«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2012-12-08 | #221, 2012-12-11 | #222, 2012-12-12


ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ

ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Լոս Անջելես

Հարավային Կալիֆոռնիայի հայ համայնքը հյուրընկալեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը կայացավ Հայ առաքելական եկեղեցու արեւմտյան թեմի առաջնորդարանում:

Վարչապետին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին հայաստանյան իրականության ամենատարբեր` կրթական, սպորտի, տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքականության խնդիրներին, եւ ընդամենը 1 ժամվա ընթացքում վարչապետը հասցրեց հպանցիկ անդրադառնալ դրանց: Արտագաղթի տեմպերի ու կանխման հավանականության վերաբերյալ «Ազգ»-ի հարցին վարչապետը պատասխանեց, որ անմիջականորեն ազգային անվտանգությանն առնչվող այս խնդիրը կասեցնելու լավագույն ռազմավարությունը կառավարությունը տեսնում է ակտիվ արդյունաբերական քաղաքականության մեջ: Անցած տարի կառավարությունը մշակել է արդյունաբերական քաղաքականության ծրագիր: Պետությունն առաջին անգամ հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում ոչ միայն բիզնես միջավայրի, այլեւ արդյունաբերության զարգացման համար: Տնտեսության մասնավոր հատվածի հետ 11 ճյուղերում պիտի իրականացվեն ծրագրեր, որոնք ժամանակակից աշխատատեղեր են ստեղծելու: Վարչապետը հիշեցրեց, որ 1990-97 թթ. տնտեսական փլուզումների տարիներին 1 մլն-ից ավելի մարդ արտագաղթեց Հայաստանից, եւ հետագայում, երբ տնտեսությունը մի քիչ ուշքի եկավ, արտագաղթի ծավալները զգալի կրճատվեցին: Այնպես որ, հույս կա, որ ուղղորդված արդյունաբերական ռազմավարությունը կօգնի կրճատել արտագաղթը եւ ստեղծել արժանավայել աշխատավարձով ընտանիքն արժանավայել պահելու հնարավորություն Հայաստանի քաղաքացիների համար: Պաշտոնական տվյալների համաձայնՙ Հայաստանի բնակչության 35 տոկոսը աղքատության շեմից ներքեւ է:

Վարչապետն ուշագրավ տվյալներ ներկայացրեց կրթության, սպորտի ոլորտներից: Շուրջ 300 երիտասարդներ, որոնց մեջ նաեւ սփյուռքահայեր են, ընդունվել են աշխարհի լավագույն համալսարանները, եւ այսօր ֆինանսավորվում են Հայաստանի կառավարության կողմից:

2012 թ. սոցիալ-կրթական ծրագրի համաձայն կրթությունը հասանելի է դարձել նաեւ աղքատ ընտանիքների երիտասարդների համար: Նրանք կարող են անվճար սովորել քոլեջներում եւ պրոֆտեխուսումնարաններում, եւ պարզապես ֆինանսական խնդիրների պատճառով դուրս չմնալ բուհերից:

Եվրոմիության հետ ստորագրվելիք ազատ առեւտրային պայմանագիրը, որի վերաբերյալ բանակցությունները սկսվել են այս տարվա աշնանից, հույս է ներշնչում, որ սննդամթերքի անվտանգության ու մոնիտորինգի վերաբերյալ քաղաքակիրթ առեւտրի կարեւորագույն դրույթները կիրականացվեն նաեւ Հայաստանում: Դրույթներ, որոնք տարիներ թիրախային խնդիրներ են եղել Հայաստանի սպառողների իրավունքները ներկայացնող կազմակերպությունների համար:

Բավական լուրջ ձեռքբերումներ են եղել շախմատի ասպարեզում: Համաշխարհային շախմատային քարտեզի վրա Հայաստանն այսօր ներկայացված է իբրեւ կայսրություն: Հայաստանը աշխարհի առաջին երկիրն է, որտեղ դպրոցներում շախմատ է դասավանդվում:

Տիգրան Սարգսյանը մանրամասն խոսեց նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մեծ ներուժի մասին: Այս բնագավառում արդեն 7 հազար բարձրակարգ մասնագետներ կան, որոնց ծրագրային արտադրանքի 75 տոկոսը արտահանվում է ԱՄՆ եւ Կանադա: Հայ մասնագետների պահանջարկն այս ասպարեզում տարեցտարի ավելանում է: «Այնպես որ, մենք պետք է հասցնենք տարեկան 1000 երիտասարդ գործուղել այդ երկրներն աշխատելու»: Հայաստանի եւ Ափյուռքի բիզնեսների միջեւ համագործակցության հեռանկարը նույնպես վարչապետը տեսնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս ոլորտում վերջին 5 տարիների ընթացքում տարեկան արձանագրվում է 28 տոկոսի աճ, եւ այդ աճը խթանում են մասնավոր ներդրումները, որոնք առաջին հերթին ԱՄՆ-ից են գալիս:

Վերջում, ի պատասխան սփյուռքի քաղաքական գործիչների հարցին, թե ինչպե՞ս է վարչապետը գնահատում կատարված աշխատանքները, Տիգրան Սարգսյանը բացասական պատասխան տվեց` «անբավարար, քանի դեռ Հայաստանի քաղաքացիները շոշափելի արդյունքներ չեն տեսել»:

Լոսանջելեսահայ համայնքի հետ հանդիպումից անմիջապես հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Սան Ֆրանցիսկո` մասնակցելու «ԱրմԹեք 2012» համաժողովին: 2 տարին մեկ անցկացվող այս համաժողովին հայաստանյան ընկերությունների հետ մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ կազմակերպություններ: Ակնկալվում է, որ ասպարեզի ձեռքբերումներն ու հարաբերական առավելությունները մասնակիցներին ներկայացնելուց հետո ներդրողների նոր հոսք կլինի Հայաստան:

Թեղուտի պաշտպանները Լոս Անջելեսում

Վարչապետի հետ հանդիպման ողջ ընթացքում առաջնորդարանի բակում, ձեռքերին պլակատներ ու մարտական տրամադրությամբ, ցույց էին անում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներն իրենց ամերիկաբնակ համախոհների հետ: Եղիա Ներսիսյանը պահանջում էր, որ վարչապետը համայնքի հետ հանդիպման ընթացքում խոսի նաեւ Հայաստանի բնապահպանական աղետների մասին:

Տիգրան Խզմալյանը մասնավորապես ասաց. «Մենք այստեղ ենք, որ վարչապետի հետ եկած օլիգարխներն իրենց ոչ մի տեղ հանգիստ չզգան, եւ մեր ներկայությամբ նրանց հիշեցնենք մեր խնդիրների մասին, հիշեցնենք, որ ոչ մի տեղ չեն կարող փախչել դրանցից, ոչ այստեղ, ոչ այլ մոլորակում»:

Համայնքի հետ հանդիպումից հետո եւ Սան Ֆրանցիսկո մեկնելուց առաջ վարչապետը զրուցեց ցույցի մասնակիցների հետ եւ խոստացավ հենց իրենց հետ համագործակցելով եւ միասնական ուժերով լուծել նրանց մտահոգող խնդիրները: «Կառավարությունը նույնպես աջակցում է ձեր շարժմանը: Ես համոզված եմ, որ այս երկխոսությունն օգտակար է մեր ժողովրդի, պետության համար», - ասաց նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4