«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2012-12-07 | #220, 2012-12-08 | #221, 2012-12-11


ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Անկախ նրանից, թե «ով ես եւ որտեղ ես ապրում»

Երեկ` մարդու իրավունքների պաշտպանության օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հանդես է եկել ուղերձով: Այն ուշագրավ է մի շարք առումներով, քանի որ գլխավոր քարտուղարի որոշ արտահայտություններ, անգամ որոշ քաղաքական, դիվանագիտական գործունեության հիմք են տալիս, կամ հիմնավորում, օրինակՙ բնիկ ժողովուրդների պայքարը սեփական իրավունքները պաշտպանելու համար:

Իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մասնավորաբար ասում է. «Յուրաքանչյուր ոք ունի լսելի լինելու եւ իր համայնքի համար կարեւոր որոշումների ձեւավորմանը մասնակցելու իրավունք, ինչն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ լիովին ներառված է միջազգային իրավունքում:

Անցած տարում մենք անհավատալի առաջընթաց արձանագրեցինք ներառման գործընթացներում: Այդուհանդերձ դեռեւս չափազանց մեծ թվով մարդիկ բախվում են չափազանց մեծ թվով խոչընդոտների: Կանայք քվեարկելու իրավունք ունեն գրեթե ամենուր, սակայն շարունակում են մեծապես թերներկայացված լինել խորհրդարաններում եւ խաղաղության հաստատման գործընթացներում, կառավարման բարձր պաշտոններում եւ որոշում կայացնող այլ պաշտոններում: Բնիկ ժողովուրդները հաճախ բախվում են խտրականության, ինչը նրանց զրկում է իրենց երաշխավորված իրավունքներից լիարժեքորեն օգտվելու հնարավորություններից կամ թույլ չի տալիս հաշվի առնել նրանց իրավիճակը:

Ավելի ընդհանուրՙ աշխարհի տարբեր մասերում մենք ականատես ենք եղել ժողովրդավարական կառավարման հարցում ձեռքբերումներին սպառնացող տագնապալի վտանգների: Որոշ երկրներում քաղաքացիական հասարակության խմբերը ենթարկվում են աճող ճնշումների եւ սահմանափակումների: Առաջ են քաշվել օրենքներ, որոնց թիրախում են հատկապես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, եւ որոնց կենսագործման արդյունքում գրեթե անհնարին է լինում այդ կազմակերպությունների գործունեությունը: Ժողովրդավարության առաջամարտիկները բախվել են նոր մարտահրավերների: Մեզ բոլորիս պետք է անհանգստացնի նմանօրինակ նահանջը: Նույնիսկ այս առումով հաջողված փորձ ունեցող հասարակություններում բարելավման տեղ կա: Աշխարհում ոչ մի երկիր հաջողության չի հասել այն հարցում, որ ապահովի իր բնակիչների լիարժեք մասնակցության հնարավորությունը հանրային կառավարման հարցերում, այդ թվում` պետական պաշտոնում ընտրվելու իրավունքը եւ պետական ծառայությունների հավասար հասանելիությունը...», մասնավորաբար ասել է Բան Կի Մունը եւ ընդգծել. «Անկախ այն բանից, թե ով ես կամ որտեղ ես ապրում, քո ձայնը կարեւոր է: Այս օրը եկեք միավորվենք` պաշտպանելու քո ձայնը լսելի դարձնելու քո իրավունքը»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4