սրբոց Հակոբյանց միաբանության մեջ արժանավորներ կան, եւ շատ կան: Բայց կարծում եմ` խնդրի կարեւորության թելադրանքով արժե ավելի լայն ընտրություն կատարել, եւ եթե այդ շատ արժանավորներից, այդ միաբանությունից դուրս կա ավելի արժանավոր մեկը, արժե, որ ընտրվի այդ առավել արժանավորը:

Կարծում եմ, որ Երուսաղեմի միաբանությունն այդ պարտականությունը պետք է զգա իր վրա, եւ պետք է ընտրությունը կատարվի Հայ եկեղեցվո եպիսկոպոսաց ընդհանուր ցանկից: Ոչ թե միայն Երուսաղեմի միաբան եպիսկոպոսներից, այլեւ ընդհանուր ցանկից:

- Արդյոք թեկնածությունների առաջադրման գործող կարգը այդ հնարավորությունն ընձեռո՞ւմ է, եւ նախկինում նման դեպքեր եղե՞լ են:

- Նախադեպեր, այո, եղել են: Օրինակ` Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյան, Եղիշե արքեպիսկոպոս Դուրյան, որոնք պատրիարքներ են ընտրվել Երուսաղեմի աթոռի եւ մեծանուն պատրիարքներ են, նրանք Երուսաղեմի միաբանության անդամներ չեն եղել:

Առաջադրման կարգ եկեղեցում գոյություն չի ունեցել եւ չունի: Թեկնածուների ցանկը որոշում է միաբանական ժողովը, որն իրավասու է ընտրության: Եվ իրենք պետք է առաջին փուլում ընտրեն հնգանուն ցանկ ու հետո երկրորդ փուլում այդ 5 անունների ցանկից ընտրեն մեկին: Իրենց հաստատած կանոնակարգը սա է: Թեկնածուների ընտրության սահմանափակում չկա:

Եվ ուրեմն, ողջ եկեղեցվո տարածքում պետք է փնտրել եւ գտնել ամենաարժանավորին, կատարել համաեկեղեցական ընտրություն. այս պահին ով ամենաարժանավորն է, նա էլ պետք է բազմի Երուսաղեմի առաքելական աթոռին: Սա մեր կարծիքն է, մեր համոզումն է, մեր մտածումն է: Բայց ես անձնապես ճիշտ չեմ համարում նաեւ որեւիցե մի եպիսկոպոսի առաջադրվելը, ինքնառաջադրվելը, որովհետեւ ճիշտ չէ ընտրական այդ գործընթացը վերածել ու նմանեցնել քաղաքական ընտրական գործընթացների, եկեղեցական գահակալի ընտրությունը նմանեցնել քաղաքական ընտրապայքարի: Եթե մեկը հասել է եպիսկոպոսական աստիճանի, ուրեմն արժանավոր է որեւիցե մեկ պատրիարքական կամ ավելի բարձր գահի բազմելու եւ թեկնածու նկատվելու: Բայց ոչ թե ինքը պետք է իրեն թեկնածու նկատի, այլ տվյալ դեպքում հենց Երուսաղեմի միաբանական ժողովը պետք է այս կամ այն եպիսկոպոսին թեկնածու նկատի կամ չնկատի, արժանավոր նկատի կամ չնկատի: Որովհետեւ, կրկնում եմ, ընտրողը մնում է միայն Երուսաղեմի միաբանությունը, ընտրության իրավունքը մնում է միայն եւ միայն տվյալ միաբանության անդամներինը:

- Համփոփումն` Ձեր մաղթանքն ու ցանկությունն այս առիթով:

- Մեր ցանկությունն ու մաղթանքն այն է, որ Սրբոց Հակոբյանց միաբանության մեր եղբայրները լայնախոհությամբ, լայնամտությամբ մոտենան այս հարցին, լայն ընտրություն կատարեն եւ հայ եկեղեցվո արժանավորագույն թեկնածուն կարողանա բազմել Թորգոմ պատրիարքի վախճանումով այսօր թափուր մնացած գահին:

Աղոթենք եւ սպասենք, որ իրոք արժանավորագույնը, այս պահին հայ եկեղեցուց արժանավորագույնն ընտրվի եւ գնա ծառայելու,- որովհետեւ դա վայելք չէ,- ծառայելու այդ սուրբ աթոռին:

Զրուցեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4